Հայաստանում մեկնարկել է սիրողական որսաշրջանը

Հայաստանում մեկնարկել է սիրողական որսաշրջանը

Հայաստանում մեկնարկել է սիրողական որսաշրջանը: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 2022թ. օգոստոսի 11-ին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրամանով սահմանվել են 2022-2023թթ. որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։

«Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները»,- նշված է հրամանի մեջ: Ըստ այդմ՝ նոր որսաշրջանում թույլատրվում է որսալ լոր, քարակաքավ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի, տափաստանային արտույտ, կռնչան բադ, մոխրագույն բադ, ճքճքան մրտիմն, սուլող մրտիմն, սև փարփար, եղեգնահավ, մորակտցար, եվրոպական նապաստակ, փորսուղ, քարակզաքիս, վայրի խոզ և սովորական աղվես: 

2022-2023թթ. որսաշրջանի ընթացքում հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել նաև մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս։ Ըստ հրամանի՝ որս կարելի կլինի իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին:  

Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից որսորդական միություններին կտրամադրվեն նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջև։

Օգոստոս 19, 2022 at 17:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր