

ԷկոԼուր
Շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննություն է անցնում «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի տարածքում թափոնների այրման վառարանի (հրկիզարան) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը:
Վառարանը տեղադրվելու է «Աշտարակ ձու» ընկերության տարածքում՝ ՀՀ Արագածոտնի մարզի (Թալինի ենթաշրջան) Աղձք համայնք 29-րդ փողոց N2 շենք հասցեում: Burn-Mizer 8430 մակնիշի կիզարանը ապահովելու է ժամում 45 կգ թափոնների վնասազերծում: Նախատեսված է, որ կիզարանում այրվելու են թռչունների մարմինները: Աշխատանքային ցիկլի ավարտից հետո մնալու է մոխիր: Վառարանի մեկ լիցքավորման միջին քանակն է 200 կգ: Տարեկան առավելագույն արտադրողականությունը կկազմի՝ 20 տ/տարի: Վառարանն աշխատելու է դիզելային վառելիքով, տարեկան իրականացնելու է առավելագույնը 104 լիցքավորում, մեկ լիցքավորման միջին ծախսը կազմում է 20 լ, տարեկան միջին ծախսը կազմում է 2080 լ կամ 1.664տ/տարի: Թափոնների այրման վառարանը կահավորված է D=0.17մ և H=3մ ծխատարով:
Հաշվետվության համաձայն՝ «Աշտարակ Ձու» ՍՊԸ-ի արտադրական տարածքը գտնվում է Աղձք և Ոսկեհատ համայնքների սահմանագծին և փաստացի ավելի մոտ է գտնվում Ոսկեհատ համայնքի բնակելի տարածքներին: Նախատեսվող կիզարանի տեղադիրքի հեռավորությունը Ոսկեհատ համայնքի մոտակա բնակելի տներից կազմում է 330մ: Արտադրական տարածքի հարևանությամբ պատմամշակույթային հուշարձաններ և ջրային ռեսուրսներ չկան:
Ըստ հաշվետվության՝ նոր հանգույցի աշխատանքը՝ որևէ էական և բացասական ազդեցություն չի գործելու շրջակա միջավայրի վրա, քանի որ նշված տարածքում մարդու երկարատև ազդեցության հետ կապված բացակայում են կենդանատեսակները և բուսատեսակները, իսկ կիզարանի ծխատար խողովակից դուրս եկող գազերի գետնամերձ կոնցենտրացիաները գտնվելու են նորմայի սահմաններում։
Ապրիլ 06, 2020 at 20:13