

Ինգա Հայրիյան, Հրազդան, Lragir.am
Վաղ առավոտյան դուրս եմ եկել, որ գնամ աշխատանքի, դրսում փոշին այնքան շատ էր, որ հետ եմ վերադարձել դիմակ կրելու,- անհանգստացած ահազանգեց մի քաղաքացի:
Իսկապես, առավոտից Հրազդանի երկինքը պատված են դեղին փոշով, և մեզ ահազանգողներն ասում են, որ ճիշտ է, չգիտեն`վտանգ կա, թե ոչ, սակայն շնչառության հետ խնդիրներ են ունեցել:
«Փողոց դուրս գալ չեմ կարող, կոկորդս անմիջապես խեղդում է»,-քաղաքացիներից մեկի կարծիքն է:
Կոտայքի մարզային փրկարարական ծառայությունից փորձեցինք տեղեկություններ ստանալ: Մեզ պատասխանեցին, որ իրենք չունեն համապատասխան սարքավորում օդում փոշու բաղադրությունը ստուգելու համար և տեղեկություններ ստանում են օդերևութաբանական ծառայությունից, իսկ հերթական տեղեկությունը կստանան ժամը 17-ից հետո: Ի դեպ, վերջիններիս էլ տեղեկատվություն տրամադրում է Երևանի Համապատասխան ծառայությունը:
Իսկ փոշու` արաբական աշխարհից եկող լուրերի մասին մի քաղաքացի զարմանում է. «Ախր այդ փոշին նախ պետք է անցնի Թուրքիայով, հետո հասնի մեզ մոտ, բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի լուր չկա այդ երկրի օդի աղտոտվածության մասին»:
Ապրիլ 20, 2011
