Երևանի քաղաքապետարանը ցանկանում է կանաչապատել Երևանի այլևս չշահագործվող՝ լքված հանքերը: Դրանք 11-ն են:
Հուլիսի սկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերել Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու ծրագրի շուրջ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար չի համարում հանքերի կանաչապատումը, քանի որ հանքերում կան չմարված պաշարներ:
«ՏԿԵՆ-ից գրություն ենք ստացել, որ թեև դրանք չեն գործում, սակայն այնտեղ կան հանքի պաշարներ, և նպատակահարմար չէ դրանց ռեկուլտիվացման աշխատանքների իրականացումը։ Մենք ուսումնասիրել ենք բոլոր 11 հանքավայրերը: Այս պահին ամենից նպատակահարմարը միայն Գաջի գործարանի հարևանությամբ գտնվող տարածքների կանաչապատումն է, որոնք գտնվում են բավական մոտ բնակելի շենքերին։ Եթե քննարկվի, որ այդտեղ հանքօգտագործման թույլտվություն տրամադրվի, դա նպատակահարմար չի համարվի հետագայում։ Պետք է այստեղ ճշգրտում անենք՝ ինչ հողօգտագործման իրավունքներ կան, որից հետո կարող ենք հստակ սահմանազատել»,- նշեց Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը 2022թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց Բնապահպանության վարչությանը տվյալ հարցը քննարկել Անշարժ գույքի վարչության հետ և հաջորդ շաբաթ զեկուցել այդ մասին։
Երևանում մթնոլորտային օդի աղտոտվածությունը փոշով վերջին 5 տարիների ընթացքում ավելացել է: Փոշու աղբյուր են ոչ մի միայն շինարարական հրապարակները, շինարարական աղբը, դեգրադացված հողերը, այլև Երևանում շահագործվող ոչ մետաղական բաց հանքերն ու լքված հանքերը: Եթե շահագործվող հանքերի կամ շինարարության դեպքում կան պատասխանատուներ փոշու արտանետումների կանխման կամ նվազեցման միջոցառումների համար, ապա լքված հանքերի դեպքում որևէ մեկը պատասխանատու չէ: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի պատասխանատու մարմինները միջոցառումներ ձեռնարկեն հանքերի լքված տեղամասերի վերականգնման համար, ինչը զգալիորեն կնվազեցնի փոշու արտանետումները մթնոլորտ:
Լուսանկարում՝ Երևանի Գաջի գործարանը
Օգոստոս 01, 2022 at 17:28