ՍՏՐՈՒԿՆԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈ՞ՒՄ

«Հրապարակ»

Ազատամուտ գյուղին բարձր տեղանքից նայելիս կարելի է շփոթել արդյունաբերական խոշոր կենտրոնի հետ: Բնակավայրը երկու կողմից, Աղստեւ գետի հունն ի վար շրջապատված է փայտածուխի «մինի-արտադրամասերով» եւ դրանցից օր ու գիշեր ելնող ծխի քուլաներով: Ազատամուտի աջ ու ձախ կողմերում գործում են մոտ երկու տասնյակ նման կետեր, այնքան, որ ածխագործներն այն սկսել են կատակով անվանել «Ածուխավան»: «Արտադրական» տարածքում կարելի է թաղվել մրի մեջ: Փայտով լի վառվող բունկերներից դուրս ելնող ծուխը նաեւ հարակից մրգատու այգիներն է ծածկել: Ու դա ամեն Աստծո օր շնչում են ածխագործները, որոնք իրենց աշխատանքը համարում են ամենադժվար գործը, բայց, իրենց ասելով, «սովն ա մեզ էստեղ հասցրել, երեխեքն ապրել են ուզում»: «Հանքափորները. դժվարությամբ են շփվում լրագրողների հետ, արգելում են լուսանկարել իրենց:

Կասկածանքով են վերաբերվում իմ անձին, միգուցե հարկայինից կամ իրենց «ոխերիմ թշնամի» բնապահպանական վարչությունից եմ: Հավանաբար, այս գործն էլ իր «մութ» ու փակ կողմերն ունի: Վստահեցնում եմ, որ ինձ իրենց կյանքն է հետաքրքրում ու աշխատանքը: «Հոդվածում կգրես, որ ժողովուրդն աշխատանք չունի ու մուր է կուլ տալիս,-ասում է բանվորներից մեկը,-մեր առողջության հաշվին աշխատում ենք, բայց չգիտենք` էդ գումարով կարո՞ղ ենք մեր կորցրած առողջությունը վերականգնել»: Փայտից ածուխ ստանալը մեծագույն տանջանք է:

Մոտ երեք մետր բարձրությամբ, 5-14 խմ տարողությամբ բունկերները լցնում են փայտով եւ 3-4 օր շարունակ վառված փայտի վրա նորերն ավելացնում, որից հետո վառված կույտի վրա մոտ 200 լիտր ջուր են ավելացնում, իսկ մեկ օր անց ածուխն արդեն կարելի է փաթեթավորել պարկերում: Աշխատանքն իրականում դժոխային է: Ամեն օր մեկ տասնյակից ավելի ժամ աշխատող բանվորները թունավոր գազեր են շնչում, վնասում տեսողությունը եւ այլն: Արտադրանքն իրացվում է հիմնականում մայրաքաղաքում, պարկը՝ 700-800 դրամով: Նրանց մեծ մասը վարկ է վերցրել գործի մեջ դնելու համար ու դեռ պարտք է բանկերին:

Վաղինակը նույնպես վարկառու է. «Էն ժամանակ ամսական 85 հազար դրամ էի մուծում, որ մեկուկես տարվա մեջ մարեմ, հիմա դոլարի կուրսը բարձրացել ա, ամսական 110 հազար եմ տալիս»: Նա ստիպված է այս գործով զբաղվում. «Դու էս ձորի ապրող ես, չգիտե՞ս, որ եթե սա էլ չանենք` չենք կարող ապրել: Արտադրություն չկա, մենք էլ ծուխ ենք կուլ տալիս: Օրը մեկը գալիս-փող ա ուզում: Հարկայինը եկամտի 10 տոկոսն ա ուզում, էկոլոգիան ասում ա` օդը կեղտոտվում ա, ինչի հենց փողը տալիս ես` մաքրվում ա՞: Մի խոսքով, էս երկրից գլուխ չեմ հանում: Ում ոտքը բռնում ա` գնում ա»: Եթե ամռանը կարելի է «ածխահանությամբ» զբաղվել, ապա ձմռանն այն դառնում է գրեթե անհնար` անտառից փայտ բերելու դժվարությունների հետ կապված: «Ես հյուսն եմ, բայց երկար ժամանակ էս գործին եմ,-ասում է բնակիչներից մեկը,- օրավարձով եմ աշխատում, օրը 2000 դրամ եմ ստանում, 12 հազարի էլ մուր եմ շնչում: Փուչ աշխարհ ա: Վերեւներում աթոռի կռիվ ա, էդ պատճառով չեմ կարա ասեմ` լավ բանի հույս կա, թե չէ: Աբեշիկն իր հերթին ա գումար ուզում, լեսնիչը` իր: Հլա նայի էս փայտին, տեսնում ե՞ս, փտած ա, անտառում հենց էնպես տարիներով ընկած ա եղել: Սրա համար մեզնից փող են ուզում»:

Հաջորդ զրուցակիցս ավելի ազատ էր իր դատողություններում: «Խելքով մարդը ճամփի ծախս անի ու գնա ստեղից... Հայերը մեղք են, Հայաստանն առանց հայերի ա մնալու, էդ մեր մեծերն են ասել: Ասենք՝ ես վաթսուն տարեկան մարդ եմ, մի օր ինֆարկտն ինձ էլ կտանի, պետությունն էլ մի 70 հազար փող կհատկացնի-կպրծնի: Բա մատաղ սերո՞ւնդը: Ջահելները չեն ամուսնանում: Նայոմնիկներով սահման են պահում, էլ չեն ասում` որ կռիվ սկսվեց, ջահել չկա, որ կռվի: Աղստեւը մոտներովս հոսում ա, մոտակա այգիներն անմշակ են: Այ, հիմա էստեղ առավոտից սոված աշխատում ենք, ո՞ւմ ա պետք էս աշխատանքը: Իշխանավորները շվեյցարական բանկերում միլիոններ են պահում, մենք էլ մուր ենք շնչում: Որ կառույցն ուզում ա, որ ջեբը փող մտնի, գալիս-ռեյդ ա անում»: «Ածխահանքեր» այցելության տպավորությունը տխուր ու ծանր է, մանավանդ, որ «սեւ գործով» սկսել են աշխատել նաեւ դպրոցահասակները, որոնք նույնիսկ ուսումն են մղել երկրորդ պլան՝ նախընտրելով գումար վաստակել: Հայ-ադրբեջանական սահմանին շատ մոտ ապրող այս մարդիկ գրեթե չեն տարբերվում մեզ գրքերից ծանոթ սեւամորթ ստրուկներից: Նրանք ստրկական կենցաղ են վարում սեփական երկրում եւ ստրկության են գնացել իրենց կամքով, հանուն գոյատեւման:

Հուլիս 23, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր