

ԷկոԼուր
«Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Ալավերդու պղնձաձուլարանը տարիներ շարունակ գործում է առանց ֆիլտրերի`մթնոլորտ արտանետելով ծծմբային անհիդրիդ, ծանր մետաղներ եւ օրգանիզմի համար տոքսիկ միացություններ:Մինչեւ 2011 թվականը տարեկան մթնոլորտ էր արտանետվում 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ:
«Վալլեքս» խմբի ընկերությունները Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի միջոցներով տարիներ առաջ ձեռք բերեց ֆիլտրեր ծծմբային անհիդրիդի կորզման համար, սակայն այդպես էլ չտեղադրեց` պատճառաբանելով արտադրության ցածր ծավալը, ծծմբաթթվի շուկայի բացակայությունը: Ինչ վերաբերվում է ծանր մետաղներին եւ փոշուն, ապա այս հարցը շարունակաբար քննարկվում է: «ԷկոԼուր»-ի հարցին պատասխանելով` Լոռու մարզպետարանի բնապահպանական վարչության պետ Արտակ Դեմիրճյանն ասաց. «Եթե մենք կարողանանք տեղադրել էլեկտրոֆիլտրեր ծխնելույզի մեջ, ապա 98%-ով կկրճատենք ծանր մետաղների արտանետումը դեպի մթնոլորտ եւ մոտավորապես 80-83%-ով կորսվի նաեւ անօրգանական փոշին, որը ծխի հետ դուրս է գալիս դեպի քաղաքի օդային ավազան»:
Ըստ նրա` առաջարկը քննարկման փուլում է, քանի որ դեռեւս հստակ չէ, թե էլեկտրոֆիլտրերի տեղադրման դեպքում որսված զանգվածը որտեղ պետք է պահեստավորվի, կամ արդյոք հնարավոր կլինի որսված զանգվածից վերականգնել մետաղները:
Ընկերությունը խնդրի լուծումը գտավ ծխնելույզի տեղափոխման մեջ, ինչը Արտակ Դեմիրճյանի խոսքերով, մոտ 10 անգամ կրճատել է վնասակար արտանետումների ցրման գործակիցը, ինչպես նաեւ նվազել է արտանետումների ազդեցությունը Ալավերդի քաղաքում: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` ծխնելույզի բարձրության արդյունքում թեպետ կնվազի վնասակար արտանետումների քանակը Ալավերդի քաղաքում, սակայն կվնասվեն հարակից բնակավայրերն ու անտառները: Նշենք, որ Ալավերդիում եւ հարակից համայնքներում տարեց տարի ավելանում են ուռուցքային, սրտանոթային եւ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունները:
Մարտ 29, 2012 at 14:06