Արգելվեց կրկեսում վայրի կենդանիների օգտագործումը

Արգելվեց կրկեսում վայրի կենդանիների օգտագործումը

2022թ. մարտի 23-ին ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել  վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Վայրի կենդանիների ցանկը հաստատելու է լիազորված մարմինը։ 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի օգտին քվեարկել են 60 պատգամավոր, 27-ը՝ ձեռնպահ է մնացել: 

Նախագծի ընդունումը կենդանասերների և հանրության կողմից դրական արձագանքի արժանացավ: Սակայն կրկին բարձրացվեց Երևանի պետական կրկեսի շենքի գործարկման հարցը: 2011 թվականից կրկեսի շենքը վթարային վիճակում էր, 2012թ. այն պայթեցվեց՝ նոր շենք ունենալու նպատակով։ Դրանից հետո արդեն շուրջ տասը տարի կրկեսի նոր շենքի բացման ժամկետը երկարաձգվում է: Շինաշխատանքների ժամանակացույցի փոփոխման պատճառների թվում է եղել նաև 2020թ. կորոնավիրուսային համավարակը, մյուս կողմից որոշ սարքավորումների ներկրման գործընթացն է ձգձվել: 

Թե երբ կրկեսը կբացի իր դռները հանդիսատեսի առջև այսօր հստակ պատասխան չունեն նաև կրկեսի արտիստները: Կրկեսի գլխավոր ռեժիսոր և կենդանավարժ Նաիրա Պետրոսյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ կրկեսի շենքի վերանորոգումը դեռ չի ավարտվել. «Միայն Աստված գիտի, երբ կլինի: Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ»,- ասաց նա: Նաիրա Պետրոսյանը կրկեսում վայրի կենդանիների օգտագործումն արգելող նախագծի կողմնակիցներից է: Ըստ նրա՝ սա հնարավորություն կընձեռի արտիստներին այլ ժանրերում ավելի մասնագիտանալ: «Ճիշտ որոշում է: Միայն կեդանին չէ, որ կրկեսում կարելի է տեսնել: Ավելի հետաքրքիր, օրիգինալ ժանրերի համարներ ունենք: Դրանք կզարգանան: Մեր ներկայիս համարներում կենդանիները չեն մասնակցում»,- նշեց նա: 

Հարցին, թե արդյո՞ք նոր որոշումը կարող է դժվարություններ ստեղծել իրենց աշխատանքում կամ որոշ մասնագետների անգործության մատնել՝ Նաիրա Պետրոսյանը նշեց. «Երկար տարիներ զբաղվել եմ կենդանավարժությամբ, բայց նաև այլ մասնագիտություն ունեմ՝ մարմնամարզություն, աճպարարություն: Կարծում եմ՝ ոչ ոք աշխատանք չի կորցնի, որովհետև յուրաքանչյուր դերասան, ով զբաղվում է կենդանավարժությամբ, ունի երկրորդ և երրորդ մասնագիտությունը»,- ասաց նա: 

Մարտ 23, 2022 at 18:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր