ԳԻԼԱՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌՈՒՄ` ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ԳԻԼԱՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌՈՒՄ` ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ԷկոԼուր

«Ժողովուրդ «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում նորից սկսվել է ռեստորանաշինարարությունը: Համախմբվել է պետք ու, որպես առաջին քայլ, գոնե պետք է աղմկել և խնդրիը հասարակական քննարկման առարկա դարձնել»: Նման կոչ է պարունակում երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հաղորդագրությունը, որը գրվել է հունիսի 7-9-ը Խոսրով կատարած արշավից հետո: Մարիամը շարունակում է. «Կենդանիներ չեն թողել արդեն, որս են անում անտառապահից սկսած, հիմա էլ տարածքներին են անցել: Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եւ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունը»:

Դիմումում հակիրճ ներկայացված է Գիլանի խնդիրը: «Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության, եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն»: Մարիամը դիմում է խնդրանքով` տարածել այս հաղորդագրությունը բոլոր սոցիալական ցանցերով, բլոգերով, տեղեկատվական կայքերով: Միեւնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարում ահազանգել բնապապանության նախարարություն  եւ WWF-ի հայաստանյան գրասենյակ, պահանջել դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները:

«ԷկոԼուր»-ին տված մեկնաբանություններում WWF-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց. «Շինարարության դադարեցումը, ինչպես նաեւ հատուկ պահպանվող տարածքների վերահսկողության եւ կառավարման մյուս գործառույթներն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Մեր կազմակերպությունը վերահսկում է միայն սեփական ծրագրերը, որոնք ուղղված են հատուկ պահպանվող տարածքների աջակցմանն ու ուժեղացմանը: Մասնավորապես, դա վերաբերում է ռեժիմի ուժեղացմանը, տրանսպորտային միջոցների, դիտարկման տեխնիկական միջոցների` հեռադիտակների, ռացիաների եւ այլնի տրամադրմանը»:

Գիլանի ճակատագրի մասին հարցին Մանվելյանը պատասխանեց. «Մեզ, իհարկե, անհանգստացնում է Գիլանի ճակատագիրը, ինչպես եւ ողջ Խոսրովինը: Դա բարդ խնդիր է, որը դեռ խորհրդային ժամանակներից է գալիս: Մենք տեղյակ ենք, որ այնտեղ շինարարություն է սկսվել, բայց այն սառեցվել էր: Այժմ մենք մտադիր ենք մեկնել Խոսրով, որպեսզի ուսումնասիրենք իրավիճակը եւ հասկանանք, թե ինչ է այնտեղ կատարվում, եւ ինչ ծրագրեր ունի այդ կազմակերպությունը»:

«ԷկոԼուր»-ը նույնպես մտադիր է խումբ ուղարկել Խոսրով եւ ներկայացնել սեփական մոնիտորինգի արդյունքները:

Հունիս 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր