ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. «ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԵՆ ԱՐՏԱՆԵՏՎԵԼ»

ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. «ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԵՆ ԱՐՏԱՆԵՏՎԵԼ»

Հետք

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը Հետքի խնդրանքով ներկայացրեց այն հետեւանքները, որը կարող է թողնել «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարը:
Վթարի վերաբերյալ տեղեկությունները հստակեցված չեն: Այժմ դեռեւս պաշտոնապես վերջնականապես չի ասվել, թե ի՞նչ նյութեր են այրվել և ի՞նչ քանակներով: Ըստ լրատվամիջոցների` այրվել է տոլուոլ, վինիլացետիլեն (քլորոպրենի ելանյութ), ինչպես նաեւ քլորոպրեն:

Նախ` հիմնազուրկ են բոլոր այն հայտարարությունները, թե հրդեհի հետեւանքով վտանգավոր նյութեր մթնոլորտ չեն արտանետվել: Հայտնի է, որ անգամ հատուկ վառարաններում, ուր լրացուցիչ թթվածին եւ այլ նյութեր են տրվում, այրման ընթացքում առաջանում են վտանգավոր նյութեր, ինչպես նաև մթնոլորտ է արտանետվում այրվող նյութի որոշ քանակություն: Ահա թե ինչու այդպիսի վառարաններից դուրս եկող ծխագազերից, հատուկ սարքերի միջոցով, որսվում ու վնասազերծվում են վտանգավոր նյութերը:

Կարելի է վստահությամբ ասել, որ «Նաիրիտում» տեղի ունեցած վթարի հետևանքով վտանգավոր նյութեր են արտանետվել Երեւան քաղաքի մթնոլորտ, ինչպես եւ այրվող նյութերից: Այժմ հակիրճ վերը բերված նյութերից վինիլացետիլենի եւ քլորոպրենի մասին, քանզի տոլուոլի քաղցկեղածին և վտանգավոր այլ հատկությունների մասին համարյա բոլորը տեղյակ են:

Վինիլացետիլենը ուժեղ թմրանյութ է, գրգռում է լորձաթաղանթը, առաջացնում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն ոտքերում, քրտինքի անջատում, չորություն կոկորդում, սրտխառնոց, նյարդայնություն, արյան ճնշման անկում, նյարդային եւ սրտանոթային համակարգի խախտում եւ այլն:

Քլորոպրենը որպես ուժեղ թմրանյութ ընկճում է կենտրոնական նյարդային, էնդոկրինային եւ իմունային համակարգերը, առաջացնում է սրտանոթային, շնչառական ուղիների, աղեստամոքսային, տեսողության հիվանդություններ, ալերգեն է, ունի քաղցկեղածին, սաղմնաթունավոր, հրեշածին եւ այլ հատկություններ:

Վթարի հետեւանքների մասին կարելի է խոսք ասել միայն բնակչության, գլխավորապես գործարանի մոտակայքում ապրողներին բժշկակենսաբանական ուսումնասիրությունների ենթարկելուց հետո:

Մայիս 20, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր