

ԷկոԼուր
Խոսրովի անտառի շուրջ թեթեւակիորեն հանդատված կրքերը նորից թեժացան: Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները հայտնեցին, որ Խոսրովի անտառի Գիլան տեղամասում, որը վարձակալության է տրված «Հովազաձոր» ընկերությանը, կրկին անհասկանալի ակտիվություն է նկատվում, եւ «ինչ-որ պահակներ են հայտնվել»: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս հասարակայնությունը պահանջում է Գիլան տեղամասին վերադարձնել արգելոցի կարգավիճակ, որը կառավարության 2007թ. որոշմամբ արգելավայր է դարձել:
Երիտասադական կանաչ շարժման ակտիվիստները հայտարարություն էին տարածել նաեւ, որ «Խոսրովի անտառ»-ում եղած ժամանակ նրանք կրակոցներ են լսել: Կրակոցի ձայնը մասնակիցներից մեկի տեսախցիկում ֆիքսված է: Հայտարարության մեջ նաեւ ասված, որ հայտնաբերվել է 70մմ-անոց կրակված փամփուշտ: Ակտիվիստները դա բարբարոսությունեն անվանել եւ պետական մարմիններին կոչ արել արձագանքել ահազանգին:
Բնապահպանության նախարարությունն արձագանքել է երկու ահազանգին: Արգելոցի տարածքում կրակոցների վերաբերյալ հաղորդագրությունը նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է` ենթադրելով, որ ակտիվիստները կրակոցները լսել են հակառակ կողմից` որսահանդակից, որը գտնվում է Գյուլասոր գյուղի մոտակայքում: Իսկապես, ներկայումս լորի եւ կաքավի որսաշրջանը շարունակվում է:
Սակայն, «ԷկոԼուր»-ը հեռախոսազանգ ստացավ հայտնի բնասեր, գրող Վահրամ Թաթիկյանից, ով, իր պնդմամբ, ավելի քան 40 տարի անցկացրել է Խոսրովում: Վահրամ Թաթիկյանը չի եղել ակտիվիստների հետ, սակայն պնդում է, որ Գյուլասորում արված կրակոցների արձագանքը չի հասնում Կաքավաբերդ, որի մոտակայքում եղել են երիտասարդ ակտիվիստները: «Ցանկացած դեպքում հարկավոր է հասկանալ, թե ինչ է Խոսրովը եւ պարսպապատել արգելոցը այն հատվածներից, որտեղ որսը թույլատրվում է»,- կարծում է Թաթիկյանը:
Իսկ ինչ վերաբերվում է Գիլանում տիրող ակտիվությանը, ապա ինչպես հաջողվեց պարզել, իսկապես, «Հովազաձոր» ընկերությունը մտադրվել էր սեփական պահակների կարգել, բայց արգելոցի տնօրինության հետ բանակցություններից հետո հրաժարվել է իր մտադրությունից: Մեր տեղեկությունների համաձայն`շինարարական աշխատանքների դադարեցման մասին նախարարի հրամանը դեռ ուժի մեջ է, եւ աշխատանքները սառեցված են:
Դրա հետ մեկտեղ պարզ է, որ մինչեւ Գիլանին չվերադարձվի արգելոցի կարգավիճակը, ընկերությունը չի հրաժարվի իր ծրագրերից, այն էլ որ շինարարական աշխատանքների համար արդեն կատարել են որոշակի եւ ոչ փոքր ծախսեր:
Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է նաեւ աշխատանքային խումբ` հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ, որը պետք է այդ խնդրի համար լուծում գտներ: Ինչպես պարզվում է, Գիլանին արգելոցի կարգավիճակ վերադարձնելու մասին նախարարությունը չի մտածում: Էկոլոգիական հասարակական դաշինքին ուղղված պատասխանում (նամակ 5/22.3/52238, 01.09.2010թ.) բնապահպանության նախարարությունը չի բերում նոր կամ տրամաբանական փաստարկ ի օգուտ այն բանի, թե ինչպես Խոսրովի սրտում կարող է հայտնվել տարածք` պաշտպանության ամենացածր ռեժիմով: Իր սխալն ընդունելու փոխարեն հասարակայնությանն առաջարկություն է արվում միասին մշտական վերահսկողություն սահմանել «Հովազաձոր» ընկերության գործունեության նկատմամբ:
Հնարարվոր է, որ Բնապահպանության նախարարությունը չի գտակցում, որ ուղղակի պատասխանատվություն է կրում այն հետեւանքների համար, որոնք առաջացրել են կառավարության բոլոր երեք որոշումները` առաջինը, որով Գիլանից հանվեց արգելոցի պահպանման ռեժիմը, երկրորդը, որով Գիլանը վարձակալության տրվեց եւ երրորդ, որով թույլատրվեց շինության կառուցումը: Այդ որոշումները ոչ մի հիմնավորում չունեն, որոնք կհամապատասխանեին հատուկ պահպանվող տարածքի ստեղծման կամ գործելու սկզբունքներին: Բնապահպանության նախարարության աշխատակիցների բացատրությունները, ովքեր աշխատել են այդ որոշումների վրա, համոզիչ չեն: Մասնագետները ցույց տվեցին անվանումների, փաստերի փոփոխում, այսինքն տվյալ որոշման ընդունման կեղծ հմնավորում:
Միակ բանը, որ կարող է նախարարությունն անել իր վերականգնման համար, այն է` ընդունել, որ Գիլանը կրկին պետք դառնա արգելոցային գոտի:
Սեպտեմբեր 27, 2010
