Մայիսի 22-ը՝ Կենսաբազմազանության միջազգային օր, ինչ նոր տեսակներ են հայտնաբերել հայ գիտնականները

Մայիսի 22-ը՝  Կենսաբազմազանության միջազգային օր, ինչ նոր տեսակներ են հայտնաբերել հայ գիտնականները

Մայիսի 22-ին մի շարք երկրներ նշեցին Կենսաբազմազանության միջազգային օրը: 2022 թվականի օրվա թեման է «Կառուցել ընդհանուր ապագա բոլոր կենդանի էակների համար»: Այս տարվա թեման փոխանցում է այն գաղափարը, որ կենսաբազմազանությունը, ներառյալ էկոհամակարգային մոտեցումը և բնության վրա հիմնված լուծումներն առողջության, սննդի և ջրի անվտանգության և կայուն կենսապահովման համար այն հիմքն են, որոնց վրա մենք կարող ենք կառուցել ավելի լավ ապագա: 

Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տվյալների՝ աշխարհում նկարագրված է մոտ 1,75 միլիոն տեսակ, որոնց մեծ մասը միջատներ են: Մինչդեռ, ըստ տարբեր գնահատականների, տեսակների իրական թիվը տատանվում է 3-ից մինչև 100 միլիոնի սահմաններում: Սակայն այսօր աշխարհում մարդու գործունեության հետևանքով անհետանում են շատ բուսատեսակներ և կենդանատեսակներ, ինչպես նաև շատ տեսակների քանակը նվազում է: Բայց նաև մասնագետները հայտնաբերում են գիտության համար նոր տեսակներ:

Նոր տեսակների հայտնաբերումից անմասն չեն մնացել նաև հայ գիտնականները: «ՀՀ ԳԱԱ 2021թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներ» հաշվետվության համաձայն՝ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողների կողմից գիտության համար նկարագրվել է նոր տեսակ՝ Acer hajastana Papikyan, աշխարհի պալեոֆլորայի համար՝ 13 նոր տեսակ, Հայաստանի պալեոֆլորայի համար առաջին անգամ` 2 նոր ցեղ (Aulacomnium Schwagr. և Brassaiopsis Decne. & Planch.) և 24 նոր տեսակ:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտնականներն էլ հայտնաբերել են Հայաստանի ֆաունայի համար  բզեզների 6 և հրաթիթեռների (Lepidoptera, Pyraloidea) 1 նոր տեսակ, Հայաստանի ֆաունայի համար բույսերի վնասատու տզերի 4 նոր տեսակ: Բացահայտվել են Աղստև գետի և նրա Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) և երկթևանիների (Diptera) նոր տեսակներ:

Մայիս 23, 2022 at 10:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր