Գերմանական KfW բանկը 23 208 483,13 եվրո գումարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար

Գերմանական KfW բանկը 23 208 483,13 եվրո գումարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար

ԷկոԼուր

Գերմանական KfW բանկը 23 208 483,13 եվրո գումարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար: Սույն թվականի նոյեմբերի 22-ին գործադիրը համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության և KfW բանկի միջև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի համապատասխան դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

8-ամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել`
- պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում
- անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ
- ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ,
- էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ
- խորհրդատվական ծառայություններ։

«Մեր կառավարության նպատակաուղղվածությունը և ռազմավարական մոտեցումը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելն է: Մենք առաջնորդվում ենք էկո Հայաստանի տրամաբանությամբ և դա նշանակում է, որ բնապահպանական հարցերում մենք լինելու ենք առավել նախանձախնդիր»,- ՀՀ կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակայան կայքի համաձայն` Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրով նախատեսվող սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: «Մենք ոչ միայն վարչական լծակներ ենք կիրառում բնության պահպանության համար, այլ նաև պիտի հետևողականորեն նոր հնարավորություններ ստեղծենք այն տարածաշրջանների բնակիչների, քաղաքացիների համար, որոնք հանգամանքների բերումով ոչ բնապահպանական որոշակի խնդիրներ հարուցելու միջոցով եկամուտներ ստանալը դարձրել են արդեն առօրյա աշխատանք: Ես ուզում եմ այսպիսի մի նկատառում անել, օրինակ ժամանակ առ ժամանակ կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում բնապահպանական առումով, ասենք՝ նույն Սևանա լճում ձկնորսության սեզոնների սահմանափակմամբ և այդպես շարունակ, անտառների պաշտպանության և պահպանության ուղղությամբ գործողություններ է ձեռնարկում, շատ դեպքերում դա ճիշտ արձագանքի չի արժանանում այդ տարածաշրջանի բնակիչների կողմից: Օրինակ՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի կամ անտառների պահպանության և պաշտպանվածության մակարդակը բարձրանա: Ո՞ւմ համար է դա արվում, այսինքն՝ դա առաջին հերթին բխում է այդ տարածաշրջանում ապրող մարդկանց շահերից»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ պետք է շատ հստակ հասկանալ այդ բնակիչների վիճակը և փորձել ոչ այնքան վարչական լծակներով, այլ ուղիղ երկխոսությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանության հարցում մեր հայրենակիցների մոտ նույնպիսի ընկալման և վերաբերմունքի ձևավորմանը, ինչպիսին կա բնապահպանների շրջանում: «Այսպիսի դրամաշնորհային ծրագրերը շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք մարդկանց ի վերջո համոզել, ցույց տալ ճանապարհը, որ անտառ չկտրելով կարելի է ավելի շատ գումար վաստակել, քան թե անտառ կտրելով: Անտառ կտրելն ուղղակի մեզ տանում է դեպի փակուղի»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Խոսելով նաև այդ տարածաշրջանի բնակիչներին վառելափայտ տրամադրելու հարցի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս ընթացքում 55 հազար խորանարդ մետր թափուկ վառելափայտ է անվճար հատկացվել մարդկանց: «Այսինքն՝ այդ վառելափայտը հատկացվել է առանց անտառին վնաս հասցնելու, և այս գործընթացը պետք է շարունակել»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Նա նշել է նաև, որ բնապահպանական խնդիրներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բրիկետների կամ պելետների արտադրությանը, այլընտրանքային վերականգնվող էներգետիկային: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել, որպեսզի այդ միջոցները հնարավորինս տարածվեն Հայաստանում, և այս նոր տեխնոլոգիաների կիրառումը նաև մեզ օգնի, որպեսզի անտառն իսկապես ավելի ռազմավարական նպատակների ծառայի»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ ապագայում նման միջոցներ ներգրավելու ամենակարևոր պայմանն վերոնշյալ ծրագրի արդյունավետ և թափանցիկ իրականացումն է: «Սա կարևորագույն խնդիր է և այս համատեքստում, կարծում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, մարզպետարանները, համայնքների ղեկավարները շատ լուրջ անելիք ունեն: Փաստացի ստացվում է, որ այս գումարի 10 մլն եվրոն ծախսվելու է այդ ուղղությամբ: Նրանք պետք է կոնկրետ ծրագրեր ներկայացնեն և ծրագրերի ընտրությունն էլ պետք է լինի`առաջին հերթին ընդհանուր ռազմավարական արդյունավետությունը հաշվի առնելով: Բոլոր ծրագրերը պետք է ներքին տրամաբանական շղթայով միմյանց կապված լինեն, որպեսզի գլոբալ արդյունքը լինի հնարավորինս մեծ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հանքարդյունաբերությանը: Նա մասնավորապես ասել է. «Մենք երբեք չենք ասել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը փակելու ենք, մենք ասում ենք, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով: Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկելու մեր երկրում այդպիսի ստանդարտներ հաստատելու համար»:

Նոյեմբեր 23, 2018 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր