

Aysor.am
Հայաստանում ջերմաստիճանի այս աստիճան բարձր լինելու պատճառով թերևս ակնկալվում է հատուկ պահպանվող տարածքների էլ ավելի հատուկ պահպանում։ Այս տարածքներում հրդեհների բռնկման դեպքում ստեղծվելու է արտակարգ իրավիճակ` շուրջբոլորը խոտեր են, ծառեր ու թփուտներ, հանգցնելը` ծայրաստիճան դժվար:
Aysor-ի հետ հեռախոսազրույցում ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ բաժնի ղեկավար Արծրուն Պեպանյանը նշեց, որ նախարարությունը հատուկ պահպանվող տարածքներում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում է:
«Առաջիկա մեկ շաբաթվա մեջ հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում` եղանակային առումով»,- ընդգծեց Ա. Պեպանյանը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից Սևան ազգային պարկում է եղել հրդեհի դեպք` հանգստացողների կողմից կրակի հետ անփույթ վերաբերմունքի արդյունք. վնասվել է մի քանի հա տարածք, այրվել են գիհենու ծառեր:
«Արևիկ ազգային պարկի մերձակայքում է հրդեհի դեպք եղել, մեր աշխատակիցները հանգցրել են»,- նշեց Ա. Պեպանյանը։
Անտառներում բռնկող հրդեհները հաճախ այնպիսի լեռնային, անմատչելի վայրերում են լինում, որ միայն մարդը կարող է գնալ. Պեպանյանը կարևորեց հակահրդեհային փոքր չափսի ինքնաթիռներ ունենալը։ Բնապահպանության նախարարությունը նման տեխնիկա չունի:
Ունի որոշակի տեխնիկա, «ունեցածն էլ դրսի կառույցների նվերներն են»:
Իսկ ինչպիսի՞ն է Խոսրովի արգելոցի վիճակը. Որոշ հատվածներում մարդիկ կարող են հանգիստ գնալ, խարույկ վառել և նրանց ձեռքը ոչ ոք չի բռնում:
«Վերահսկողությունն էլ դժվար է այդ ամբողջ տարածքի վրա»,- խոստովանեց Արծրուն Պեպանյանը և ընդունելով նախարարությա մեղքի բաժինը նշեց, որ պետք է փորձել հանրության ինքնագիտակցությունը բարձրացնել:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը ևս մեկ անգամ դիմեց ազգաբանկչությանը` անտառային տարածքներում լինելու ժամանակ խարույկներ վառել այնտեղ, որտեղ նախատեսված է:
Օգոստոս 03, 2010
