Հիդրոօդերևութաբանության Միջպետական Խորհրդի 13-րդ համաժողով Երեւանում

Հիդրոօդերևութաբանության Միջպետական Խորհրդի 13-րդ համաժողով Երեւանում

ԷկոԼուր

Մայիսի 29-ին Երևանում սկսել է աշխատանքները Հիդրոօդերևութաբանության Միջպետական Խորհրդի 13-րդ համաժողովը, որը կոչված է ավիահիդրոօդերևութաբանության բնագավառում ապահովել քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքները: Խորհրդի նիստին մասնակցում են 7 երկրների 15 ներկայացուցիչներ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Լիտվայից և Հայաստանից: Խորհրդի նիստը կազմակերպել է ՀՀ բանպահպանության նախարարության ենթակայության տակ գործող «Զվարթնոց ավիոօդերևութաբանական կենտրոնը»:
Նախարարի անունից ողջունելով խորհրդի մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն ընթերցել է նախարար Արամ Հարությունյանի ուղերձը, որում ասված է. «Այս հանդիպումը եզակի առիթ է ոլորտի մասնագետների համար` քննարկելու և համագործակցության նոր ուղիներ փնտրելու ավիաօդերևութաբանության բնագավառում: Հայաստանի տնտեսության համար, ելնելով երկրի աշխարհաքաղաքական իրավիճակից, հույժ կարևորվում է օդային տրանսպորտի վստահելի ու անխափան գործունեությունը:
Բնականաբար օդային կապ իրականացնելու համար անհրաժեշտ է օդերևութաբանական կանխատեսումներ կատարել և եղանակի մասին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել մեր քաղաքացիական ավիացիային: Այս դժվար ու պատասխանատու աշխատանքում անգնահատելի են նոր տեխնոլոգիաների ներդրումը և ոլորտում նորարարությունների կիրառումը: Այն կօգնի մեր երկիր այցելուների և Հայաստանի քաղաքացիների ուղևորափոխադրումները խաղաղ եղանակային պայմաններում կատարել»:
Բնապահպանության նախարարը կարևորել է նախատեսված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում են աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկումն իրականացնող մարմինների կողմից մատուցվող ծառայությունների վիճակին և զարգացման հեռանկարներին, ցածր բարձրություններում թռիչքների օդերևութաբանական սպասարկմանը, ինչպես նաև սահմանակից պետությունների միջև միջսահմանային գոտիներում օդերևութաբանական տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերին:
Ավարտին Արամ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը գործող կառույցի շրջանակներում հիմք կդնի որակապես նոր ստանդարտների կիրառմանը մասնակից պետությունների` նման պատասխանատու աշխատանքում:
Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մայիս 31, 2013 at 12:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր