

Սույն թվականի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Լսելի դարձրո՛ւ համայնքի ձայնը» մրցանակաբաշխությունը: Մրցույթը նախաձեռնվել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Ծրագրի թիրախ բնակավայրերում ստեղծել է հանրային լրագրողների ցանց, որի նպատակն է տեղի բնակիչների՝ հանրային լրագրողների միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածությունը բնակավայրերի բնապահպանական, սոցիալական, էներգետիկ խնդիրների, առօրյայի, բնակավայրերի զարգացման պոտենցիալի, զբոսաշրջության զարգացման միտումների, LILA ծրագրի արդյունքների մասին։ Հանրային լրագրողների նյութերը հրապարկվում են Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Հանրային լրագրողների ձայնը» խմբում։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Հանրային լրագրողների աշխատանքները գնահատող ժյուրիի կազմում էին «Factor TV»-ի նախագահ Արևիկ Սահակյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, LILA ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը, WWF Հայաստանի հանրային կապերի պատասխանատու Արփինե Թավաքալյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի PR-ի և հաղորդակցության պատասխանատու Անուշ Ղավալյանը:
Մրցույթն ուներ չորս անվանակարգ՝ «Լավագույն բնապահպանական նյութ», «Լավագույն ֆոտոշարք/տեսանյութ», «Բնակավայրերի լավագույնս ներկայացում» և «Խմբում բարձր ակտիվություն»։
Մրցանակաբաշխության արարողության մասնակիցներին ողջունեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը: «Հայաստանում շատ կարևոր են այն ծրագրերը, որոնք միտված են բնապահպանությանը։ Երբ խոսում ենք բնապահպանության մասին, պետք է հաշվի առնել, որ բնապահպանությունն առանց տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր չէ։ Եթե մենք ցանկանում ենք իրականացնել բնապահպանական ծրագիր, ապա պետք է ներառված լինեն համայնքները, տեղի բնակչությունը, որովհետև որքան բարձր է երկրի սոցիալական վիճակը, այդքան ավելի նվազ ծանրաբեռնվածություն է ընկնում բնության վրա։ Բնապահպանությունն ու տեղի համայնքի զարգացումը պետք է համահունչ լինեն», - ասաց նա:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. «Ծրագրի աջակիցների շնորհիվ կարողացանք ունենալ մարդկանց մի ամբողջ բանակ, ովքեր մտածում են ոչ միայն սեփական անձի, այլ նաև՝ իրենց համայնքի զարգացման մասին, մարդիկ, ովքեր սիրում են իրենց համայնքը, բնությունը։ Մենք ցանկանում ենք, որ Դուք ձեր առօրյա գործերին ու աշխատանքին զուգահեռ ակտիվ լինեք ձեր համայնքներում, հանրայնացնենք այն ամենը, ինչ կատարվում է ձեր մարզերում, որովհետև լավ օրինակները միշտ էլ վարակիչ են»։
«Հայաստանում կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում» 6-ամյա ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի թիմի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց, որ ակտիվորեն հետևել է հանրային լրագրողների հրապարակումներին: «Ծրագրի նպատակն է՝ օգնել, որպեսզի բնակիչները կարողանան և՛ օգտվել բնությունից, և՛ նպաստել դրա պահպանմանը։ Ձեր աշխատանքն այդ առումով շատ կարևոր է, որովհետև մարդիկ իրազեկվում են, տեսնում են խնդիրները։ Մենք ունենք աշխատանքի մեծ փորձ տարբեր համայնքների հետ և հպարտանում ենք, որ համագործակցում ենք ձեզ հետ և ունենք նման արդյունքներ»,- ասաց նա։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը պատմեց հանրային լրագրողների ցանցի ստեղծման գաղափարի մասին: «Մեր նպատակն էր հենց համայնքներում ունենալ ակտիվ մարդիկ, ովքեր առաջին ձեռքից հանրայնորեն կներկայացնեն իրենց գյուղի կյանքը, առօրյան, խնդիրները, LILA ծրագրի հաջողությունները։ Ծրագրի շրջանակներում համայնքներում կատարվում են մի շարք փոփոխություններ՝ աջակցություն տեղի բիզնեսին, արոտավայրերի կառավարման պլանների մշակում, անտառկառավարման պլանների մշակում, արևային էներգետիկայի զարգացում․․․Մեր երկիրը ճանաչելի է դառնում նաև ձեր միջոցով։ Ծրագրի շրջանակներում եղել ենք թիրախ համայնքներում, ընտրել ենք մեր հանրային լրագրողներին և այսօր մեր ակտիվ կորիզը, որն աշխատացնում է հարթակը, այստեղ է»,- նշեց նա:
«Խմբում բարձր ակտիվություն» անվանակարգի հաղթողներին ներկայացրեց Անուշ Ղավալյանը: «Ձեզ պես հետաքրքրված եմ համայնքային կյանքի լուսաբանման գործընթացում։ Շատ ժամանակ լինելով համայնքի ներսում, կարծում ենք, որ հետաքրքիր բան չկա, բայց ամեն բան շատ հետաքրքիր ու ավելի խոսուն է, քան երևանյան սրճարաններում արված լուսանկարները: Գյուղից տեսարանները, ավանդույթների մասին խոսելն ավելի գրավիչ է, քան մեզ կարող է թվալ։ Կո՛չ եմ անում բոլորիդ առավել ակտիվորեն լուսաբանել համայնքային կյանքը, ձեռքբերումները և դա դարձնել հասանելի բոլորին, որովհետև ձեզնից լավ ոչ ոք չգիտի ձեր համայնքի մասին և չի կարող ներկայացնել։ Շարունակեք լինել ձեր համայնքի ձայնը»,- ասաց նա:
«Խմբում բարձր ակտիվություն» անվանակարգի առաջին մրցանակին արժանացավ Մարիամ Եգանյանը Դսեղ բնակավայրից, երկրորդ տեղը զբաղեցրեց Շուշան Կարապետյանը Օհանավանից: Երրորդ մրցանակը ստացավ Մանե Հակոբյանը Եղեգնուտից:
«Լավագույն ֆոտոշարք/տեսանյութ» անվանակարգի հաղթողներին ներկայացրեց Արևիկ Սահակյանը: «Երբ ինձ առաջարկեցին լինել ժյուրիի կազմում՝ շատ ուրախացա, որովհետև հանրային լրագրությունը չափազանց կարևոր է, ամեն համայնքում իր համայնքի խնդիրներով սրտացավ և ուշադիր մարդկանց ցանց ունենալը շատ կարևոր է։ Մի քանի տասնամյակ առաջ հեշտ չէր խնդիրը տեսնել, հեռախոսով նկարել ու լուսաբանելը, այն ժամանակ դժվար էր տվյալներ գտնել, տեղեկատվական բազան սահմանափակ էր։ Այն ժամանակ բնապահպանական հրապարակումներն ավելի սուր էին ընդունում։ Հիմա ժամանակները շատ են փոխվել, և այդ խնդիրները բարձրաձայնելու համար հարկավոր է միայն հեռախոս և ցանկություն։ Մեծ հույս ունեմ, որ այս ծրագրի ավարտից հետո այս խումբը կշարունակի գործել և դուք կբարձրաձայնեք ձեր համայնքի խնդիրների մասին»,- նշեց նա:
Արևիկ Սահակյանը «Լավագույն ֆոտոշարք/տեսանյութ» անվանակարգի առաջին մրցանակը հանձնեց Անուշ Սարգսյանին Դեբետից։ Երկրորդ մրցանակի արժանացավ Գայանե Քոչինյանը Մարցից, երրորդ մրցանակը ստացավ Սիրանուշ Ավետիսյանը Ենոքավանից:
«Բնակավայրի լավագույն ներկայացում» անվանակարգի հաղթողներին մրցանակներ հանձնեց Ինգա Զարաֆյանը: «Միաժամանակ և՛ հեշտ է, և՛ դժվար ներկայացնել համայնքի խնդիրները: Հեշտ է, որովհետև դու այնտեղ ապրում ես, դժվար է, որովհետև քեզ կարող է ամեն ինչ սիրուն թվալ»,- ասաց նա:
Անվանակարգի առաջին մրցանակին արժանացավ Լիլիթ Իսկանդարյանը Շատին բնակավայրից, երկրորդ մրցանակը ստացավ Նարե Ղազարյանը Մարցից, երրորդ տեղը զբաղեցրեց Վանուհի Սաֆարյանը Արտաբույնքից:
«Լավագույն բնապահպանական նյութ» անվանակարգի հաղթողներին հայտարարեց Նաիրե Երիցյանը: «Բնապահպանական նյութ գրելը բավական դժվար է. պետք է գիտելիք, հմտություն, խիզախություն: Կային մասնակիցներ, ովքեր իրենց ակտիվության շնորհիվ մի քանի անվանակարգում կարող էին հաղթող ճանաչվել, բայց մենք որոշեցինք ընտրությունն այնպես կատարել, որպեսզի յուրաքանչյուր մասնակից արժանանա մրցանակի: Շնորհակալ ենք ձեր նվիրումի և ակտիվության համար, հուսանք, որ 2025թ. կլինեք ավելի ակտիվ, ավելի հետաքրքիր հրապարակումներ կանեք խմբերում՝ էլ ավելի բարձրացնելով ձեր գյուղի մասին իրազեկվածությունը»,- նշեց նա:
«Լավագույն բնապահպանական նյութ» անվանակարգի առաջին մրցանակի արժանացավ Շահանե Համբարձումյանը Շաղատ բնակավայրից: Երրորդ տեղը կիսեցին Մարտուն Խաչատրյանը Սևքարից և Օվսաննա Վարդանյանը Արտաբույնքից:
Մրցանակակիրներն արժանացել են հավաստագրերի ու դրամական պարգևների:
Դեկտեմբեր 27, 2024 at 12:17