Հայաստանում մեկնարկել է սիրողական ձկնորսության շրջանը

Հայաստանում մեկնարկել է սիրողական ձկնորսության շրջանը
2022թ. փետրվարից Հայաստանում մեկնարկել է սիրողական ձկնորսության շրջանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը օրերս ստորագրել է 2022թ. ընթացքում ՀՀ ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: 
 
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները: Մասնավորապես թույլատրվում է որսալ կարմրախայտ, ծիածանախայտ ֆորել, կովկասյան թեփուղ, սպիտակ ամուր, սև ամուր, կուրի կողակ, կուրի բեղաձուկ, ճանար, արևելյան տառեխիկ, ծածան, սպիտակ հաստաճակատ, խայտաբղետ հաստաճակատ, արծաթափայլ կարաս, բրամ, լոքո ու խեցգետին, բացառությամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում: Հրամանով սահմանվում է, որ արգելվում է խեցգետին որսալ Սևանա լճից, ինչպես նաև դրա բազմացման ժամանակահատվածում: Որսի արգելքը տարածվում է նաև ՀՀ ջրածածկ տարածքներում բնակվող այն կենդանատեսակների վրա, որոնք սահմանված չեն եղել հրամանի մեջ:
 
«Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։
Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
 

Փետրվար 21, 2022 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր