Ահազանգ Քաջարանից` փոշու պատճառով մեր երեխաները հայտնվում են հիվանդանոցում (Լուսանկարներ)

Ահազանգ Քաջարանից` փոշու պատճառով մեր երեխաները հայտնվում են հիվանդանոցում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչն ահազանգում է՝ քաղաքը օրը 3-4 ժամ ամբողջությամբ փոշու մեջ է: Ըստ բնակչի՝ փոշին առաջանում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից:

«Տեսեք, Քաջարան քաղաքում կանաչապատ տարածքում քայլելուց ինչ փոշի է առաջանում: Ամեն օր այդպես է…իսկ սա սեղանի վրա նստած փոշին է, լվանալուց հետո մի երկու օրից նույն վիճակն է: Այս փոշու պատճառով մեր երեխաները հայտնվում են հիվանդանոցում, իսկ աշխատողներն իրենց չնչին աշխատավարձը օգտագործում են իրենց և երեխաների բուժման համար… Դա մոլիբդենի մոխրագույն փոշին է, մոլիբդենի հանքի փոշին, որը նստում է Քաջարան քաղաքի վրա», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց վրդովված բնակիչը՝ ցույց տալով իր կողմից արված լուսանկարները:


 
 
 
 

Քաջարան քաղաքը պատած փոշին անտարբեր չի թողել նաեւ հարևանությամբ գտնվող Քաջարանց համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթայանին:

«Առավոտը 8:00-ից մինչև 12:00 ընդհանրապես ոչինչ չի երևում, ամբողջ քաղաքը փոշու մեջ է: Ղեկավարությունը փոխել են, մի դրանցից բեթարին էլ բերել են, բոլորը միլիցա են, արտադրությունից չեն հասկանում, գործից չեն հասկանում: Խայտառակ վիճակ է: Ամբողջ օրը որ էս կոմբինատն աշխատի, օրական  70-80 հազար տոննա քար տա, էս քաղաքի վիճակն ի՞նչ կլինի…տեր չկա, տիրակալ չկա, քաղաքապետ չկա, ոչ մի բան չկա, վախենում են մեկը մեկից, մեկը ռիսկ չի անում մի բան խոսա: 6-7 հազար բնակիչ կա էստեղ, բոլորը հիվանդ…էսենց որ գնա, մի երկու տարուց ոչ մի բան չի մնա, ոչ ոք չի ապրի էստեղ…պիտի հրացանը վերցնենք պատերազմ անենք…ինչքան միլիցա կա, բերել լցել են փողոցները, կոմբինատը միլիցայություն են սարքել, անտեր երկիրա, անտեր քաղաքա, անտեր մարզա», - վրդովվեց Ռաֆիկ Աթայանը:

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որի 60 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը գերմանական «Cronimet» ընկերությունն է: Հիշեցնենք, որ 2014թ-ի ամռանը պաշտոնանկ արվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Տնօրեն է նշանակվել ավստրալացի Նիլ Սթիվենսոնը:

ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ Քաջարանում փոշու մոնիտորինգ չեն իրականացնում: ՊՈԱԿ-ը մասնավորապես Քաջարանում ուսումնասիրում է, թե որքանով են մթնոլորտային օդում սահմանային թույլատրելի նորման գերազանցում ծծմբի երկօքսիդը և ազոտի երկօքսիդը: Համաձայն ՊՈԱԿ-ի  2014թ-ի հոկտեմբերի տեղեկանքի` Քաջարան քաղաքի 15 դիտակետից պասիվ նմուշառիչներով վերցվել է  90 փորձանմուշ, արդյունքում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:



Նոյեմբեր 19, 2014 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր