«Արմփաուեր» ՓԲԸ-ն կվերակառուցի Երևանի նորակառույց ՋԷԿ-ը

«Արմփաուեր» ՓԲԸ-ն կվերակառուցի Երևանի նորակառույց ՋԷԿ-ը

«Ռենկո» ընկերությունների խմբի անդամ «Արմփաուեր» ՓԲԸ-ն մտադիր է վերակառուցել Երևանում 2020-2021թթ-ին կառուցած նոր ջերմաէլեկտրակայանը:

Ընկերության՝ բնապահպանական փորձաքննության ներկայացրած Երևանում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային 2-րդ քննարկումը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում: Ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի՝ նախատեսվող գործունեությունը դասվում է «Ա» կատեգորիայի գործունեության տեսակներին և ենթակա է փորձաքննություն՝ երկու փուլով: Կայանի միջին տարեկան հզորությունը կազմելու է 254 ՄՎտ:

Երևանում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումը իտալական «Ռենկո» ընկերությունը նախաձեռնել էր դեռ 2017թ-ին: Այս ծրագիրը, ըստ այդ ժամանակվա կառավարության, մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգն էլեկտրաէներգիա արտադրող ժամանակակից և արդյունավետ հզորություններով համալրելու առումով: Նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը ստորագրվեց 2018թ-ի նոյեմբերին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ծրագրի արժեքը 250 միլիոն դոլար է, այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլեկտրական էներգիայի արժեքը կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 Կվտ/ժամի համար։

Ջերմաէլեկտրակայանի տարածքը գտնվում է Երևան ՋԷԿ-ի հարակից տարածքում՝ Արցախի փողոց 4-րդ նրբանցք, N 14/1 հասցեում: 2021 թվականին շինարարական աշխատանքների ավարտից հետո ջերմաէլեկտրակայանը գործարկվեց: Ընդամենը մեկ տարի անց ընկերությունը մտադիր է վերակառուցել այն, քանի որ, ըստ հայտի, շահագործման մի քանի ամիսների ընթացքում բացահայտվել են մի շարք հանգամանքներ: Պարզվել է, որ կատարելագործման կարիք ունի հոսքաջրերի սխեման, հստակեցման կարիք ունի էներգաբլոկի հզորության ցուցանիշը, նպատակահարմար է արտադրված էլեկտրական էներգիան միացնել ՀԷՑ-ին սեփական ենթակայանի միջոցով։ Ներկայում «Արմփաուեր» ՓԲԸ-ն նախատեսում է միացումը կատարել սեփական 220 կՎ ենթակայանի միջոցով։

Մոտակա բնակելի թաղամասերը՝ Նոր Խարբերդ, Այնթապ, գտնվում են 1.2-1.5 կմ հեռավորության վրա, Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական տարածքների բնակելի շենքերն ավելի քան 2.2 կմ հեռավորության վրա: Պատմաճարտարապետական «Էրեբունի» թանգարանը գտնվում է տեղանքից 4 կմ հեռավորության վրա: ՋԷԿ-ի հեռավորությունը մոտակա ջրային ռեսուրսից՝ Հրազդան գետից, կազմում է 4.5 կմ։

Ըստ հայտի՝ արտադրական արտահոսք է առաջանում հովացման աշտարակների համակարգի արտափչումից, մակերևութային և շահագործվող սարքավորումներից հոսող յուղոտված ջրերի հոսքից. «Արտադրական գործընթացներում առաջացած արտահոսքի համար նախատեսված էր ավազան, որը իրենից ներկայանում է բետոնյա պատերով և հատակով կուտակիչ ջրավազան: Նախկինում այն իրականացնելու էր նաև պարզարանի դեր, սակայն փորձը ցույց տվեց, ջուրը բավականաչափ մաքուր է և նստեցում չի կատարվում»: Միաժամանակ նշված է, որ վերակառուցման շրջանակներում իրականացվելու է մակերևութային և յուղոտված ջրերի մաքրում։

Ըստ հայտի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մակարդակը իրատեսորեն գնահատելու նպատակով ներկայում իրականացվում են է մթնոլորտային օդի, ջրահոսքերի և աղմուկի մշտական մոնիթորինգ: Բնապահպանական միջոցառումների և մոնիթորինգի ծախսերը կհաշվարկվեն նախագծային փաթեթում և կներկայացվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում։

Մայիս 05, 2022 at 15:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր