

Մարտի 23-ը Օդերևութաբանության համաշխարհային օրն է: 2004թ. սկսած Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես Օդերևութաբանի օր:
Յուրաքանչյուր տարի ընտրվում է հատուկ կարգախոս, որն արտահայտում է տվյալ ժամանակահատվածում ոլորտում առկա որևէ արդիական թեմա: 2022թ. օդերևութաբանի օրվա կարգախոսն է՝ «Վաղ նախազգուշացում, վաղ գործողություններ», որով ընդգծվում է օդերևութաբանական և հիդրոլոգիական տեղեկատվության կարևորությունը աղետների ռիսկի նվազեցման գործում:
Օդերևութաբանական մի շարք երևույթներ բացասաբար են անդրադառնում կլիմայի փոփոխության վրա: Կլիմայական ճգնաժամի հետևանքով Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի կորուստ է ունեցել: ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքի համաձայն՝ այդ կորուստների պատճառն են դարձել ջրհեղեղները, երկրաշարժերը, երաշտը, կարկուտը, գարնանային ցրտերը և սելավները:
«Ուժեղ ցնցումները հսկայական մարտահրավերներ են ստեղծում ազգային զարգացման համար և բացասական ազդեցություն են թողնում մարդկանց, իրենց ապրուստի և տնտեսության վրա: Կլիմայի վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2100 թվականը հանրապետությունում ջերմաստիճանը կարող է բարձրանալ 4,7° C- ով ՝ զուգորդվելով միջին տարեկան տեղումների 8,3% նվազման հետ, որը կազդի բնական համակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և պարենային ապահովության, առողջության, ենթակառուցվածքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մարտ 23, 2022 at 18:39