Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմանդրամի արձագանքը՝ ԷկոԼուրի հրապարակման վերաբերյալ

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմանդրամի արձագանքը՝ ԷկոԼուրի հրապարակման վերաբերյալ

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմանդրամն արձագանքել է ԷկոԼուրի` հունվարի 22-ին «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի վերաբերյալ «2020թ-ին Սևանա լճում ցանցավանդակային եղանակով աճեցվել է 205.946 կգ ձուկ, ինչի համար լիճ է լցվել 192.311 կգ կեր» վերտառությամբ հրապարակմանը: 

Հիմնադրամի կողմից ուղարկված պատասխան նամակում նշված է.

«Հրապարակման մեջ առկա են որոշ անճշտություններ, ուստի խնդրում ենք անդրադառնալ մեր կողմից ուղարկված գրությանը:  

Համալիր ծրագրի շրջանակներում ի սկզբանե որպես հնարավոր առավելագույն ձկարտադրական տարեկան ծավալ նշված է եղել 50,000 տոննա, սակայն մինչ օրս դիմել և ստացել ենք առավելագույնը 2000 տոննա արտադրության թույլտվություն` հիմնված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վրա։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ 2000 տոննա ձկնարտադրության ծավալներին հասնելու համար գործող ենթակառուցվածքները` մանրաձկան գործարան, ցանցավանդակային տնտեսություն, տեխնիկաներ և այլն, բավարար չեն և մինչև 2024թ. հնարավոր է ունենալ ոչ ավելի քան տարեկան 500 տոննա ձկնարտադրություն: 

Ձեր կողմից նշվում է, որ ցանցավանդակներում հակաբիոտիկներ են օգտագործվում: Այդ տեղեկությունը սխալ է` սկսած 2019թ. ձկներին չի տրվել որևէ բուժանյութ, այդ թվում՝ հակաբիոտիկներ և ցանցավանդակային տնտեսությունում անգամ հնարավոր հիվանդությունների ի հայտ գալու դեպքում հակաբիոտիկների կիրառություն չի նախատեսվում։ 

Ձեր կողմից նշվում է, որ ըստ Գերմանիայի Դաշնության Շրջակա միջավայրի ուսումնասիրման Հելմհոլց կենտրոնի Լճերի հետազոտման բաժնի գիտնականների կողմից 

տրամադրված հաշվետվության Սևանա լճի ամենից աղտոտված հատվածը ցանցավանդակային տնտեսության տարածքն է: Պետք է նշել, որ նշված կազմակերպության աշխատակիցները համագործակցել են մեզ հետ և նման տեղեկություն նրանց կողմից չի նշվել։ Այս տեղեկությունն անարժանահավատ է նաև այն պատճառով, որ վերջիններս ուսումնասիրել են Սևանա լճի 3, կամ 4 դիտակետ, որոնք և գտնվել են Սևանա լճի հիմնական աղտոտիչ հանդիսացող գետերի գետաբերաններից հեռու` Մեծ և Փոքր Սևանների ամենախորը հատվածներում, ինչպես նաև ցանցավանդակային տնտեսության տարածքում: Նշված ուսումնասիրության հիմնական նպատակն է եղել այն մեթոդի վերհանումը, որը թույլ կտա հատակային նստվածքների միջոցով գնահատել ցանցավանդակային տնտեսության ազդեցությունը Սևանա լճի վրա։ 

Այս հետազոտության արդյունքները հատկապես կարևոր են, քանի որ թույլ են տալիս գնահատել ինչպես ցանցավանդակային տնտեսության, այնպես էլ՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, անասնապահության, կումունալ կենցաղային հոսքաջրերի, վայրի բնության մեջ փտող բուսականության և այլ աղտոտման աղբյուրների ազդեցությունը անգամ տարիներ անց, քանի որ սովորաբար ազդեցության գնահատումն առավել հավաստի է, երբ հատակային նստվածքների վերին շերտերում առկա աղտոտիչներն այլևս չեն լուծվում ջրում։ 

Միևնույն ժամանակ, խնդրում ենք հնարավորության դեպքում տրամադրել մեզ ցանկացած հավաստի տեղեկատվություն, հաշվետվություն, քանի որ Սևանի իշխանի պաշարների 

վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամն ամենից շատն է մտահոգված Սևանա լճի խնդիրներով և Սևանա լճի աղտոտումն առաջին հերթին հենց մեր ծրագրի վրա է վատ անդրադառնում: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս հնարավոր չի եղել գրանցել ցանցավանդակային տնտեսության աղտոտման արդյունքները (աղտոտումն այնքան թույլ է, որ ժամանակակից սարքավորումները չեն կարողանում գրանցել ջրում լուծված աղտոտիչների կոնցենտրացիոն տարբերությունը ստուգիչ կետերի համեմատությամբ) և տնտեսության շրջակայքում չի նկատվում աղտոտման որևէ հետևանք, մենք շարունակում ենք մեր գործունեությունը տվյալ հատվածում։ 

Այնուամենայնիվ, եթե Ձեզ մոտ առկա է հաշվետվություն, համաձայն որի ցանցավանդակային տնտեսության տարածքն աղտոտված է և առավել ևս ամենաաղտոտվածն է Սևանա լճում, ապա խնդրում եմ այդ տեղեկությունը հրապարակել կամ տրամադրել Հիմնադրամին, հակառակ դեպքում չտարածել ոչ ստույգ, կեղծ տեղեկատվություն»։ 

Մեր կողմից նշենք, որ ցանցավանդակների տարածքում ֆոսֆորի կոնցենտրացիաների ավելի բարձր լինելու մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը 2019թ. հունիսի 5-ին Շրջակա միջավայրի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ հղում անելով Գերմանայի ինստիտուտի հաշվետվությանը, որը ներկայացվել է նախարարություն:

«Ֆոսֆորի պարունակությունը Սևանա լճում աճում է մի քանի տարբեր աղբյուրներից, ներառյալ «Սևանի իշխան»-ը: Մենք հետազոտություններ ունենք, այս պահին անում ենք, բայց նաև գերմանական ինստիտուտն է ուսումնասիրություն կատարել, և հաշվետվությունը, որ նրանք մեզ ներկայացրել են, «Սևանի իշխան»-ի ցանցավանդակների տարածքում ֆոսֆորի կոնցենտրացիաներն առավել բարձր են, քան այլ տարածքներում: …Եթե մասնագետները ցանցավանդակային տնտեսությունից առաջացող ֆոսֆորային կոնցենտրացիաները խնդրահարույց համարեն, ապա որոշում կկայացնենք դրանց հեռացման հետ կապված»,-իր խոսքում մասնավորապես ասել էր Էրիկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է հաշվետվությանը, ապա այն փակ է հասարակության համար և նրա հետ ծանոթանալու համար պետք է դիմել Շրջակա միջավայրի նախարարություն:

Սևանում ցանցավանդակային տնտեսության վերաբերյալ նախարարի խոսքը դիտեք տեսանյութում 38:17 րոպեից սկսած:



Փետրվար 05, 2021 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր