

Անահիտ Փիլոսյան, Հայք
Էկոտուրիզմի սիրահար Հովիկ Աբրահամյանի պլանները կարծես թե ձախողվում են: Ճիշտ է, բնապահպանության նախարարությունը վերջնական արգելք չի դրել «Գիլան» արգելավայրում ընթացող շինարարությանը, սակայն նախարար Արամ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է ստեղծվի հանձնաժողով շինարարության վերաբերյալ, իսկ մինչ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը չպետք է շարունակվեն շինաշխատանքները: Թե ինչպիսին կլինի նախարարության վերջնական դիրքորոշումը, պարզ չէ:
«Մինչեւ հասկանանք, թե այստեղ ինչպես ենք կողմնորոշվում, կատեգորիկ բացառում եմ, եւ նույնիսկ թույլտվության շրջանակներում, եթե ինչ-որ մեկն իր ձեռքի տակ ունի ուղղակի հաստատված նախագծեր, որ պիտի դնի, քարով, բետոնով կառուցի, կատեգորիկ արգելում եմ, պատասխանատվությունը ձեզ վրա է, պարոն տնօրեն: Դուք պարտավոր եք մեզ ահազանգել, տեղեկացնել, եթե պետք լինի, ես անձամբ կգամ ու կդադարեցնեմ»,-նախարար Արամ Հարությունյանի խոսքերը բառացի մեջբերել է «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը, այլեւս չկարողանալով անտեսել բնապահպանների բարձրացրած բողոքի ձայնը, հկ-ների հետ այցելեց «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որի կազմում գտնվող «Գիլան» արգելավայրում կառուցվում է հյուրանոց` էկոտուրիզմի զարգացման անվան տակ: «ԷկոԼուրը» տեղեկացնում է նաեւ, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախարարն ասել է, թե նախ պետք է ուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը, որից հետո պարզ կդառնա նախարարության անելիքը: Միեւնույն ժամանակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանին հանձնարարել է կատեգորիկ արգելել Գիլան արգելավայրում կատարվող կապիտալ կառույցի շինարարության ընթացքը:
Հետաքրքրական է, որ բնապահապանության նախարարության տարածած հաղորդագրությունն իր «տոնով» բոլորովին տարբերվում է «ԷկոԼուրի» հայտնած տեղեկատվությունից: Պաշտոնական հաղորդագրության մեջ նախարարի խոստման մասին շինարարության կտրուկ արգելքի մասին խոսք չկա: «Նախարար Արամ Հարությունյանը տեղում որոշ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումներին եւ առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, ներգրավելով նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` ծագած խնդիրների լուծման նպատակով առաջարկություններ մշակելու եւ ներկայացնելու համար:
Բնապահպանական հասարակական կազմակերպությունները ողջունեցին նախարարի պատրաստակամությունը համագործակցելու իրենց հետ եւ հույս հայտնեցին, որ հանդիպումները կլինեն շարունակական եւ կտան դրական արդյունք»,- ահա այսպիսին է պաշտոնական տեսակետը նախարարի այցի վերաբերյալ: Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ պետք է ստեղծվի հանձնաժողով, որը պետք է քննի այսպես ասած շինությունների նպատակահարմարության հարցը:
Նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանից մենք փորձեցինք հետաքրքրվել, թե երբ է ձեւավորվելու հանձնաժողովը, երբ են քննվելու վիճահարույց հարցերը, կարճ ասած, երբ է որոշվելու շինությունների հետագա ճակատագիրը: Նախ պարոն Աղասյանն ասաց, որ նախարարն ասել է ոչ թե պետք է կանգնեցվի եղածը, այլ պետք է կանգնեցվի նոր օբյեկտների կառուցումը, հետո էլ ավելացրեց, որ կառուցվող օբյեկտների շինարարությունը պետք է դադարեցվի մինչեւ կազմակերպությունը ներկայացնի պահանջված նախագծային բոլոր փաստաթղթերը: «Մնալու, թե չմնալու հարցը պետք է դրվի քննարկման, իսկ թե երբ կլինի, չեմ կարող ասել»,-ասաց նա: Նշենք, որ կառավարության 2007թ. մայիսի 24-ի N 673-Ն որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայրը` 118հա մակերեսով, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ի N 1203-Ն որոշման հիման վրա «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի եւ «Հովազաձոր» ՍՊԸ-ի տնօրենների միջեւ 2008թ հունվարի 14-ին, կնքվել է վարձակալության ու կառուցապատման պայմանագրեր, համաձայն որոնց, նախատեսվում է կառուցել այցելուների կենտրոն` էկոտուրիզմի զարգացման նպատակով:
Ստացվում է, որ բնապահպանության նախարարությունում շինարարության նախագիծը կամ առհասարակ բնապահպանության փորձաքննություն չի անցել, ինչը պարտադիր է, կամ էլ անցել է անհայտ սկզբունքներով: Այն, որ նույն տարվա սկզբում ստեղծվեց «Գիլան» արգելավայրը, հետո այն տրվեց վարձակալության «Հովազաձոր» ՍՊԸ-ին բոլորովին էլ պատահական չէ. անհրաժեշտ էր համապատասխան իրավական դաշտը, քանի որ թույլ պահպանության արգելավայրի ռեժիմը թույլ է տալիս այն, ինչը հնարավոր չէ արգելոցի պայմաններում: Քանի որ նախարարությունն էլ ուներ համապատասխան պատճառը` տարածքում մարդիկ են ապրում, առիթը բաց չթողնվեց: Դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կունենա շինարարության ընթացքը, սակայն տրամաբանությունը հուշում է, որ եթե «Գիլանին» թողնվի նույն կարգավիճակը, շատ ավելի հեշտ կլինի շարունակել սկսած գործը: Բնական է, որ այս դեպքում բնապահպանները շահագրգռված են, որ նախարարությունը վերանայի թե կառավարության որոշումը կարգավիճակի փոփոխության վերաբերյալ, թե վարձակալության պայմանագիրը:
«ԷկոԼուր» հկ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում ասաց, թե հույս ունեն, որ նախարարությունը, երբ ուսումնասիրի այդ փաստաթղթերը, կհասկանա, որ երկու որոշումները շատ սխալ են եղել եւ չեն համապատասխանում արգելոցի շահերին: «Դա ոչ միայն «Գիլանի» շահերից չի բխում, այլ` ամբողջ անտառի: Մենք հույս ունենք, որ նրանք դա կհասկանան եւ «Գիլանին» վերադարձնեն իր նախկին կարգավիճակը: Ինչպես կարելի է արգելոցի մեջտեղը արգելավայր ստեղծել»,-նշեց տիկին Զարաֆյանը: Նախարարության ներկայացուցիչ Արամ Աղասյանը, սակայն, առայժմ նման մոտեցումը նպատակահարմար չի համարում, քանի դեռ արգելոցի տարածքում ապրողների հարցը լուծված չէ:
Բնական է, որ Հովիկ Աբրահամյանը եւս ուրախ չի լինի նման փոփոխությունից: Նկատենք, որ մամուլը հենց շինարարության սկզբից շրջանառեց, որ շինարարության իրական հեղինակը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, այլ կերպ ասած, «Հովազաձոր» ՍՊԸ-ի հետեւում նա է կանգնած: Այս լուրերն, ի դեպ, ոչ Հովիկ Աբրահամյանն է մինչ օրս հերքել, ոչ էլ բնապահպանության նախարարությունը: Իսկ թե ինչու է Արամ Հարությունյանը որոշել իր կուսակից ընկերոջ գործերին միջամտել, դեռ բոլորովին պարզ չէ: Կարելի է մտածել, որ նախարարի մեջ բնապահպանն ավելի բարձր է եղել, քան ՀՀԿ-ականը, այդ պատճառով է նման որոշում ընդունել:
Հաշվի առնելով սակայն վերջին շրջանի իրողությունները` կարելի է ենթադրել նաեւ, որ Արամ Հարությունյանի քայլը բոլորովին էլ պատահական չէ: Վերջերս Հովիկ Աբրահամյանի եւ ոչ մի բիզնես ծրագիր իշխանությունները չեն թողնում, որ իրականություն դառնա:
Օրինակ, ցանկանում էր Մասիս քաղաքում դատարանի շենքում սուպերմարկետ կառուցել, հաջողության չհասավ: Հայրենի Արարատի մարզում նոր գազալցակայաններ հիմնելու ծրագրերը եւս անորոշ ժամանակով սառեցվել են: Այնպես, որ բացառված չէ, որ «Գիլանում» էկոտուրիզմ զարգացնելու նրա մտադրությունները այդպես էլ մնան բարի ցանկությունների մակարդակում:
Հունիս 29, 2010
