Արմաշում էկոաշխարհ ստեղծելու համար անհրաժեշտ է 32 հազար դոլար

Արմաշում էկոաշխարհ ստեղծելու  համար անհրաժեշտ է 32 հազար դոլար

«Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հարթակում դրամահավաք է նախաձեռնել Արարատի մարզի Արմաշի արհեստական լճերի հարևանությամբ էկոաշխարհ հիմնելու նպատակով: Տիգրան Մաթևոսյանի հաշվարկներով էկոաշխարհի ստեղծման համար անհրաժեշտ է 32 հազար դոլար: Նշենք, որ էկոգոտու տարածքը «Birdlife International» միջազգային կազմակերպության կողմից քարտեզագրված է որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տիգրան Մաթևոսյանը նպատակ ունի այդ տարածքը դարձնել վայրի թռչունների համար ապաստարան, որտեղ կբացառվի որսը, կզարգանա էկոտուրիզմը, կիրականացվեն թռչնադիտարկումներ:

«Արմաշը Հայաստանի ամենահարուստ թռչնաբանական տարածքնների շարքում է: Ցավոք, լճակների տերերից շատերը նախընտրում են չորացնել լճերը և օգտագործել այլ նպատակների համար: Ավելին, սա սրվում է որսագողության ակտիվացման հետ: Անհրաժեշտ է շտապ, կարեկցող մոտեցում` առավելն բացասական հետևանքներից խուսափելու համար: Պատրաստ եմ սեփականության իրավունքով ինձ պատկանող 3.5 հեկտար տարածքում ստեղծել թռչնաբանական պահպանվող տարածք, որի պահպանությունն ու խնամքը անձամբ կիրականացնեմ։ «Էկոաշխարհ»-ի ստեղծմամբ ջրլող և ջրամերձ թռչունները հնարավորություն կունենան ազատորեն ու անվնաս բնադրել իրենց կենսավայրում և պաշտպանված լինել»,- մասնավորապես նշված է Տիգրան Մաթևոսյանի՝ դրամահավաքի վերաբերյալ հայտարարության մեջ։ 

ԷկոԼուրի հետ զրույցում Տիգրան Մաթևոսյանն ասաց, որ նախատեսում է հավաքված գումարով այդ տարածքներին հարող հողամասեր գնել, փոքրիկ լճակ ստեղծել և ցուցանականերով առանձնացնել մյուս հատվածներից՝ հստակեցնելով, որ այն պահպանվող տարածք է, և որսն արգելվում է: Ըստ Մաթևոսյանի՝ լճակ կառուցելու համար անհրաժեշտ կլինի 2 միլիոն դրամ, 13 միլիոն դրամ հավելյալ 4-5 հեկտար հողատարածք գնելու և 2 միլիոն դրամ էլ պահակատնակ ու 2 թռչնադիտարկման աշտարակ կառուցելու համար:

Մինչ այդ, Տիգրան Մաթևոսյանն էկոաշխարհը հիմնելու նպատակով սեփական միջոցներով իր հողամասի սահմանի երկայնքով և Արմաշի արհեստական լճերի հարևանությամբ, նախկին խոտհարքերում, մի քանի անգամ ծառատունկ էր իրականացրել։ Սակայն ծառերի մեծ մասը հրդեհների հետևանքով այրվել են: 

«Այդտեղ ծառատունկ պետք է իրականացնենք՝ դեկորատիվ և պտղատու ծառերով: Նախորդ տարի իրականացրած ծառատունկը կրկին հրդեհվել է: Դրա դեմն առնելու համար կարևորը մի քանի հեկտար հողատարածք գնելն ու դրենաժավորելն է»,- նշեց նա:  

Ըստ Մաթևոսյանի՝ եթե մինչև հուլիս հնարավոր լինի հավաքել պահանջվող գումարի մի մասը, ապա կկարողանան հստակ գործողություններ իրականացնել: «Մինչ տարեվերջ կհստակեցվի աշխատանքների ընթացքը և դա կլինի հասանելի հանրության համար: Մարդիկ կտեսնեն, որ իրենց նվիրաբերած գումարը ուղղվել է միայն բնապահապանական նպատակների իրականացմանը»,- նշեց նա:

Լուսանկարը՝ Տիգրան Մաթևոսյանի

Ապրիլ 14, 2021 at 12:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր