Աղտոտված արագիլներ՝ Արարատի մարզի Դաշտավան գյուղում

Աղտոտված արագիլներ՝ Արարատի մարզի Դաշտավան գյուղում

Արարատի մարզի Դաշտավան գյուղում բազմաթիվ աղտոտված արագիլների տեսանյութ է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լևոն Գալստյանը: Տեսանյութի տակ նա գրել է.

«Արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում բնության նկատմամբ մեր բոլորի վերաբերմունքի պատճառով։ 7-8 տարի է՝ այս խնդիրն այդպես էլ չեն կարողանում լուծել պետական կառույցները։ Այս ահազանգը ստացել ենք Արարատի մարզի Դաշտավան գյուղից, որտեղից մեզ հայտնեցին, որ կան մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ»։

Դեռ 2021թ-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարեց, որ արդեն իսկ առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։ «Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։ Գործ ունենք, մասնավորապես, համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման և հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։ Պետք է՝ որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ։ Բնականաբար, կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։ Տեսչական մարմինը պետք է գործընթացներ մեկնարկի տնտեսվարողների գործունեության ապօրինությունները բացահայտելու, իսկ տարածքային ինքնակառավարման մարմինները համայնքային աղբավայրերում աղբահանության սահմանված կարգը պատշաճ իրականացնելու նպատակով»,- մասնավորապես ասել էր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը արագիլների աղտոտման խնդրի վերաբերյալ հրավիրած քննարկման ժամանակ։

Այս ահազանգին Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեռ հրապարակային չեն արձագանքել:



Հուլիս 11, 2022 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր