ԷկոԼուր
Ապրիլի 1-ին աշխարհում նշում են Թռչունների պահպանման միջազգային օրը՝ սեւեռելու մարդկանց ուշադրությունը այս փոքր էակների պահպանման խնդիրներին: Իսկ ինչքանով են թռչունները ապահով մեր մայրաքաղաքում: ԷկոԼուրը Երեւանի բնակիչներից ստացավ լուսանկարներ, թե ինչպես են ագռավի բները ինչ-որ մարդիկ վայր գցում ծառերի վրայից՝ սպանելով այս թռչնատեսակների ձագերին: «Տեսնեմ, կտրում են ծառի այն ճյուղերը, որոնց վրա բներ են: Ասում եմ՝ ինչի եք բները վնասում, կտրողն ասում է, թե ահազանգ ունեն բնակիչներից, որ ագռավի կռկռոցը չի թողնում իրենց երեխային քնել: Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է նման նման դաժան կերպով վարվել թռչունների հետ: Իսկ մայր ագռավն ամեն կերպ փորձում էր օգնել իր ձագերին, բայց ապարդյուն»,- ԷկոԼուրին պատմեց բնակչուհին: Այս դեպքի առնչությամբ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանն ասաց. « Ով է թույլ տվել, որ ագռավների բները քանդեն, արդյոք խոսե՞լ են մասնագետների հետ, մասնագետների հետ հաշվարկե՞լ են՝ կարելի է արդյոք ինչ-որ քանակություն դուրս բերել քաղաքից: Սա լուրջ մասնագիտական խնդիր է և լուրջ մասնագետների հետ պետք է բանակցել, հասկանալ իրավիճակը ինչպիսին է քաղաքում թռչունների առումով: Կարծում եմ, որ սա շատ կոպիտ սխալ է: Ագռավները շատ սնվում են աղբով, և Երևան քաղաքն իրենց համար իդեալական բնակավայր է բազմանալու և ապրելու համար: Ագռավները սանիտարներ են, դա պետք է հաշվի առնել, նրանք մաքրում են մեր շրջապատը աղբից: Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր քաղաքում ագռավների քանակը քչանա, ապա մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք և քաղաքի աղբահանությանը, և կանաչապատմանը: Ինչքան շատ կանաչ տարածքներ ունենանք՝ այգիներ, ծառեր, այնքան շատ երգեցիկ թռչուններ կգան, ինչքան մաքուր լինի մեր քաղաքը աղբից, այնքան ագռավները քիչ կլինեն,- ասաց Սիլվա Ադամյանը:
Թռչնաբանի խոսքերով Երեւանում թռչնաշխարհը վերջին 30 տարիների ընթացքում ենթարկվել ու ենթարկվում է լուրջ փոփոխության: Քաղաքաշինության, կանաչ գոտիների նվազման արդյունքում շատ երգեցիկ թռչնատեսակներ հեռացել են Երեւանից, որոնք բացի այն, որ էսթետիկ հաճույք էին պատճառում մարդկանց իրենց երգցողությամբ եւ տեսքով, նաեւ նրանք միջատակերներ են: «Նույնիսկ բուսաբանները նշում են, որ կան միջատներով վարակված այնպիսի ծառեր, որոնց ոչ մի թունաքիմիկատ չի օգնում: Սակայն հնարավոր է, որ որոշ թռչնատեսակներ լինեին քաղաքում, որոնք կսնվեին այդ միջատներով եւ մենք չէինք ունենա ծառերի նման վարակ»,-ասաց Սիլվա Ադամյանը:
ԷկոԼուրի դիտարկմանը, թե Երեւանի քաղաքապետարանը ծառերի էտով պայքարում է նաեւ միջատների դեմ պայքարը եւ արդյոք այդ էտը նույնպես չի նպաստում թռչունների հեռանալուն, Սիլվա Ադամյանն ասաց. «Ինչքան քիչ կանաչ, ինչքան մեծ քանակությամբ նման որակի էտված ծառեր, ինչպիսիք մենք ենք տեսնում, իհարկե, տեղ չի լինի թռչունների համար բնադրվելու: Բայց ես ձեզ ասեմ, որ երգեցիկ եւ միջատակեր թռչունները փողոցի մոտ աճող ծառերի վրա չեն բնադրվի: Նրանց համար պետք է լինեն այգիներ: Ժամանակին մենք համալսարանի այգում բներ էինք տեղադրել, որտեղ խիտ ծառեր կային եւ լավ պայմաններ, հիմա գնացեք, տեսեք, ծառ կա՞: …Ամբողջ քաղաքը շատ խիտ բնակեցված է, և ճիշտ չի կառուցապատվում, բնապահպանական ոչ մի նորմ չի պահպանվում, դրա մասին բոլորս պետք է մտածենք՝ և պատկան մարմինները, և պարոն քաղաքապետը պետք է սա նկատի ունենա, և նաև պետք է դիմել բնապահպանության նախարարությանը, Բուսաբանության ինստիտուտին, եւ բոլորս միացյալ ուժերով գանք այս խնդրի լուծմանը»:
Լուսանկարները՝ Գոհար Հաջինյանի
Ապրիլ 01, 2016 at 19:53