

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետարանը շարունակում է «բարեկարգել» Երեւանը ծառերի խորը էտման միջոցով: Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) տարածել է տեսանյութ եւ հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Ի՞նչ վիճակում են Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի բարդիները 2 ամիս առաջ և հիմա: Այն ժամանակ բնակիչներն ահազանգել էին, որ չի կարելի կանաչ ծառերը էտել՝ դադարեցրին: Սակայն վերջին մի քանի օրերին քաղաքապետարանը նորից սկսել է իր «սիրած» խորը էտման աշխատանքները, որոնց հետևանքով ծառերը հայտնվում են շատ ցավալի վիճակում: Հարց է առաջանում՝ կվերականգնվեն արդյո՞ք ծառերը այսպիսի միջամտությունից հետո և ի՞նչ տեսք կունենան»:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ խորը էտումը վնասում է ծառին: «Այն թուլացնում է ծառը հատկապես տարվա ցուրտ եղանակին, երբ ծառը պատրաստվում է ձմռան: Դա մեծացնում է ինֆեկցիայի ներթափանցման հավանականությունը: Երբ մշտապես խորը էտում է կատարվում, ինչը մենք հաճախ տեսնում ենք Երեւանում, ապա ծառը պարբերաբար սթրեսի է ենթարկվում եւ կորցնում իր պաշտպանողական ուժերը»,-ասել է Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Ներսիսյանը:
Լուսանկարը` Աննա եւ Լեւոն Գալստյանների
Նոյեմբեր 22, 2013 at 14:58
