Երևանը՝ էկոլոգիական թեժ կետ. սակավ կանաչ տարածքներ, աղտոտված մթնոլորտային օդ

Երևանը՝ էկոլոգիական թեժ կետ. սակավ կանաչ տարածքներ, աղտոտված մթնոլորտային օդ

Երևանը տարիներ շարունակ չի կարողանում ավելացնել կանաչ տարածքները, որպեսզի հասնի Երևանի գլխավոր հատակագծով սահմանված նպատակին՝ մեկ բնակչին բաժին ընկնող կանաչապատ տարածքը հասցնի 17 քմ-ի: Դեռևս չի ստացվում մոտենալ անգամ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից սահմանված նվազագույն՝ կանաչ տարածքի սահմանաչափին՝ յուրաքանչյուր բնակչի համար 9 քմ-ի:  

Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված տվյալները և «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»՝ պարզ է դառնում, որ կանաչ տարածքները 2015թ-ից հետո չեն ավելացել: Երկու աղբյուրում էլ նշված է, որ Երևանի կանաչ տարածքները պաշտոնապես մոտ 6760 հա են  ինչը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է: Սրա մեջ մտնում են հանրային, մասնավոր տարածքները և կանաչ բուսականության բոլոր տեսակի ծածկերը՝ ներառյալ ծաղկաթմբերը և սիզամարգերը: Այս մակերեսից  860 հեկտարը հանրային կանաչ մակերեսն է: Ներկայում ընդհանուր օգտագործման հանրային կանաչ մակերեսը, ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ շուրջ 869 հա է: Տվյալների համեմատությունից ստացվում է, որ հանրային կանաչ տարածքները վերջին 5 տարում ավելացել են ընդամենը 9 հա-ով:

2017թ-ին ընդունված «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» համաձայն՝ մեկ մարդուն բաժին ընկնող կանաչ տարածքը 7,6 քմ է, իսկ քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշվում է շուրջ 8 քմ:

 

 

 

Կանաչ տարածքների փոփոխության դինամիկան Երևանում

1990թ. Երևանում մեկ շնչին բաժին է հասել 8,47 քմ կանաչ տարածք: «1990թ-ին Երևանի տարածքից մոտավորապես 1,930 հա (8,6%) ծածկված էր ծառերով: Ճգնաժամի տարիներին (1991-1995թթ.) մոտավորապես 470 հա (2,1%) մակերեսի ծառերը հատվեցին որպես վառելիք: 1995-2000թթ. շինարարական աշխատանքների հետևանքով ոչնչացվեց ևս 700 հա (3,1%) ծառապատ տարածք: Այսպիսով, 2000-ական թվականների սկզբին քաղաքում մնացել էր ընդամենը 760 հա (3,4%) անտառ: Այն ժամանակվանից վիճակը կայունացել է, սակայն քաղաքաշինության ընթացքում դեռևս ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ապօրինի ծառահատումներ»,- նշված է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում»:

Օրերս Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ քննարկում Երևանում բարեկարգումների և կանաչ ֆոնդի պահպանության հարցերի վերաբերյալ: Երևանի քաղաքապետարանի մասնագետները նշեցին, որ մայրաքաղաքում 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը չի հասնում 8 քմ-ի: 

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանն ասաց, որ ամբողջ մայրաքաղաքում մեկ մարդուն բաժին է հասնում 7,5 քմ կանաչ տարածք, իսկ Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին՝ ընդամենը 3 քմ: Նշենք, որ հենց Կենտրոն վարչական շրջանում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն արձանագրում փոշով և ազոտի երկօքսիդով մթնոլորտային օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ:

«Փոշին և մասնավորապես մասնիկավոր նյութերը սերտորեն կապված են քաղցկեղի, հատկապես թոքերի քաղցկեղի թվերի աճի հետ: Օդում առկա մասնիկավոր նյութերը ունակ են թափանցելու արյան և շրջանառության համակարգ և առաջացնելու ԴՆԹ-ի մուտացիաներ, որոնք ունենում են տարբեր հետևանքներ առողջության համար»,- նշված է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում»:

«Միջազգային նորմաներով մեկ քաղաքացուն պետք է հասնի 40-50 քմ կանաչ տարածք: Նախկինում Երևանում մեկ բնակչին հասնում էր 16-18 քմ կանաչ տարածք»,- ասաց Արծվի Գրիգորյանը և հավելեց, որ դա քաղաքաշինության սխալն է, մինչդեռ կանաչապատումն ու քաղաքաշինությունը պետք է միմյանց հետ ներդաշնակ զարգանան:

Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը նշեց, որ մայրաքաղաքում բարեկարգումները կատարվում են ծառերի հաշվին՝ առանց հաշվի առնելու նորմերը: «Ստանդարտներ պետք է լինեն մայթեզրի բարեկարգման համար, պետք է նորմերով առաջնորդվել»,- նշեց նա: Արծվի Գրիգորյանն արձագանքեց, որ բազմաթիվ անգամ դիմել են պատկան մարմիններին բարեկարգման շինաշխատանքներ կատարելուց առաջ իրենց դիմելու պահանջով: «Ցավոք սրտի, անելուց հետո ենք մենք իմանում»,-ասաց նա: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Հասմիկ Խուրշուդյանն էլ ասաց. «Մշակելու ենք նախագիծ, որում կներակայացվի, թե յուրաքանչյուր ծառատեսակի շուրջ որքան պետք է լինի սալիկների տարածքը, նշագծվի ծառի սնման մակերեսը: Դիմելու ենք պատկման մարմիններին, որ ասֆալտի ու սալիկապատման հետ կապված ցանկացած աշխատանք անպայման մեր մասնագետի ներկայությամբ կատարվի: Հավանաբար, գարնանը կմտնի ուժի մեջ»: 

Արծվի Գրիգորյանի համաձայն՝ Երևան քաղաքի կանաչ տնկարկները երիտասարդացման, դենդրոֆոնդի փոխարինման կարիք ունեն: «Ծառեր կան, որ շատ ծերացած են. 100 և ավելի տարեկան են: Քաղաքային պայմաններում օդի աղտոտվածության հետ կապված նրանց կյանքն ավելի կարճանում է: Աստիճանաբար նախատեսում ենք առանձին փողոցներով հատկապես մանրատերև թեղիները փոխարինել ավելի գեղազարդ ծառատեսակներով: Հացենին, թխկին, թեղին հանելու ենք: Երևանում 60% դրանք են: Ծառերը փոխարինելու համար 200 միլիոն դրամի սահմաներում գնումներ ենք հայտարարել: Շատ դեպքերում ներկայացնում ենք ծառատեսակները, բայց մատակարարները բերում են բնութագրին անհամապատասխան տնկիներ: Եթե չենք ստանում, չենք վերցնում, տնկում չենք անում», - ասաց նա: 

Երևանում կարևորագույն խնդիրներից է նաև կանաչ պատնեշի (բուֆերային գոտու) կորուստը մեծածավալ ծառահատումների արդյունքում: Քաղաքը բաց է մնացել քամու և փոշու դիմաց:

Երևանի գլխավոր հատակագիծը նախատեսում էր քաղաքի շուրջը 876 հա կանաչ պատնեշի վերստեղծում համապատասխան միջազգային նորմերին, որոնք մինչև մեկ միլիոն բնակիչ ունեցող քաղաքների շուրջը պահանջում են անտառապատ օղակ 50 կմ շառավղով:

Երևանն այսօր չունի փոշու դեմ պայքարող կանաչ պատնեշ: Տարեցտարի Երևանի մթնոլորտային օդում փոշու և ծխագազերի կոնցենտրացիաների գերազանցումներն ավելանում են:  

Անգամ ՀՀ գլխավոր դատախազությունն այս ամառ հանդես եկավ հաղորդագրությամբ՝ նշելով, որ, մասնավորապես, Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: 

Մթնոլորտային օդի աղտոտվածության մասին պարբերաբար տվյալներ է ներկայացնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Բացի բնական պատնեշի վերստեղծումը Երևանի գլխավոր հատակագծով նախատեսվում էր նաև տնկարկներ ստեղծել, ինչն, ըստ էության, անհնար է, քանի որ  հողամասերն այլևս հասանելի չեն, մյուսներն աղտոտված են կամ էրոզիայի ենթարկված: «Կանաչ տարածքների ստեղծման համար առկա հանրային հողը հարկ է վերագնահատել, իսկ կանաչ տարածքների ստեղծում հասկացությունը՝ վերաձևակերպել: Նման հանգամանքներում այս թիրախի ձեռքբերման գործում պետք է իրենց կարևոր ավանդը բերեն նոր առևտրային (կոմերցիոն) զարգացումները, երբ կառուցապատողները օրենքով պարտավոր են իրենց նախագծերում ունենալ առնվազն 30% կանաչ տարածքներ»,- նշված է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում»: Այս մոտեցումը ևս մեզանում գրեթե չի իրականացվում:

Նոյեմբեր 18, 2022 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր