Չեխիայում բնապահպանության ոլորտը կարգավորող օրենսդրությունն այսօր թույլ է տալիս այս երկրին առաջատար դիրք զբաղեցնել Եվրոպայում` կենսաբազմազանության պահպանության տեսանկյունից: Հայաստանում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում հիմքեր են դրվում չեխական փորձն այստեղ կիրառելու համար: 2022թ. մայիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արման Ավագյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Գյոնջյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի գիտության, էկոտուրիզմի և էկոկրթության բաժնի պետ Լիլիա Թորոսյանը, «Դիլիջան» ազգային պարկի գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժնի պետ Ռոբերտ Ալիխանյանը, ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Մանան Ասիկյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF Հայաստան) կենդանաբան Ալիկ Մալխասյանն այս ծրագրի շրջանակում ճանաչողական այցով եղան Չեխիայի Հանրապետությունում:
Ծրագիրն իրականացվում է Չեխիայի Բնության պահպանության գործակալության հետ համատեղ, որի աշխատակիցներն անցած ամիսների ընթացքում ունեցել են փոխայցելություններ Հայաստան:
Գործակալության Բնության հատուկ պահպանություն վարչության պետ Դավիդ Լացինան ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Այցն ուսուցողական նպատակ ունի, ցուցադրելու համար, թե ինչպես բարելավել բնության վիճակն ու պահպանությունը դարձնել Չեխիայի չափանիշներին համապատասխան»,- ասաց նա: Նա նշեց նաև, որ ճանաչողական այցի ժամանակ իրենք նույնպես հայ գործընկերներից նոր բաներ սովորեցին. «Ամեն ինչ երկկողմանի է, ամեն մեկս միմյանցից սովորելու բան ունենք: Մեզ մոտ էլ խնդիրներ կան, բայց ավելի քիչ են, քան Հայաստանում: Գլխավոր խնդիրն այն է, որ մեր տարածքները շատ այցելված են, ինչի հետևանքով բնությունը չի կարողանում բարելավվել, բնությունը ինքնավերականգնվելու հնարավորությունից զրկվել է»,- նշեց նա:
Գործակալության արտաքին կապերի վարչության պետ Տոմաշ Ռուժիչկայի խոսքով` ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի բնապահպանական օրենքների բարելավումն է: «Ես հուսով եմ, որ մեր մոտ կստացվի երկարաժամկետ համագործակցություն ձեռք բերել Հայաստանի հետ: Չեխայի փորձի` Հայաստանում կիրառելը նաև բխում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրից»,- ասաց նա:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Գյոնջյանը նշեց, որ Չեխիայի Հանրապետությունը բնապահպանության ոլորտում Եվրոպայում առաջատարներից մեկն է: «Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կառավարման գործում մեծ փորձ ունեն: Հանդիպումների ընթացքում ծանոթացանք, թե ինչ միջոցառումներ են իրենք իրականացնում, ինչ նպատակ ունեն դրանք, ինչ արդյունքներ են գրանցվել: Հուսով եմ, որ հետագայում ստացած գիտելիքներն ու փորձը կարող ենք կիրառել Հայաստանում, քանի որ Հայաստանը ևս ստորագրել է բազմաթիվ կոնվենcիաներ և պարտավորվել է հետագա տարիներին իր չափանիշները հասցնել պահանջվող նիշին: Փոփոխություններ կան, որ կարող ենք անել մեր երկրում, բայց հաշվի առնելով մեր կենսաբազմազանությունը, դրանք պետք է համապատասխանեցվեն մեր երկրում առկա վիճակին»,- ասաց նա:
«Դիլիջան» ազգային պարկի գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժնի պետ Ռոբերտ Ալիխանյանը նշեց, որ համագործակցության շրջանակում հատուկ պահպանվող տարածքների կառավարման մոդելի տեսակի, փոփոխության, պահպանության, այցելուների իրազեկվածության հետ կապված հարցերի շուրջ նոր գիտելիքներ ձեռք բերեց: «Պետք է ԲՀՊՏ-ների դերի ու նշանակության վերագնահատում լինի, որպեսզի դրանք ավելի զարգանան: Այստեղ ԲՀՊՏ-ները ֆիանսավորվում են պետական բյուջեից, մենք ունենք, իհարկե, որոշակի մուտքեր, սակայն դա բավարար չէ: Մենք փորձում ենք զբոսաշրջությամբ մուտքեր բերել, բայց եթե պետությունը ֆինանսավորի, մեզ մոտ շատ բան կփոխվի: Խնդիրները գալիս են նաև սոցիալական կենսամակարդակից: Քանի դեռ մենք անտառը դիտարկում ենք որպես փայտանյութ ստանալու միջոց, խնդիրներ միշտ ունենալու ենք: Այստեղ տեսանք` որքան թափուկ կա, և ոչ ոք ձեռք չի տալիս: Մեր խնդիրներն այլ ոլորտի են, իրենցն ուրիշ է, համեմատականներ չենք կարող տանել միայն տեսակների պահպանությամբ: Եթե մինչև 2060թ. իրենց տեսլականով ծառատեսկաները պիտի ավելացվեն, մենք դա արդեն ունենք` անտառկազմող բարձրակարգ տեսակներ ունենք, խնդիր չունենք փոխելու, բայց դրանք պահպանելու խնդիր ունենք»,- նշեց նա:
Ծանոթանալով չեխական կենսաբազմազանությանը` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արման Ավագյանը նկատեց, որ Հայաստանում այն ավելի բազմաշերտ է: «Մեր կենսաբազմազանությունն ավելի հարուստ է, մենք պահպանելու և հպարտանալու շատ բան ունենք: Հայաստանը շատ փոքր է, բայց ընդամենը մի քանի կմ գնալով, կարող ես հանդիպել բազմաթիվ տեսակների: Կենսաբազմազանության մոնթորինգն իրականացվում է լոկալ բնույթի, ազգային պարկի մակարդակով և չունենք մի միավոր, որը կհամախմբի այդ ամբողջ տեղեկատվությունը և կփորձի ավելի բարձր մակարդակի դա հանել: Հիմա փորձում ենք առաջին քայլերն անել»,- նշեց նա: Արման Ավագյանի խոսքով` չեխ գործընկերների կողմից մոնիթորինգի իրականացման փորձի շուրջ նոր գիտելիքները հնարավոր է տեղայնացնել ու կիրառել Հայաստանում և բավական դրական արդյունքներ ունենալ: Հարցին, թե Հայաստանը չեխ գործընկերներին ինչ փորձ կարող է փոխանցել` Արման Ավագյանն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ անտառածածկի հետ կապված ուսումնասիրությունները, որոնք հնարավոր է իրականացնել արբանյակային հեռազննման միջոցով, իրենց համար հետաքրքիր ու օգտակար կլինի»:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի գիտության, էկոտուրիզմի և էկոկրթության բաժնի պետ Լիլիա Թորոսյանը նշեց, որ միշտ կա ԲՀՊՏ-ների կառավարման այն լավագույն մոդելը, որին մարդիկ հասել են և որը կարելի է կիրառել մեր երկրում: «Եվրոպան առաջամարտիկ է, չնայած այն հանգամանքին, որ այստեղ կան տեսակներ, որոնք արդեն անհետացել են մարդածին գործունեության հետևանքով, բայց կառավարման մեխանիզմներն ու մեթոդները մեր պարագայում, անշուշտ, ընդօրինակելի են: Մեր հիմնական խնդիրները կառավարման հետ են կապված: Այստեղ բոլոր պայմանները կան` արահետները գծանշված են, աշխատակիցները մասնագիտացված են, չունեն մարդկային ռեսուրսների խնդիր: Մեզ մոտ շատ հետազոտություններ չեն իրականացվում կամ թերի են, քանի որ մենք չունենք համապատասխան քանակով մասնագետներ: Իրենք համագործակցում են համալսարանների հետ, մոնիթորինգի է ենթարկվում ամբողջ տարածքը: Սա լավագույն տարբերակն է, որը հնարավոր է բերել Հայաստան: Մեզ մնում է կառավարման ճիշտ մոդել ընտրել, որպեսզի համայնքների հետ խնդիրներ չունենանք, բույսերի անօրինական հավաք ու ծառահատում չլինի»,- նշեց նա: Ըստ Լիլիա Թորոսյանի`ցանկացած բնապահպանական գործունեության մեջ հանրության իրազեկման ու գիտակցության բարձրացումը շատ կարևոր է. «Մարդիկ պետք է ունենան բնապահպանական գիտակցում, ինչի համար ժամանակ կպահանջվի: Հիմա այդ գործունեությամբ զբաղվում ենք, ունենք էկոկրթական ծրագրեր, ինչը պետք է իրականացվի ավելի լայնամասշտաբ, պետք է ներառվեն համալսարանները, ուսանողները, և պետք է նպաստենք ուսանողների մեջ հետաքրքրության առաջացմանը: Միայն այդ տարբերակով է հնարավոր ունենալ ապագայում մասնագետներ, ովքեր մասնագիտական լուծումներ կառաջարկեն պահպանության համար»,- նշեց նա:
ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը նշեց. «Շատ կարևոր է, որ ոլորտի մասնագետները գան և ծանոթանան, թե ինչպես են կառավարվում այստեղ ԲՀՊՏ-ները, կենսաբազմազանության մոնիթորինգն ինչպես է իրականացվում: Հետաքրքիր մոտեցումներ կան, որ մեզ համար նոր են, բայց կարող են կիրառվել Հայաստանում: Առաջընթացի համար պետք է ինքներս ցանկանանք շտկումներ անել, որպեսզի հասնենք արդյունքի: Մեզ մոտ բնապահպանության ոլորտի մասնագետները շատ քիչ են, բնապահպանության ոլորտի կառավարման մասնագետներ չենք պատրաստում, բնապահպանական կառավարման ոլորտում աշխատելու ցանկություն քչերն ունեն: Կրթական ծրագրում բաց կա: Դասական մոտեցում կա` բակալավրիատ, մագիստրատուրա, կենդանաբան, բուսաբան, բայց պետք են միջդիսցիպլինար ուղղություններ, որոնք ներառում են տարբեր կոմպոնենտներ, օրենսդրական ոլորտի մասնագետներ են պետք, որն այս պահին մենք չունենք»,- ասաց նա:
ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Մանան Ասիկյանի խոսքով` ստացած գիտելիքն ու փորձը Հայաստանում կիրառելու խնդիրը կարող է կապված լինել մենթալիտետային ու ազգային արժեքների տարբերությունից: «Բայց բնությունը ոչ թե ազգային, այլ ընդհանուր, համամարդկային արժեք է, որին պետք է նույն ստանդարտներով մոտենալ ու պահել: Այդ առումով հետաքրքիր է ու ճանաչողական տեսնել իրենց դրական փորձը, հասկանալ, թե ինչպես կարող ենք այն մի փոքր մոդիֆիկացիայի ենթարկել և կիրառել Հայաստանում: Չեխիայում թռչնաշխարհն ավելի աղքատ է, քան Հայաստանում` մենք ավելի շատ պահպանելու բան ունենք տեսակային բազմազանության տեսանկյունից: Բայց իրենց մոտ մեխանիզմները շատ ավելի ճիշտ են ու արդյունավետ»,- ասաց նա:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանն էլ նշեց. «Այստեղ ԲՀՊՏ-ների աշխատակիցները և՛ վերահսկում են, և՛ հսկողություն անում, բնակչության հետ մեծ աշխատանքներ են կատարում, դպրոցների հետ աշխատում: Մենք առաջնահերթ պետք է դպրոցների հետ աշխատենք, իսկ քաղաքացին պետք է սիրի բնությունը: Դա թույլ կտա փոխել վերաբերմունքը բնության հանդեպ և տեսչական մարմինների աշխատանքն ավելի կթեթևացնի»:
Օգոստոս 26, 2022 at 15:42