Դրական եզրակացություն «Արմփաուեր» ՓԲԸ-ին՝ Երևանի ՋԷԿ-ը վերակառուցելու համար

Դրական եզրակացություն «Արմփաուեր» ՓԲԸ-ին՝ Երևանի ՋԷԿ-ը վերակառուցելու համար

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Արմփաուեր» ՓԲԸ-ի՝ Երևանում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտին:

Ջերմաէլեկտրակայանի տարածքը գտնվում է Երևան ՋԷԿ-ի հարակից տարածքում՝ Արցախի փողոց 4-րդ նրբանցք, N 14/1 հասցեում: Ընկերությունը ջերմաէլեկտրակայանը կառուցել է 2020-2021թթ-ին, շահագործման է հանձնել 2021թ-ի դեկտեմբերի 11-ին: Ըստ եզրակացության՝ կայանի շահագործման մի քանի ամիսների ընթացքում բացահայտվել են որոշակի հանգամանքներ, և ընկերության կողմից անհրաժեշտություն է առաջացել իրականացնել վերակառուցման աշխատանքներ և վերանայել արտադրական ցուցանիշները՝ դրվածքային հզորությունը: Վերակառուցումից հետո կայանի միջին տարեկան հզորությունը կազմելու է 254 ՄՎտ:

Փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ էլեկտրակայանի վերակառուցումը չի նախատեսում ջրօգտագործման ծավալների փոփոխություն, այլ ներառում է փաստացի մակարդակի գրանցում և ջրօգտագործման սխեմայի տեխնիկական փոփոխության և սեփական ենթակայանի կառուցման աշխատանքներ, որոնց իրականացումը չի առաջացնում շրջակա միջավայրի վրա հնարավոր փոփոխություններ և լրացուցիչ ազդեցություններ:

Ըստ եզրակացության՝ հանրային քննարկումների ժամանակ հայտն արժանացել է հավանության: Ընկերության կողմից հիմնավորվել է, որ արտադրական հանգույցներում գործնականում հնարավոր չէ օգտագործել Հրազդան գետի ջուր կամ գրունտային ջրեր՝ դրանց բարձր աղտոտվածության պատճառով, և ընկերության ջրամատակարարումն իրականացվում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պայմաններին համապատասխան:

Նշված է, որ Սանիտարական պահպանության գոտիներ նախատեսված չեն, քանի որ մոտակա բնակելի թաղամասը գտնվում է ավելի քան 1600 մետր հեռավորության վրա: Թեպետ, ըստ հայտի, մոտակա բնակելի թաղամասերը՝ Նոր Խարբերդ, Այնթապ, գտնվում են 1.2-1.5 կմ հեռավորության վրա, Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական տարածքների բնակելի շենքերն ավելի քան 2.2 կմ հեռավորության վրա: Պատմաճարտարապետական «Էրեբունի» թանգարանը գտնվում է տեղանքից 4 կմ հեռավորության վրա: ՋԷԿ-ի հեռավորությունը մոտակա ջրային ռեսուրսից՝ Հրազդան գետից, կազմում է 4.5 կմ։

Փորձաքննական պահանջներից է մշտադիտարկման համակարգի միջոցով վերահսկել մթնոլորտ արտանետվող գազերում աղտոտիչների մակարդակները, արտադրական տարածքում իրականացնել կանաչապատման աշխատանքներ, օրենսդրասկան նորմերը:

Նշենք, որ «Արմփաուեր» ՓԲԸ-ն իտալական «Ռենկո» ընկերությունների խմբի անդամ է: Երևանում Նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2018թ-ի նոյեմբերին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ծրագրի արժեքը 250 միլիոն դոլար է, այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլեկտրական էներգիայի արժեքը կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 Կվտ/ժամի համար։

 

Նոյեմբեր 10, 2022 at 11:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր