

2022թ. մայիսին Չեխիա կատարած այցի ժամանակ հայ մասնագետները ծանոթացան «Պալավա» պահպանվող լանդշաֆտային տարածքի Միկուլովի Սուրբ լեռան պահպանության, զբոսաշրջության կազմակերպման միջոցառումներին:
Այցը կազմակերպվել էր «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում:
«Պալավա» պահպանվող լանդշաֆտային տարածքը կենսոլորտային արգելոց է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանվող բնական տարածքների ցանկում: Գտնվում է Հարավային Մորավիայում՝ Ավստրիայի հետ սահմանին: Տարածքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է արգելոց 1986 թվականին։ 2003 թվականին արգելոցը միաձուլվեց այլ պահպանվող տարածքների՝ Լեդնիցա-Վալտիցեի մշակութային լանդշաֆտի, Ռամսարի կոնվենցիայի մի քանի օբյեկտների, Տայա գետի բնական պարկի հետ, ներառվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավելի մեծ՝ Ստորին Մորավա կենսոլորտային արգելոցի կազմում: Կրաքարային Պալավա լեռները, որոնք Արևմտյան Կարպատների մաս են կազմում, «Պալավայի» ամենակարևոր օբյեկտն են: Արգելոցի զգալի մասը զբաղեցնում են բնական կամ մարդկային գործունեության նվազագույն ազդեցության տակ գտնվող տափաստանային էկոհամակարգերը՝ ներառյալ մարգագետնային տափաստանները և անտառատափաստանները, ինչպես նաև ջերմասեր կաղնու անտառը: Պալավայի մնացած տարածքներն օգտագործվում են գյուղատնտեսության համար, որն իր մեջ ներառում է մեծ թվով խաղողի այգիներ:
Այստեղ հայ մասնագետները հանդիպեցին «Պալավայի» ղեկավարության հետ, խոսեցին բնության հատուկ պահպանվող այս տարածքի կառավարման առանձնահատկությունների, աշխատակցիների պարտականությունների և հմտությունների մասին:
Հաջորդիվ նրանք քայլարշավով բարձրացան Միկուլովի Սուրբ լեռ: Դեպի լեռ արահետն անցնում է «Պալավա» պահպանվող լանդշաֆտային տարածքի միջով: «Պալավայի» աշխատակիցները նրանց ներկայացրեցին զբոսաշրջության զարգացման ու բնության պահպանության իրենց փորձը:
Ցույց տվեցին զբոսաշրջիկների հաշվարկման լազերային դիտարկիչը, որը տեղադրված է փայտե գերանի մեջ:
Նրանք նշեցին, որ իրենց հիմնական նպատակներից է ցույց տալ զբոսաշրջիկներին, թե տվյալ տարածքին բնորոշ ինչ բուսականություն կա, դրա պահպանման համար ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ: Քայլարշավի ժամանակ խումբը հանդիպեց տասնյակ աշակերտական և ուսանողական արշավախմբերի, ովքեր ուսումնասիրում էին «Պալավայի» ֆլորան և ֆաունան մասնագետների օգնությամբ:
Նույն օրը հայ մասնագետներն ուղևորվեցին «Պալավա»-ում գտնվող արհեստական լճերի տարածք, որն ընդգրկված է «Նատուրա 2000» պահպանվող տարածքների ցանցում և կարևոր թռչնաբանական տարածքների մաս է կազմում: Այստեղ զբոսաշրջիկների համար թռչունների դիտարկման հարթակներ են առկա, որտեղ թե՛ զբոսաշրջիկներն ու թե՛ մասնագետները թռչնադիտարկում են իրականացնում:
Թռչնաբան Վլաստիմիլ Սայֆրտն անդրադառնալով տարածքի և թռչնաշխարհի պահպանության հարցերին ասաց. «Հետևում ենք ջրային թռչուններին: Նպատակն է՝ հասկանալ, թե ինչ ջրային թռչուններ են այստեղ բնադրում, որքան է իրենց քանակը: Քանի որ արդեն 35 տարի է այստեղ այդ աշխատանքով զբաղվում է մեկ հոգի, կարող ենք տեսնել, թե տարեց տարի ինչպիսին է փոխոխությունը: Վերջին տվյալները հուսադրող չեն: Խնդիրը գալիս է դեռ 1990-կաններից: Կան տեսակներ, որ վերացել են, պատճառները՝ տարբեր են: Ամենից առաջնայինը եղել է ինտենսիվ ձկնաբուծությունը. ձուկը կերել է թռչունների սնունդը: Լճակները ձկնաբուծության համար տրվում են վարձակալությամբ, բայց դրանցում բուծվող ձկների քանակի սահմանափակումներ կան: Վարձակալության պայմանագիրը խիստացվել է, պատճառը պահպանվող տարածքի կարգավիճակն է: Մեզ համար ավելի մեծ արժեք ունի բնությունը, քան բիզնեսը: 1 հա տարածքում թույլատրում ենք առավելագույնը 250-600 կգ ձուկ բուծել»:
Վլաստիմիլ Սայֆրտը տեղեկացրեց, որ լճերի տարածքում իրենից բացի ոչ ոք իրավունք չունի թռչուններին լուսանկարել: Ըստ թռչնաբանի՝ իրենց մոտ հիմնական խախտումները վերաբերում են առանց թույլտվության լուսանկարելուն: Մեր այցի պահին նման մի խախտում արձանագրվեց՝ մի քաղաքացի լուսանկարում էր լճերի տարածքում լողացող թռչուններին, սակայն թռչնաբան-տեսուչը նրան հայտնաբերելուն պես նկարները հեռացնել տվեց և զգուշացրեց արարքը կրկնելու դեպքում տուգանելու մասին:
Հուլիս 28, 2022 at 18:23