Սոցիալ-տնտեսական ու էկոլոգիական վիճակը Վարդենիսում. Ի՞նչ խնդիրներ կան

Սոցիալ-տնտեսական ու էկոլոգիական վիճակը Վարդենիսում. Ի՞նչ խնդիրներ կան

2020թ. հայ-ադրբեջանական պատերազմն իր բացասական­ հետքն է թողել Գեղարքունիքի մարզի՝ 2021թ. դեկտեմբերից արդեն խոշորացված Վարդենիս համայնքի զարգացման վրա: Համայնքի մի շարք բնակավայրեր կարճ ժամանակահատվածում դարձան սահմանամերձ, ինչը խնդիրներ ստեղծեց հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղացիների համար: Մարդկանց համար անվտանգ չէ ադրբեջանական զինուժի նշանառության տակ գտնվող խոտհարքները մշակելը կամ արոտավայրերում անասուններին արածեցնելը: Հանքարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտումն ու արևային էներգետիկայի սրընթաց զարգացումը Վարդենիսի սոցիալ-տնտեսական կյանքում իրենց խնդիրներն են ստեղծում:

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում 2022թ. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում բնակիչների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեց գործիք-ձևաչափը, որի միջոցով կարելի է գնահատել համայնքի սոցիալ-էկոլոգիական վիճակը:

Գործիք-ձևաչափի առաջին մասում ներկայացված է Վարդենիս խոշորացված համայնքի սոցիալական և էկոլոգիական վիճակի նկարագրությունը, որին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ-ՁԵՎԱՉԱՓ»-ի առաջին մաս:

Սոցիալ-տնտեսական վիճակը Վարդենիսում

Վարդենիս խոշորացված համայնքի բնակչության ընդհանուր թիվն ըստ նրա կազմում ներառված նախկին համայնքների 2018թ. անձնագրերի՝ կազմում է 40 հազար 717 մարդ, նպաստառու ընտանիքները 2379-ն են: Դաշտավարությունից ու անասնապահությունից բացի տեղի բնակիչներn աշխատանքի ընտրության շատ նեղ շրջանակ ունեն՝ մի մասն աշխատում է ՏԻՄ-ում, մի մասը՝ մասնավոր ընկերություններում, բնակիչների որոշ մասն էլ Սոթքի ոսկու հանքավայրում։

 

Գործազրկությունը և արտագնա աշխատանքի մեկնողների մեծ քանակը, երաշտների և կարկտահարության հետևանքով գյուղացիների եկամուտների նվազումը, որոշ բնակավայրերում ոռոգման և խմելու ջրի պակասը (խմբ.՝ Մեծ Մասրիկ համայնքի հողերի 80%-ն անջրդի է), գյուղատնտեսական ապրանքների մեծածախ շուկաների բացակայությունը Վարդենիսի զարգացման հիմնական խոչընդոտներն են: Մյուս կողմից համայնքը չի գործադրում բավարար ջանքեր համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող՝ փոքր հիդրոէլեկտրակայաններ, ոչ մետաղական հանքավայրեր, նախատեսվող արևային էներգիայի կայաններ շահագործող ընկերությունների ֆինանսական միջոցներից օգտվելու համար։              

Վարդենիսում գործող մետաղական և ոչ մետաղական ընկերությունները

Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, իսկ արդյունահանված հանքաքարից Արարատի մարզում գտնվող ոսկու կորզման գործարանում արտադրվում են արծաթ և ոսկի պարունակող Դորե ձուլակտորներ։

 

Ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունները 6-ն են՝ «Գեգամետ պլյուս»  ՓԲԸ, «Կապավոր» ՍՊԸ, «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲԸ, «Վարդենիսի տորֆ» ԲԲԸ, «Գեգամետ պլյուս» ՓԲԸ, «Վարդենիսի քարհանք վարչություն» ԲԲԸ: Այս ընկերությունները զբաղվում են տուֆի, տորֆի, ապարների կամ պեմզայի արդյունահանմամբ:

Վերականգնվող էներգետիկան Վարդենիս համայնքում

Վարդենիս համայնքում զարգացած է փոքր հիդրոէներգետիկայի ոլորտը: Գործում են չորս փոքր հիդրոէլեկտրակայաններ: «Դարանակ» փոքր ՀԷԿ-ը շահագործում է «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ն, որն օգտագործում է Դարանակ գետի ջուրը: «Լուսակունք» ՍՊԸ-ն Մասրիկ գետի Այրք վտակի վրա երկու փոքր ՀԷԿ ունի՝ «Այրք ՓՀԷԿ-1»-ը և «Այրք ՓՀԷԿ-2»-ը: Մյուսը «Ծովակ» ՓՀԷԿ-ն է, որը շահագործում է «Արմարսոն-էներջի» ՍՊԸ-ն՝ օգտագործելով Լճավանի աղբյուրներից սնվող ոռոգման համակարգի ջուրը:

«Դարանակ» փոքր ՀԷԿ

Մյուս կողմից համայնքում ակտիվորեն զարգանում է արևային էներգետիկայի ոլորտը: Ըստ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների՝ 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Վարդենիս համայնքի վարչական տարածքում կառուցվող արևային կայանները երկուսն են՝ «Մասրիկ-1» և «Մասրիկ»: Առաջինի կառուցման լիցենզիան ստացել է «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ն: Կայանը կունենա 55 ՄՎտ հզորություն, տարեկան արտադրանքը կկազմի 147,45 մլն կվտ/ժամ: Արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման ֆինանսավորումը վերջերս ավարտվել է։ Իսպանական «Fotowatio Renewable Ventures» ընկերությունը կայանի ծրագրի իրականացման համար աջակցություն է ստանալու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), Եվրամիությունից (ԵՄ) և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ)։ 55 ՄՎտ հզորությամբ կայանի ծրագրի իրականացման համար տրամադրվելու է մինչև 38․4 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Կայանի կառուցման նպատակով 2019թ. մարտի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ օտարվել է 32․6591 հա հողատարածք։

«Մասրիկ» կայանի լիցենզիան պատկանում է «ՄՈԴՈՒԼ-ՍԱՆ» ՍՊԸ-ին: Կայանի հզորությունը կլինի 3 000 կվտ, տարեկան արտադրանքը՝ 5,52 մլն կվտ/ժամ:

Շրջակա միջավայրի աղտոտումը Վարդենիսում

Անդրադառանալով համայնքում մեծ արևային կայանների կառուցմանը՝ հարկ է նշել, որ արևային վահանակներն ունեն շահագործման որոշակի ժամկետ, որը կարող է տատանվել 15-20 տարիների սահմանում: Դրանից հետո այդ վահանակները դառնում են թափոններ՝ շրջակա միջավայրի համար լուրջ ռիսկեր ներկայացնելով: Մասնավորապես՝ վահանակները պարունակում են վնասակար միացություններ, ցինկ, ստրոնցիումի տարրեր, կիսահաղորդիչներ։ Մինչդեռ Հայաստանում դրանց վերականգնման կամ օգտահանման որևէ գործարան կամ կազմակերպություն առկա չէ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ «ԷկոԼուրի» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ-ում առկա չէ նորմատիվային բազա, որը կկարգավորի շահագործումից հանված արևային ֆոտովոլտային վահանակների օգտահանման, չեզոքացման, պահման և վնասազերծման հարցերը:

Համայնքի մյուս աղտոտիչը հանքարդյունաբերական ձեռնարկություններն են: Վարդենիս Համայնքի Սոթք բնակավայրից շուրջ 2 կմ հեռավորության վրա է գտնվում ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտ (պոչամբար), որն առաջացել է 1955-1957թթ-ին Սոթքի ոսկու հանքավայրից արդյունահանված հանքաքարի տեխնոլոգիական հարստացման արդյունքում: Այստեղ էր գտնվում Սոթքի փորձարարական հարստացման արտադրամասը: 2019թ․ Շրջակա միջավայրի նախարարության կողմից պոչամբարի թափոնների և հողի հետազոտությունը ցույց է տվել, որ այնտեղ կուտակված են՝ Al, Si, S, Cl, K,Ca, Ti, V, Cr. Mn,Fe, Co, Ni, Cu, Zn, As, Rb, Sr, Y, Sb, W, Pb, Th էլեմենտներ և դրանց միացություններ: Ներկայում պոչամբարը տիրազուրկ է:

Համայնքի մթնոլորտային օդի որակը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում համայնքի փոշու արտանետումների վերաբերյալ տվյալները բացակայում են։ Նույն աղբյուրը նշում է, որ «արտանետումների անշարժ աղբյուրների 2019 թվականի տվյալների համաձայն` փոշու արտանետումները բարձր են Գեղարքունիքի մարզում, որտեղ մոնիթորինգի դիտակայանների բացակայության պատճառով մթնոլորտում փոշու պարունակությունը չի որոշվում» միաժամանակ նշելով, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սոթքի հանքը Գեղարքունիքի մարզի մթնոլորտային օդ փոշու խոշոր արտանետման աղբյուրն է: Փոշու արտանետումների աղբյուր են նաև ոչ մետաղական հանքավայրերը:

Համայնքի տարածքով հոսող գետերի աղտոտվածության մակարդակը

Մասրիկ գետի ջրի որակը Վերին Շորժա գյուղից վերև հատվածում գնահատվել է «լավ» (2-րդ դաս), գետաբերանի հատվածում` «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված վանադիումով և ծարիրով: Սոթք գետի ջրի որակը Սոթք գյուղից վերև հատվածում գնահատվել է «լավ» (2-րդ դաս), գետաբերանի հատվածում` «միջակ» (3-րդ դաս)՝ պայմանավորված նիտրատ իոնով, ալյումինով, վանադիումով, բարիումով և ծարիրով: Հանքարդյունաբերության գործունեության հետևանքով աղտոտված է նաև Սոթք գետը: 

Գեղարքունիք, Մասրիկ և Սոթք գետերի հատակային նստվածքը պարունակում է ծանր մետաղների մի ամբողջ փունջ, որի պրոֆիլն ամբողջովին արտացոլում է Սոթքի ոսկու հանքավայրում այդ մետաղների պարունակությունը:

 

Հողերի աղտոտվածության մակարդակը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում նախկին Գեղամասար համայնքի հողերի աղտոտվածության վերաբերյալ տվյալները բացակայում են։ Բացի բուն հանքավայրից Սոթք գյուղից 1047 հա հող ևս տրվել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը Սոթքի հանքավայրի շահագործման ծրագրի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս տարածքն օգտագործվում է նաև դատարկ ապարների և լցակույտերի տեղադրման համար, ինչը, բնականաբար, հանգեցնում է հողերի աղտոտման: «Մերձսևանյան օֆիոլիտային գոտու ապարների և հողի էկոերկրաքիմիական վիճակը» գիտական հոդվածը (Գեւորգյան Ռ. Գ., Մինասյան Գ.Ա., Գեւորգյան Մ. Ռ., «Вестник Отделения наук о Земле РАН» գիտատեղեկատվական ամսագիր, համար 27, 2009թ.) ամբողջությամբ հաստատում է այն փաստը, որ Սոթքի հանքավայրի շրջանում հողն աղտոտված է ծանր և տոքսիկ մետաղներով: «Սոթքի հանքավայրի բոլոր երեք հատվածներում աղտոտիչ տարրերի սպեկտրն ընդհանուր առմամբ նույնական է: Միևնույն ժամանակ, ՍԹԿ-ն գերազանցող տարրերն են` Cr, Ni, Pb, Cu, Zn: Հողերի աղտոտման գումարային ցուցանիշի համաձայն` բոլոր երեք տարածքները պատկանում են խիստ աղտոտվածների կատեգորիային», - գրում են հեղինակները: Հայտնաբերված հիմնական աղտոտիչները` քրոմը, նիկելը, կապարը, պղինձը և ցինկը, տարրեր են, որոնք ունեն մուտագեն և օնկոգեն ազդեցություն, այսինքն` ունակ են առաջացնել հրեշածնություն և չարորակ հիվանդություններ:

Մետաղական և ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների՝ Վարդենիս համայնքի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, իր ընդերքօգտագործման պայմանագրով Սոթք բնակավայրի նկատմամբ ստանձնած սոցիալ-տնտեսական օժանդակության համաձայն, պարտավորվել է յուրաքանչյուր 5 տարին մեկ զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի համար տրամադրել 5 մլն դրամ, Սոթքի տարածքում գտնվող 5 աղբյուրների կապտաժների վերանորոգման համար 4 մլն դրամ, ջրամատակարարման և գազամատակարարման աշխատանքների համար՝ 1,5-ական մլն դրամ: Այս ամենից զատ ընկերությունը պարտավորվել է գյուղատնտեսական աշխատանքների համար հատկացնել տեխնիկա և վառելիք, գյուղամիջյան, միջհամայնքային նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար էլ՝ խիճ և տեխնիկա: Մյուս կողմից՝ ֆինանսավորել բնակավայրի 2-3 երիտասարդների ուսման վճարը՝ 1,2 մլն դրամի սահմաններում:

ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 2019թ. հաշվետվության համաձայն՝ 2019թ. «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի միասնական հաշվից և գանձապետական այլ հաշիվներից մարված, ինչպես նաև մաքսային մարմնում վճարված ռոյալթիի մեծությունը կազմել է 7 546 538 896 դրամ։ Բնօգտագործման հարկը կազմել է 3 241 907  դրամ, բնապահպանական հարկը՝ 209 510 դրամ։ Ընկերությունը Գեղամասարի համայնքապետարանին մուծել է 270 000 դրամ գույքահարկ, 60 000 դրամ հողի հարկ, հողամասի վարձակալության դիմաց վճարել է 68 մլն դրամ։

Հանքարդյունահանման պայմանագրում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորությունների համար Գեղամասարի համայնքապետարանին է փոխանցվել 4․8 մլն դրամ գումար, որից՝ 1 600 000 դրամը՝ Սոթք համայնքի տարածքում գտնվող 5 աղբյուրների կապտաժների վերանորոգման համար, 600 000 դրամը՝ Սոթքի համայնքի ջրամատակարման ցանցի վերանորոգման համար, ևս 600 000 դրամ՝ Սոթքի համայնքի գազամատակարումն իրականացնելու համար և 2 000 000 դրամ՝ Սոթքի համայնքում այլ անհրաժեշտ սոցիալ-տնտեսական ծրագրերի համար։ Ընկերությունը Սոթք բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար հատկացրել է 2 360 000 դրամ։ Մասրիկ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման համար ցուցաբերվել է 1,5 մլն դրամ գումարի դրամական օժանդակություն։ Վարդենիսի թիվ 4 միջն. դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման համար կատարել է 500 000 դրամի ոչ ֆինանսական աջակցություն, Մասրիկի դպրոցին էլ նվիրել 666 667 դրամական արժեքով աթոռներ:

Համահայկական 7-րդ ամառային խաղերին Վարդենիսի քաղաքային համայնքի մասնակցությունն ապահովելու համար Գեղամասարի համայնքապետարանին նվիրաբերել է 1 000 000 դրամի նվիրատվություն։

Համայնքի տարածքում ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների մեծ մասն իրենց ընդերքօգտագործման պայմանագրերում Վարդենիս համայնքի նկատմամբ սոցիալ-տնտեսական աջակցության դրույթներ չեն ներառել։ Բացառություն են «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն և «Վարդենիսի  քարհանք վարչություն» ԲԲԸ-ն: Առաջինը պարտավորվել է համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին ամեն տարի աջակցել 300 հազ. դրամով, մանկապարտեզի կարիքների համար հատկացնել տարեկան 150 հազ․ դրամ, տրամադրել գրենական պիտույքներ՝ 100 հազ. դրամի սահմաններում, համայնքային նշանակության ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների համար աջակցել տեխնիկայի տրամադրման տեսքով: «Վարդենիսի  քարհանք վարչություն» ԲԲԸ-ի ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված է համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն, այդ թվում՝ համայնքի տրամադրության տակ գտնվող տեխնիկայի վերանորոգման աշխատանքներին մասնակցություն, սոցիալապես անապահով ընտանիքներին դեղորայքի տրամադրում՝ վճարելով համայնքի բյուջե տարեկան 150 հազ․ դրամ գումար։

Թե՛ «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ի, և թե՛ «Վարդենիսի  քարհանք վարչություն» ԲԲԸ-ի ընդերքօգտագործման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել:

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արդյունահանող ճյուղերի նախաձեռնության շրջանակներում տրամադրած հաշվետվության՝ 2016-2019թթ. նախկին խոշորացված Գեղամասար համայնքին չեն տրամադրվել բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիաներ: Ինչը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ համայնքապետարանը չի ներկայացրել համապատասխան ծրագիր։ Իսկ համայնքի տարածքում գործող ոչ-մետաղական հանքավայրերն ընդգրկված չեն եղել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընկերությունների ցանկում։

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Մարտ 25, 2022 at 17:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր