

Արարատի մարզում գործող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան իր ցիանային պոչամբարով ու Արարատի ցեմենտի գործարանը բացասական ազդեցություն են գործում շրջակա միջավայրի վրա:
«Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ցիանային պոչամբարը տեղակայված է Արարատ գյուղի վարչական սահմաններում: Սակայն այս գյուղը պաշտոնապես ազդակիր բնակավայր չի համարվում: Մինչդեռ ըստ «Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» գիտական աշխատության՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերը պատկանում են ամենավտանգավորների դասին, քանի որ տեխնոլոգիական գործընթացում ցիանիդ են օգտագործում: Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ազդակիր համայնք է համարվում միայն Արարատ քաղաքը, որտեղ գտնվում է ֆաբրիկան: Ազդակիր չեն համարվում նաև պոչամբարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուրենավան, Երասխավան, Արմաշ և Ավշար գյուղերը:
Արարատի ցեմենտի գործարանը գտնվում է Արարատ քաղաքում, սակայն գործարանի արտանետումների ազդեցությունը կրում է ոչ միայն Արարատ քաղաքը, այլև հարակից տարածքները:
«Ցեմենտի փոշին շնչում ենք, պտուղների հետ ուտում: Անասուններին արածեցնում են մի տարածքում, որ պոչամբարից 2 կմ հեռավորության վրա է: Խոտն ուտում են, փոշին՝ հետը: Իմ իմացած մահվան դեպքերի 60%-ը քաղցկեղից է: Ասում են՝ դիմակ դրեք քովիդի դեմ, մենք ի՞նչ դնենք, որ պաշտպանվենք ցեմենտից ու ցիանիդից»,- իր մտահոգությունը հայտնեց «Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, Արմաշի բնակիչ Տիգրան Մաթևոսյանը: Նա նշեց, որ բնապահպանական ռիսկերը մեղմելու համար «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերությունն առնվազն 30 հա անտառապատում պետք է իրականացներ, սակայն ոչինչ չի արվել:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի համաձայն՝ Արարատի ոսկու կորզման գործարանում արտադրության ժամանակ մթնոլորտ են արտանետվում վնասակար նյութեր, այդ թվում՝ ծծմբի անհիդրիդ, ջրածնի ցիանիդ, ածխածնի ու ազոտի օքսիդներ, քլորի գոլորշիներ, ածխածնի ու հանքաքարի փոշիներ: Փոշու հետ այդ վնասակար նյութերը նստում են տարածքի լճերի ու ջրային օբյեկտների վրա, այնուհետ ջրի հետ տարածվում ու սննդային շղթայով ներթափանցում մարդու օրգանիզմ:
Ըստ Տիգրան Մաթևոսյանի՝ վտանգավոր ազցեդության տակ գտնվում է Կախանովի ջրատարը, որը որպես ոռոգման ջուր է ծառայում Սուրենավան, Արմաշ, Երասխավան և Պարույր Սևակ գյուղերի համար: Իր հերթին Ինգա Զարաֆյանը նշեց. «Դանդաղ, բայց առանց ընդմիջման այդ վտանգավոր միացությունները ջրի հոսքի միջոցով ներթափանցում են ստորգետնյա ջրեր և աղտոտում հողը: Այդ ցիկլից անհնար է փախչել»:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանն էլ անդրադարձավ օրենսդրական բացերին: «Ճիշտ է «Մթնոլորտի պահպանության մասին» օրենքում նշված է, որ պոչամբարները և թունավոր թափոնները չեն կարող տեղադրվել բնակավայրերի տարածքում: Բայց գրված չէ՝ ինչ տարածության վրա: Կարող է վարչական տարածքում չգտնվի, բայց գտնվի 10 մետրի վրա: Սանիտարական գոտիների մասին ընդհանրապես գրված չէ: Նույնը գրված է, որ ջրային ռեսուրսների մոտ չի կարող լինել, բայց չի կիրառվում, որովհետև հստակություն չկա: Կարծում եմ, որ օրենսդրությունը պետք է այն ուղղությամբ զարգանա, որ հստակ նշված լինի, թե բնակավայրից որքան կմ-ի վրա լինի բուֆերային գոտին»,- ասաց նա: Մատնացույց անելով պոչամբարի հարևանությամբ ֆերմայի, ինչպես նաև՝ պոչամբարի պատվարից 10 մ հեռավորության վրա ձմերուկի դաշտերի ու սեփականաշնորհված հողերի առկայությունը՝ Նազելի Վարդանյանը նշեց, որ այստեղից շուկա տարվող գյուղմթերքը առանց որևէ խնդրի վաճառվում է:
Ձմերուկի դաշտն ու պոչամբարի պատվարը
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ նշեց. «Պետք է իրականացնել հետազոտություն՝ պարզելու այս տարածաշրջանում առկա վնասները, ռիսկերը կամ վնասների հետևանքները»:
Նշենք, որ ներկայում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան մշակում է տարեկան 1 միլիոն տ հանքաքար: Սակայն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն նախատեսում է բարձրացնել ֆաբրիկայի արտադրողականությունը: Նոր նախագծով նախատեսվում է ֆաբրիկայի որոշ տեղամասերի վերակառուցման հաշվին արտադրողականությունը հասցնել մինչև 1.750 մլն. տոննայի: Այդ նպատակով 2021թ. սեպտեմբերի 3-ին Արարատ գյուղում տեղի են ունեցել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականության բարձրացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:
Նոյեմբեր 09, 2021 at 13:26