

Էկոլուրն ուսումնասիրել է 2024 թվականին ընդունված Երևանի գլխավոր հատակագիծը Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի թիրախներին համահունչության տեսանկյունից։
Ուսումնասիրությունն իրականացվել է «CEE Bankwatch Network» միջազգային կազմակերպության աջակցությամբ՝ «Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Երևանի «Կանաչ քաղաքի գործողությունների» ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման գնահատում» ծրագրի շրջանակում։
Արդյունքները ներկայացվեցին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ, որին մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը, «CEE Bankwatch Network» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը, ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանը և ծրագրերի օգնական Մերի Մինասյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը, «Nouvelles d'Arménie» լրատվական գործակալության լրագրող Օլիվյե Մերլետը, Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Նունե Ավետիսյանը, Էկոլուրի թիմը։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ պետական կառույցների և քաղաքացիական հասարակության երկխոսությունը կաջակցի այն գործողություններին, որոնք կօգնեն ունենալ հարմարավետ և կանաչ քաղաք:
«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ որպես արդյունք երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։
Երևանի գլխավոր հատակագիծը կանխատեսական բնույթի փաստաթուղթ է։ Այն սահմանում է քաղաքի զարգացման ռազմավարությունը հեռանկարով մինչև հաջորդ քաղաքաշինական փաստաթղթի մշակումը՝ հիմնված ժամանակակից վիճակի փաստագրման և պոտենցիալ տնտեսական հնարավորությունների իրական գնահատման վրա։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց «Երևանի նոր գլխավոր հատակագծի համահունչությունը Երևանի «Կանաչ քաղաք գործողություններ» ծրագրի թիրախներին» զեկույցը, որում ուսումնասիրվել են հատակագծում և Երևանի «Կանաչ քաղաք գործողություններ» ծրագրում մթնոլորտային օդի, ջրի, թափոնների, կանաչ տարածքների, էներգետիկայի վերաբերյալ բաժինները:
Մթնոլորտային օդ
«Կանաչ քաղաք» ծրագրի մինչև 2030 թվականի ռազմավարական նպատակն է հասնել նրան, որ աղտոտիչների հիմնական մակարդակները չգերազանցեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և վերջինիս «Օդի որակի ուղեցույցների» կամ «Մաքուր օդ Եվրոպայի համար» ծրագրի պահանջած մակարդակները: Ըստ այդմ, արտանետումների բոլոր առանցքային աղբյուրները պետք է բացահայտվեն և կարգավորվեն: Կստեղծվի օդի որակի մշտադիտարկման և օդի աղտոտման մոդելավորման ինտեգրված համակարգ, ինչպես նաև օդի աղտոտման ինտերակտիվ առցանց քարտեզ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության օդի որակի չափորոշիչները կանոնավոր կերպով կբավարարվեն:
Երևանի գլխավոր հատակագծում որպես շրջակա միջավայրի վիճակի բարելավման հիմնական խնդիրներ ընտրվել են օդի մաքրությունը, կենցաղային թափոնների կառավարումը և Նուբարաշենի աղբավայրի մեկուսացումը, հանքավայրերի ռեկուլտիվացիան, մակերեսային ջրերի մաքրումը։ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ այս ուղղությունների մեջ չեն նշվում կանաչ տարածքների ավելացման, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները:
Մայրաքաղաքի գլխավոր հատակագծում նախատեսված են օդի աղտոտվածության դեմ պայքարի հետևյալ միջոցառումները․
- կառուցապատողը պետք է կազմակերպի շինությունների շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը
- կառուցապատողը պետք է կազմակերպի ավազի, գաջի, խիճի, այլ սորուն նյութերի, հողային զանգվածների փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկումը, ինչպես նաև կազմակերպի դրանց տեղափոխումը՝ փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով:
- 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ:
- «Երևանի կայուն քաղաքային տրանսպորտի ներդնում» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանին են տրամադրվել օդի որակի 5 մոնիթորինգի սարքավորումներ՝ փոշու և տրանսպորտային աղտոտիչների մոնիթորինգի համար, որոնք 2022 թվականին տեղադրվել են և ավտոմատ եղանակով տրամադրում են տվյալներ։
Ներկայացնելով Էկոլուրի դիտարկումները՝ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Երևանը դեռևս չի հասել մաքուր մթնոլորտային օդ ունենալու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի ռազմավարական նպատակին:
«Փոշու արտանետումների նվազեցման վերաբերյալ Երևանի ավագանու որոշման պահանջները ոչ բոլոր տնտեսավարողներն են պահպանում։ Հատակագծում նախատեսված չեն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ շինարարական հրապարակների ջրցանման աշխատանքներ, բեռնատարների անվադողերի լվացման աշխատանքներ», - ասաց նա։
Երևանի գլխավոր հատակագծում գույքագրվել է 15 լքված հանքավայր և նախաձեռնվել է Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրի մնացորդային պաշարների զրոյացման, փակման և ռեկուլտիվացիայի ծրագիրը։
«Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրի և դրա մերձակա տարածքների ռեկուլտիվացումը բավարար չէ ոլորտից փոշու արտանետումների կրճատման համար։ Բացի լքված հանքերից, խնդիր է նաև Երևանում ընդերքօգտագործման իրավունք կրող 14 կազմակերպության 17 ոչ մետաղական հանքերից, ինչպես նաև քարի վերամշակման արտադրամասերից մթնոլորտային օդ արտանետվող փոշու կանխարգելումը։ Ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած մթնոլորտային օդի պահպանության պարտավորությունը պատշաճ չեն կատարվում ընդերքօգտագործողների կողմից։ Խնդրի կարգավորմանն ուղղված միջոցառումներ հատակագիծը չի նախանշում», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը։
Երևանի «Կանաչ քաղաք» ծրագրով մթնոլորտային օդի որակի վերաբերյալ սահմանված նպատակին հասնելու համար հատակագծի «Շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ» բաժնում նախատեսված միջոցառումները բավարար չեն:
Հատակագծում նշվում է, որ Երևանում ավտոմոբիլիզացիան 2024 թվականին գերազանցել է 2005-2020 թվականների գլխավոր հատակագծի նմանօրինակ ցուցանիշը 2.2 անգամ:
Հատակագծում նշված չէ հեծանվագոտիների ստեղծման մասին, ինչը կնպաստեր արտանետումների նվազմանը և կհամապատասխաներ Երևանի «Կանաչ քաղաք» ծրագրի ռազմավարական նպատակին։
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ հատակագծում մթնոլորտային օդ արտանետումների բոլոր աղբյուրները չեն բացահայտվել և լուծումներ չեն առաջարկվել: Նման նպատակ սահմանված է Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում: Նշենք, որ, ըստ Երևանի 2023 թվականի զարգացման ծրագրի, Երևան քաղաքում հաշվառված է մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցություն առաջացնող շուրջ 400 կազմակերպություն:
Հատակագծում քաղաքի օդափոխության համար լուծում առաջարկված չէ:
Թափոններ
Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մինչև 2030 թվականի ռազմավարական նպատակներն են, որպեսզի գոյացած քաղաքային կոշտ կենցաղային թափոնների և այլ թափոնների 100%-ը կտեղադրվի թափոնների տնօրինման կամ թափոնների մշակման պատշաճ օբյեկտներում և կկառավարվի ԵՄ չափորոշիչներին համաձայն:
Ըստ հատակագծի՝ Նուբարաշենի աղբավայրի մեկուսացումը և փակումը աղբավայրում տիրող ներկայիս իրավիճակի բարելավման, ինչպես նաև չեզոքացման առումով օպտիմալ լուծման տարբերակներից մեկն է։ Դա դիտարկվում է թափոնների կառավարման համալիր ծրագրի համատեքստում, որը կներառի նոր սանիտարական աղբավայրի կառուցում, աղբի տեսակավորում և վերամշակում։
Ըստ Էկոլուրի դիտարկումների՝ անորոշ է նոր սանիտարական աղբավայրի կառուցման և Նուբարաշենի աղբավայրի ռեկուլտիվացման ժամկետը: Այս խնդրի լուծումը Երևանի «Կանաչ քաղաք» ծրագրի կարճաժամկետ միջոցառումներից առաջինն էր և պետք է կատարվեր 2018-2022 թվականների ընթացքում: Երևանը չի հասել սահմանված նպատակին:
Ջուր
Հատակագծում որպես շրջակա միջավայրի վիճակի բարելավման հիմնական խնդիր ընտրվել է «Մակերեսային ջրերի մաքրում/Երևանյան լճի և Գետի մասով» խնդիրը: Այս խնդրի առնչությամբ հատակագծում նշված է, որ Երևանյան լճի տարածքում իրականացվել է ափամերձ տարածքների ջրային հատվածի և ափի մաքրման աշխատանքներ կենցաղային կոշտ թափոններից և Հրազդան գետի վրա տեղադրվել է աղբաորսիչ ճաղավանդակ: Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ, որը կազմում է 13000 խմ: 2022 թվականին մեկնարկել են Երևանյան լճի մաքրված հատվածներում նոր հանրային զբոսայգու կառուցման աշխատանքները, որոնք ավարտվել են 2024 թվականին: Բնապահպանության վարչության կողմից իրականացվել է Երևանյան լճում և Հրազդան գետում մաքրման ենթակա տարածքների քարտեզագրման աշխատանքներ, որի համաձայն մաքրման ենթակա տարածքները կազմում են շուրջ 15 հեկտար: Եվս 2 աղբորսչի տեղադրման աշխատանքներ ընթացքի մեջ են: 2023 թվականին իրականացվել են Հրազդան գետի հունի մաքրման աշխատանքներ: Մաքրվել է շուրջ 10․000 խմ աղբ: Հրազդան գետի հունի մաքրման աշխատանքները շարունակվում են այս տարի:
Հատակագծի «Ելակետային տվյալներ» ենթաբաժնում ներկայացված են ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ մի շարք խնդիրներ, որոնք իրենց արտացոլումը չեն գտել հատակագծի «Շրջակա միջավայրի վիճակի բարելավման հիմնական ուղղությունները» բաժնում:
Մասնավորապես, խմելու և արտադրական նպատակներով ջրի պահանջարկն ավելանալու է։ Խմելու որակի ջրի պահանջարկը փաստացի 254.563 հազար խմ/օր-ից հեռանկարում կհասնի 330.932 հազար խմ/օր-ի: Խմելու ջրի պահանջարկի ավելացումը սպասվող սակավաջրության պայմաններում հատակագծում չի դիտարկվել որպես խնդիր և դրա հաղթահարման ուղղված լուծումներ չեն ներկայացվել։
Ըստ հատակագծի՝ Երևանի խմելու ջրամատակարարման 13 ջրաղբյուրներից 5-ի շահագործման պաշարները հաստատված չեն։ 3 ջրաղբյուրի՝ պաշարները վերանայման կամ վերագնահատման անհրաժեշտություն ունեն։ Միայն 2 ջրաղբյուրի պաշարներն են հաստատված։
Ջրառն իրականացվում է անորոշության պայմաններում, ինչը ռիսկեր է պարունակում ջրային ռեսուրսի հյուծման, էկոլոգիական հավասարակշռության պահպանման, քաղաքի ջրի պահանջարկի բավարարման տեսանկյունից:
Հեղեղների վերաբերյալ հատակագծում նշված է․ «Չնայած վերջին 20-30 տարիների ընթացքում չեն կատարվել լուրջ հետազոտություններ ուղղված Երևանամերձ տարածքներում հեղեղառաջացմանը, սակայն կարելի է նշել, որ հեղեղների վտանգը զգալի նվազել է՝ շնորհիվ պոտենցիալ հեղեղ առաջացնող տարածքների կառուցապատման, կանաչապատման, հեղեղատարների հուների բարեկարգման, թողունակության մեծացման և այլն»։
«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի ռազմավարական նպատակների և հատակագծի ջրի բաժնի համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Կանաչ քաղաք» ծրագրի նպատակները չեն դիտարկվել հատակագծում։
Կանաչապատում
«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի ռազմավարական նպատակն է մինչև 2030 թվականը բաց կանաչ տարածքների հարաբերակցությունը մեկ բնակչի հաշվով հասցնել >10 քմ-ի։ 2024 թվականի դրությամբ Երևանում բաց կանաչ տարածքների հարաբերակցությունը մեկ բնակչի հաշվով, ըստ հատակագծի, 8,3քմ է: Այս ցուցանիշը մոտ է «Կանաչ քաղաք» ծրագրով սահմանված կարճաժամկետ թիրախին, ըստ որի 2022 թվականին 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը պետք է հասցվեր 8,5 քմ-ից ավելի տարածքի, իսկ 2030 թվականի համար՝ 10 քմ-ից ավելի: Նոր հատակագծով Երևանն իրականացվելիք միջոցառումների հաշվին ձգտելու է հասնել 10 քմ-ի մեկ շնչի համար, ինչը «Կանաչ քաղաք» ծրագրի ռազմավարական նպատակին համահունչ է:
Էներգետիկա
Երևանի «Կանաչ քաղաք» ծրագրի մինչև 2030 թվականի ռազմավարական նպատակներից են հասնել CO2-ի արտանետումների 30% կրճատման՝ 2012 թվականի ելակետի համեմատ՝ համաձայն կլիմայի և էներգետիկայի ոլորտներում թարմացված «Քաղաքապետների դաշնագրի», հասնել հանրային շենքերում միջին էներգասպառման 20%-ով կրճատման։ Հաստատված կլինի շարունակական խթանման ծրագիր՝ օժանդակելու բնակելի շենքերի էներգաարդյունավետության՝ հանրայնացման և փոքրածավալ ցուցադրական նախագծերի միջոցով և այլն:
Ըստ հատակագծի, եթե քաղաքի մեկ բնակչի էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծախսը 2002 թվականին կազմում էր 580 Վտժ (մոտ 1,6կՎտժ օրեկան), 2023 թվականին՝ 801 Վտժ (մոտ 2.2 կՎտժ օրեկան): Էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի այս դինամիկայի պահպանման պարագայում մինչև 2030 թվականն այդ ցուցանիշները կավելանան մինչև 865 Վտժ (մոտ 2.4 կՎտժ օրեկան):
Սպառման աճը մեծապես պայմանավորված կլինի հետևյալ գործոններով.
- Էներգատար հաշվարկներ (տվյալների մշակման կենտրոններ, մայնինգ և այլն)
- էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածք
- օդորակման և հովացման համակարգեր:
Ըստ Էկոլուրի դիտարկումների՝ Երևանը մեծ առաջընթաց ունի էներգաարդյունավետության և էներգախնայողության տեսանկյունից, սակայն, հատակագծի «Էլեկտրամատակարարում» ենթաբաժինը գրելիս ինչպես այդ հարցերը, այնպես էլ Երևանի «Կանաչ քաղաք» ծրագրի ռազմավարական նպատակները չեն դիտարկվել:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը ներկայացրեց իր դիտարկումները։ Նա նշեց, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանն անդամակցել է Բնության պահպանության միջազգային միությանը (IUCN)։ Այս գործընկերության շրջանակում աշխատանքներ են տարվում Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու ուղղությամբ։ «11 ամիս ուսումնասիրություն է իրականացվել Հրազդանի կիրճի՝ Երևանի վարչական սահմաններում գտնվող հատվածներում։ Գույքագրվել է ֆլորան, ֆաունան, պատմական կոթողները», - նշեց Սիրարփի Հայկազյանը։
Նա նաև նշեց, որ 2024 թվականի տարեվերջին մայրաքաղաքում շահագործման հանձնվեց նախնական կենսաբանական մաքրում իրականացնող նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը, որոնք կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում:
Մայրաքաղաքի հանքավայրերի ռեկուլտիվացիայի մասով Սիրարփի Հայկազյանը նշեց, որ փորձում են հասկանալ՝ որ մեթոդով կարող են փակել հանքերը։ «Սա մեկ գերատեսչության խնդիր չէ, պաշարները հաշվարկելու-վերահաշվարկելու խնդիր է, և հույս ունենք որ լուծում կգտնվի»,- ասաց նա՝ հավելելով, որ հանքավայրերի ռեկուլտիվացման համար կօգտագործվեն Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները։
Մթնոլորտայի օդի որակի բարելավման նպատակով պարտադիր պահանջ է սահմանվել շինհրապարակներում իրականացնել ջրցանում և լվանալ դուրս եկող բեռնատարերի անիվները։
Մայրաքաղաքում կանցկացվեն նոր հեծանվուղիներ, նախատեսվում է զարգացնել կանաչ տրանսպորտը։
Հունվար 15, 2025 at 17:08