Aysor.am
Խոսրովի արգելոցի տարածքում ՀՀ կառավարության 2007թ.-ի մայիսի 24-ի որոշման համաձայն արգելոցի «Բայբուրդ» կոչված 118 հա հատվածը, անվանվելով Գիլան, անջատվել է արգելոցից և ստացել արգելավայրի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ արգելոցն ու արգելավայրը իրարից տարբերվում են իրենց կարգավիճակներով. արգելոցն ունի խիստ ռեժիմ, արգելված է գիշերակացը, անգամ` վրան խփելը, այնտեղ կարելի է միայն տեսուչների ուղեկցությամբ զբոսնել, ծանոթանալ կենսաբազմազանությանը… արգելավայրի կարգավիճակը ավելի ցածր է պաշտպանվածության առումով` այն կարելի է վարձակալության տալ, շինարարություն իրականացնել, գիշերակացը թույլատրված է:
Վերջին շրջանում չեն դադարում Գիլան արգելավայրի շուրջ բուռն քննարկումները` Գիլանում ընթացող շինարարության հետ կապված ևս։ Ուստի` հուլիս ամսին բնապահպանության նախարարությունում ստեղծվել է 6 հոգուց բաղկացած հանձնաժողով:
Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի Գիլան արգելավայրում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքը, ինչպես նաև Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում գտնվող Գիլան կոչվող գյուղատեղիում առկա տնտեսությունների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով. իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնի բնապահպանության նախարարին:
Հանձնաժողովում, բացի բնապահպանության նախարարության աշխատակիցներից, ընդգրկված են երկու բնապահպանական հասարակական կազմակերպություններ` «Էկոտուրիստական ասոցիացիա»-ն և «Հայկական բուսաբանական ընկերություն»-ը ներկայացնող Ժանան Գալյանը և Գոհար Օգանեզովան, ովքեր նաև Էկոլոգիական հայկական դաշինքի ներկայացուցիչներ են:
«Խոսրովի վրա այդքան դողում ենք, պարզվում է Խոսրովը մեջ-մեջ են անում: Եթե մենք Խոսրովից կարող ենք այս կտորը կտրել, ապա ինչո՞ւ չենք կարող մյուս կտորը կտրել. այնքան լավ կտորներ կան` բոլոր կողմերում»,- զայրացավ «Էկոտուրիստական ասոցիացիա» կազմակերպության ղեկավար Ժ. Գալյանը` Aysor-ի հետ հեռախոսազրույցում։
Նշեց, որ այժմ Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է պատրաստում, որտեղ ասվում է, որ բնապահպանները աշխատանքային խմբի ստեղծումը գնահատում են որպես դաշինքին մտահոգող` Խոսրով արգելոցում անօրինականորեն Գիլան արգելավայր ստեղծելու հարցից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ:
«Աշխատանքային խումբը պետք է ունենա նպատակ` ուսումնասիրել Գիլան պետական արգելավայր ստեղծելու և, արդյունքում, Խոսրովի անտառ պետական արգելոցի մի մասի կարգավիճակի իջեցնելու ժամանակ ներկայացրած պաշտոնական հիմանվորումը, նպատակահարմարությունը և օրինականությունը»,- ընդգծեց բնապահպանը:
Ըստ Ժաննա Գալյանի, բնապահպանները կմասնակցեն նախարարությունում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին` միայն վերոշարադրյալ նպատակը հետապնդող աշխատանքային խմբի կազմում:
Օգոստոս 13, 2010
