ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԵՆ ԴՐԱԽՏ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԳԻԼԱՆՈՒՄ

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԵՆ ԴՐԱԽՏ ԿԱՌՈՒՑՈՒՄ  ԳԻԼԱՆՈՒՄ

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» արգելոցի մեջ մտնող «Գիլան» ագելավայրի շուրջ ստեղծված իրավիճակը սրվում է: Ահազանգն այն մասին, որ արգելոցի սրտում` Գիլանում, կառուցվում են հյուրանոցային օբյեկտներ եւ հատվում են ծառեր, հնչեցրեց կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Հունիսի 12-ին Մարիամի հետ Խոսրով մեկնեց «ԷկոԼուր»-ի խումբը: (Տես լուսանկարները):

Հատված ծառեր մենք չտեսանք: Դժվար է շինարարական հրապարակում արմատախիլ արված ծառեր գտնել: Իսկ ինչ վերաբերում է Գիլանում շինարարական աշխատանքներին, ապա դրանք վերսկսել են:

Կառավարության 2007թ. մայիսի 24-ի N 673-Ն որոշմամբ Գիլան հատվածի կարգավիճակն ամենաբարձր արգելոցային գոտի կարգավիճակից  իջեցվեց մինչեւ ամենացածր` արգելավայր կարգավիճակի: Հետագա քայլերն ակնհայտ էին` 60 տարի ժամկետով 118 հա հողերի վարձակալության հանձնում (կառավարության 2007թ. նոյեմբերի 18-ի N1203-Ն որոշում) եւ կապիտալ շինարարության թույլտվություն: Այս կասկածելի որոշումների հիմքի վրա այժմ տրամադրվում են փաստաթղթեր, որոնք մեքենաներին թույլ են տալիս շինանյութով անցնել ողջ արգելոցի միջով, կուտակել շինարարական աղբը եւ այլն:

ՀՀ բնապահպանության նախարարության չինովնիկները կարգավիճակի փոփոխությունը բացատրում են նրանով, որ Գիլանի բնակիչների տնտսական գործունեությունը խանգարում էր արգելոցի խիստ ռեժիմի պահպանմանը, եւ ստիպված կարգավիճակը փոխել են: Սակայն Գիլանում բացի շինարարներից մենք ոչ ոքի չգտանք: «Այնտեղ ոչ ոք էլ չի ապրում… Ինչ-որ մեկը մնում է, որ հետեւի փեթակներին, այսքանը…եւ դա ընդհանրապես Գիլանն էլ չէ, դա Բայբուրտն է: Գիլան, թե Գիլանլար` դա մենք ենք»,- ասացին մեզ Խոսրովի իրական բնակիչները` Գիլանլարում ապրողները: Գիլանլարը «Գիլան» արգելավայրից գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա` արգելոցի հենց սահմանին: Իսկապես, Գիլանը հենց նախկին Բայբուրտն է: Նախկինում` մինչ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, բնակեցված էր նաեւ  Բայբուրտը: Սակայն այնտեղ բնակվող ադրբեջանցիները հեռացան իրենց ողջ ունեցվածքով: «Նույնիսկ կովերին մեքենաներով իրենց հետ տարան»,- հիշում են գիլանլարցիները:

Այժմ Խոսրովի տարածքում բնակեցված է միայն Գիլանլարը: Այստեղ մոտ 30 տնտեսություն կա: Մարդիկ այստեղ եկել են 1950թ.: Այդ ժամանակ նրանց պարտադրաբար են տեղափոխել: 1985թ. գյուղը ներառեցին Խոսրովի արգելոցի կազմի մեջ, իսկ հիմա ստիպողաբար դուրս են հանում:
Գյուղում գազ չկա, դպրոցը վաղուց է փակվել: Անձնագրում նշված է ծննդավայրը` Գիլանլար, բայց գրանցումը` Արարատի մարզի մյուս բնակավայրերում: Բնակիչները բազմիցս դիմել են պետական մարմիններին` խնդրելով թույլ տալ սեփականշնորհել իրենց ունեցածը: «Մենք ուզում ենք, որ այդ հարցը լուծվի, որպեսզի գան, գնահատեն եւ փաստաթուղթ տան»,- ասում է միջին տարիքի տղամարդը: 70-ամյա Անդրանիկ Մխիթարյանի խոսքերով` « մինչեւ հիմա չի մնացել որեւէ մեկը, ում դիմած չլինենք` եւ' նախագահին, եւ' վարչապետին,  բայց մեզ  այդպես էլ որպես սեփականատեր չեն ճանաչում»:

Սեփականության իրավունքի ճանաչման մերժումը հիմնավորված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի նամակում: Նամակում նշված է, որ հատուկ պահպանվող տարածքները սեփականացման ենթակա չեն: Եւս  մեկ հիմնավորում`բնապահպանության նախարարության 2010թ. մայիսի 17-ի նամակում. «Ձեր գործունեեությամբ խախտում եք վերոհիշյալ օրենքի պահանջները («Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք), ինչի հետեւանքով լուրջ խոչընդոտներ եք առաջացնում պետական արգելոցի կանոնադրական խնդիրների լուծման եւ արգելոցի բնապահպանական գործառույթների իրականացման համար»: Նախարարությունը գիլանլարցիներին կոչ է անում Խոսրովի արգելոցի տարածքում դադարեցնել տնտեսական գործունեությունը եւ զգուշացնում է, որ հակառակ դեպքում արգելոցի ղեկավարությունը ստիպված կլինի դիմել իրավապահ մարմիններին:

Անկասկած արգելոցում ռեժիմը չի կարող մի ամբողջ գյուղի ներկայությունը հանդուրժել:  Սակայն հարց է առաջանում` ինչու է արգելավայրի կարգավիճակ ստացել ոչ մեկի կողմից չբնակցեցված Բայբուրտը, այլ ոչ բնակեցված Գիլանլարը: Ինչու որոշակի անձանց հնարավորություն է տրվել տնտեսական գործունեություն իրականացնել հենց Խոսրովի կենտրոնում սեփականության իրավունքով, իսկ գիլանլարցիներին այդ իրավունքում մերժում են: Այս եւ այլ հարցերի ուղիղ եւ ճիշտ պատասխանների մենք չհասանք: Հարցրեցինք նրանց, ովքեր հետեւում են այսպես կոչված օբյեկտների շինարարությանը: «Ի՞նչ եք կառուցում` դրախտ, դրախտ ենք կառուցում»,- ասաց մի երիտասարդ, ով շշերն էր սառեցնում տարածքում  հոսող աղբյուրի մեջ:

Հունիս 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր