Մշակվել է խելացի էկոմոնիթորինգի իրականացման մեթոդաբանություն

Մշակվել է խելացի էկոմոնիթորինգի իրականացման մեթոդաբանություն

ԵՄ «Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի ծրագիր»

EU BSB 884 “Joint Monitoring for Environmental Protection in BSB countries” project

Եվրամիության կողմից ֆինանասավորվող BSB 884 «Սևծովյան ավազանի երկրների համար շրջակա միջավայրի պահպանման միասնական մոնիթորինգի ծրագիր»-ն ամփոփեց արդյունքները սույն թվականի օգոստոսի 25-ին՝ Երևանում տեղի ունեցած ավարտական հանդիպում-ասուլիսի ժամանակ: Ծրագիրն ընդգրկում է չորս երկրների պահպանվող տարածքներ. Հայաստանում՝ «Դիլիջան» ազգային պարկը, Բուլղարիայում՝ «Ստրանջա» ազգային պարկը, Ռումինայում՝ Դանուբ Դելտայի «Բիո ռեզերվ» համալիրը և Վրաստանի պահպանվող տարածքների մի մասը։

Հանդիպման ժամանակ նշվեց, որ ծրագիրը հասել է իր հիմնական նպատակներին՝ բացահայտել Սևծովյան ավազանի ազգային պարկերի և հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր խնդիրները և նախանշել լուծման ուղիները, բարձրացնել շրջակա միջավայրի մոնիթորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը, ստեղծել խելացի հարթակ շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, օդի որակի և գետերում ջրի որակի տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության համար:  

«Ծրագիրը կրում է գիտական և փորձագիտական բնույթ՝ նպատակ ունենալով ազգային պարկերում զարգացնել էկոմոնիթորինգի իրականացման համար տեխնիկական կարողությունները և տալ գիտահեն լուծումներ», - ասաց ծրագրի ազգային համակարգող, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Հարությունյանը:

Նա նշեց ծրագրի հիմնական արդյունքները. «Մշակվել է էկոմոնիթորինգի իրականացման մեթոդաբանություն, ստեղծվել է Smart-մոնիթորինգի հարթակ, որտեղ չորս երկրները հավաքում են գիտահեն տվյալներ: Յուրաքանչյուր երկիր կազմել է իր հատուկ պահպանվող տարածքի համար ինվազիվ և կարմիրգրքյան տեսակների մի շարք: Այդ տեսակների պահպանության համար մշակվել են առաջարկություններ, որոնք ամփոփելուց հետո փաթեթով կներկայացվեն որոշում կայացնող մարմնին: Սա նաև Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման մաս է: Այդ խնդիրները բարձրացված են կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի ազգային զեկույցում, որոնք ներկայացրել ենք 2018 թվականին»:

Ըստ Նունե Հարությունյանի՝ էկոմոնիթորինգի մշակված մեթոդաբանությունը հնարավոր է տեղայնացնել Հայաստանի այլ հատուկ պահպանվող տարածքներում ևս. «Խոսել ենք շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ բաժնի ղեկավարարության և փոխնախարարի հետ և ստացել ենք շատ դրական արձագանք: Կարծում եմ՝ միջազգային տարբեր հիմնադրամների օգնությամբ կարող ենք մշակել այնպիսի նախագիծ, որը հնարավորություն կտա այլ հատուկ պահպանվող տարածքների համար էլ օգտվելու նման մեթոդաբանությունից»:

Հանդիպման ժամանակ ներկաներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Լովիսա Սոմերհոլթը, ով շեշտեց ծրագրի կարևորությունը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: 

«Աշխարհում ամեն տարի ավելանում են կարմիր ցուցակներում ընդգրկված կենդանական և բուսական նոր տեսակներ, իսկ որոշներն ընդհանրապես անհետանում են։ Կրճատվում են անտառները, տեղի է ունենում անցանկալի տեսակափոխություն․ ինվազիվ տեսակները խնդիրներ են առաջացնում աբորիգեն տեսակների գոյության համար։

Հայաստանում նույնպես շրջակա միջավայրի ոլորտում բախվում ենք բացասական հետևանք թողնող բազմագործոն ազդեցությունների հետ, այդ իսկ պատճառով խիստ կարիք կա էկոհամակարգերի մոնիթորինգի իրականացման։ Այս ծրագիրը հնարավորություն է տվել հետազոտողներին ուսումնասիրել ջրի, օդի, կենսաբազմազանության, կարմիրգրքյան և ինվազիվ տեսակների տվյալները և մշակել ազգային պարկերի կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատման մեթոդաբանությունը և առաջարկվել են քայլեր՝ կենսբազամազանության հետագա պահպանության համար։

Ողջունելի է, որ ծրագիրն իրականացվել է Սևծովյան տարածաշրջանի մի շարք երկրների հետ, որոնց հետ համագործակցությունը, վստահ եմ, լավ հնարավորություններ է ստեղծել համատեղ ուսումնասիրությունների, փորձի փոխանակման տեսանկյունից։

Շրջակա միջավայրի նախարարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի թիմին նման ծավալուն աշխատանք իրականացնելու համար», - ասաց Արամ Մեյմարյանը:

Ծրագրի փորձագետները ներկայացրեցին հավաքագրված ջրի, օդի, կենսաբազմազանության, կարմիրգրքյան և ինվազիվ տեսակների տվյալները։

Կենսաբազմազանության մասնագետներ Տատյանա Դանիելյանը և Արամ Աղասյանը ներկայացրեցին Դիլիջան ազգային պարկի Հայաստանի էնդեմիկ, ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված տեսակները:

Դիլիջան ազգային պարկում կա բարձրակարգ բույսերի շուրջ 1150 տեսակ, որոնցից 17-ն ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում, 14 տեսակը էնդեմներ են: Բնակվում են 480 մակրոսկոպիկ սնկերի տեսակներ և ենթատեսակներ, որոնցից 176 տեսակը` ուտելի, իսկ շուրջ 50 տեսակ ունեն բուժիչ հատկություններ, իսկ 38 տեսակը` թունավոր սնկեր են: Կան էպիֆիտային քարաքոսեր` 88 տեսակ:

Անողնաշար կենդանիների տեսակներից 15-ը գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, որոնցից 6-ը գրանցված են նաև Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում, իսկ 5-ը՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Միջատներից 7-ը Հայաստանի, 18-ը Անդրկովկասի և 30-ը Կովկասի էնդեմիկներ են:

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են 286 տեսակներով, որոնցից 53-ն ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում և 17-ը՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:  Այդ թվում՝ 15 ձկնատեսակ, որոնցից մեկը՝ Սևանի կողակը, էնդեմիկ է և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, Ոսկեգույն (առաջավորասիական) ծականը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Կան 4 տեսակի երկկենցաղներ, 22 տեսակ սողուններ, 1 տեսակ կրիա, 12 տեսակ մողեսներ և 9 տեսակ օձեր: Դրանցից 7 տեսակ ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում, 6-ը՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, 3 տեսակ էնդեմիկ են Անդրկովկասի, իսկ 2-ը՝ Կովկասի համար:

Դիլիջան ազգային պարկում հանդիպում են թռչունների շուրջ 190 տեսակ, որոնցից 130-ը բնադրում են այստեղ, 36-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, որոնցից 11-ն ընդգրկված են նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:

55 տեսակի կաթնասուններից 9-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, 3-ը՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, մեկ էնդեմիկ տեսակ՝ Անդրկովկասի և 7 տեսակ՝ Կովկասի համար:

«Բարձրակարգ բույսերից որպես մոնիթորինգի օբյեկտ ընտրվել են 5 տեսակ, իսկ ֆաունայի մոնիթորինգի օբյեկտներն են գետերում հանդիպող ձկների 15 տեսակը, սողուններից՝ 3 տեսակի ժայտային մողեսներ, թռչունների 3 տեսակ և կաթնասունների 3 տեսակ:

Մոնիթորինգի համար կարևոր է ինվազիվ տեսակների դիտարկումը, որը խնդիր է Դիլիջան ազգային պարկի համար: 20-րդ դարի 80-90 թվականներին Դիլիջան ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են 13 ինվազիվ բուսատեսակներ, որոնք այդ ժամանակ չեն դրսևորել ներխուժման միտումներ դեպի պարկի բնական էկոհամակարգեր: Սակայն վերջին տարիներին այլ ինվազիվ տեսակները զգալիորեն ընդլայնել են տարածման սահմանները` նույնիսկ ներխուժելով  ազգային պարկի բնական էկոհամակարգեր:  Դրանցից են Ամբրոզիա   օշինդրատերևը և Երկնածառ   բարձրաբունը:  Ամբրոզիան ինվազիվ ագրեսիվ տեսակ է, հիմնականում աճում է խախտված էկոհամակարգերում: Ծաղկափոշին մարդկանց մոտ առաջացնում է ալերգիա, ասթմա և այլ շնչառական խնդիրներ։ Այլանտը շատ ագրեսիվ ինվազիվ տեսակ է և ազատ աճում է ազգային պարկում՝ մեծացնելով արեալն ու պոպուլյացիանների խտությունը, հեշտությամբ ներթափանցում է անտառային էկոհամակարգեր: Բույսը հիանալի դիմակայում է կլիմայի փոփոխություններին, հրդեհներին, կայուն է հերբիցիդների նկատմամբ: Կենսաբազմազանության օբյեկտների  և առանցքային էկոհամակարգերի մշտական մոնիթորինգը թույլ է տալիս հայտնաբերել հնարավոր   փոփոխությունները կենսամիջավայրում` գնահատելով դրանք  համապատասխան  ինդիկատորների  միջոցով: Միաժամանակ հնարավոր է դառնում բացահայտել, թե ինչպես է ազդում պահպանությանը նպատակաուղղված ազգային պարկի ռեժիմը էկոհամակարգերի և լանդշաֆտների վրա, ինչպես նաև որոշակի եզրահանգումներ անել տարածքներում գոյություն ունեցող անօրինական գործունեության մասին», - ասաց Տատյանա Դանիելյանը:

Դիլիջանի ազգային պարկը գտնվում է Աղստև գետի ավազանում: Ջրի որակի հետազոտող Արմինե Հայրապետյանը ներկայացրեց Աղստև գետի ջրի որակի գնահատումն ըստ 2021-2022 թվականների տվյալների:

«Կատարվել է Աղստև գետի և նրա Հաղարծին վտակի ջրի նմուշների վերլուծություն ըստ ջրաքիմիական պարամետրերի չորս դիտակետերում: Ըստ ՀՀ մակերևութային ջրերի՝ որակի առաջարկվող էկոլոգիական նորմերի Աղստև գետի ջրի ջերմաստիճանն ուսումնասիրվող ժամանակահատվածում համապատասխանել է որակի երրորդ դասին՝ միջակ որակի ջուր:

Աղստև գետի ջրի pH-ի միջին արժեքը 2021-2022 թվականներին եղել է թույլ հիմնային՝ 8,3: Ըստ ՀՀ մակերևութային ջրերի՝ որակի առաջարկվող էկոլոգիական նորմերի Աղստև գետի ջրի որակն ըստ միջին ռեակցիայի համապատասխանել է որակի I դասին՝ գերազանց որակի, իսկ միայն 2022 թվականի հունվարին դիտակետ 1-ում՝ որակի V դասին՝ վատ որակի:

Աղստև գետի ջրում կախված մասնիկների պարունակությունը տատանվել է 1,0-14,5 մգ/լ-ի սահմաններում՝ հիմնականում համապատասխանելով ջրի որակի I դասին՝ գերազանց որակին: Սակայն 2021 թվականի օգոստոս ամսին դիտակետ 1-ում կախված մասնիկների պարունակությունը կազմել է 80,3 մգ/լ՝ 6,2 անգամ գերազանցելով ֆոնային կոնցենտրացիան և համապատասխանելով որակի V դասին՝ վատ որակի ջուր: Ամենավատ՝ V դասի որակ գրանցվել է նաև 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

2021-2022 թվականներին բոլոր դիտակետերում գրանցվել է լուծված թթվածնի ցածր պարունակություն:

2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին Աղստև գետի և Հաղարծին վտակի ջրերի որակը համապատասխանել է ջրի որակի ամենավատ՝ V դասին՝ 4 մգO2/լ-ից ցածր պարունակությամբ:

Ընդհանուր գնահատմամբ, 2021-2022 թվականների համար Աղստև գետի ջուրն ունի ջրօգտագործման նպատակային նշանակություն էներգիայի արտադրության, արդյունաբերական ջրօգտագործման, ոռոգման համար: Ձկների բուծման և պահպանման ոլորտում այն կիրառելի է ծածանազգի, սակայն կիրառելի չէ սաղմոնազգի ձկնատեսակների համար՝ բացառությամբ հունվար և փետրվար ամիսների», - ասաց Արմինե Հայրապետյանը:

Ծրագրի գործողությունների համակարգող Դշխուհի Սահակյանը ներկայացրեց կոշտ թափոնների քանակները և տեսակները, դրանց տեղորոշումն ու կանոնակարգումը:

«Ճնշման աղբյուրների թվում առաջնային են կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի անկատարությունը, անտառահատումները և կլիմայի փոփոխությունը: Աղստև գետավազանում էկոհամակարգը խաթարված է մարդածին գործունեության հետևանքով: Ավազանի քաղաքներն ու գյուղերը չունեն պինդ թափոնների ու կեղտաջրերի դեմ պայքարելու ժամանակակից միջոցներ: Քաղաքներում չեն գործում կեղտաջրերի մաքրման կայաններ, իսկ գյուղական համայնքներում բացակայում է կոյուղացանցը: Պինդ թափոնները թափվում են հաճախ հենց գետի մեջ կամ գետի ափին», - ասաց Դշխուհի Սահակյանը՝ ցույց տալով տարբեր վայրերում կուտակված աղբի լուսանկարները:

Աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Սերյոժա Կարապետյանը խոսեց էկոմոնիթորինգի գործընթացում խելացի տեխնոլոգիաների՝ անօդաչու թռչող սարքերի և խելացի անլար սենսորային ցանցերի մասին, որոնք կօգտագործվեն  բնական կենսամիջավայրի և ինվազիվ տեսակների վիճակն ուսումնասիրելու, հեռակառվարվող տարածքները դիտարկելու համար:

Օդի որակի հետազոտող Մարտիրոս Ծառուկյանը նշեց, որ հետազոտություններն իրականացվել են բազմաֆունկցիոնալ գազի և փոշու դեդեկտորով՝ չորս դիտակետերում, և օդի աղտոտվածությունը գտնվում է թույլատրելի մակարդակներում:

«Սևծովյան ավազանի երկրների համար շրջակա միջավայրի պահպանման միասնական մոնիթորինգի ծրագիր»-ը հիմնված է Բուլղարական ԱԿՏՈՐՊՈՒՍ (Պլովդիվի համալսարանի՝ Ստրանջա, «Մշակույթի, տեխնոլոգիայի, կրթության և զարգացման ասոցիացիա»), Ռումինական Դանուբ Դելտա հետազոտությունների և զարգացման ազգային ինստիտուտի, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի և Վրաստանի ՍԱԲՈՒԿՈ կազմակերպությունների փորձի վրա։

Օգոստոս 29, 2022 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր