

Արթուր Հովհաննիսյան, «Հայացք» շաբաթաթերթ
Բնապահպանական պետական տեսչության հանցավոր անտարբերությունը
Որքան էլ ամոթալի է մեր հասարակության համար, սակայն փաստ է, որ Հայաստանի կենդանական աշխարհի նկատմամբ կատարված ոտնձգության և «Կենդանական աշխարհի մասին» օրենքի խախտման առնչությամբ ոչ թե մենք, այլ օտարերկրացին է անհանգստացել:
Քաղաքացի Նիք Վագներն այս տարվա ամռանն ահազանգել է բնապահպանության նախարարություն և հայտնել, որ Երևանի Զեյթուն համայնքի շուկայում վաճառվում են աղվես, բու և այլ կենդանիներ, որոնց վաճառքն օրենքով արգելված է: Այս մասին, ինչպես նաև ստացված ահազանգին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության արձագանքի վերաբերյալ ժամանակին որոշ ԶԼՄ–ներով հայտնվեց, սակայն ուշադրությունից դուրս թողնվեց այդ արձագանքի խայտառակ բնույթը, մինչդեռ առավել ուշագրավը հենց ահազանգին հաջորդած իրադարձություններն էին:
Ըստ նշված նախարարության տարածած պաշտոնական տեղեկատվության, հիշյալ տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները հունիսի 19–ին և 20–ին իրականացրած ստուգայցերի արդյունքում թեև նշված շուկայում հայտնաբերել են վաճառքի համար նախատեսված մեկ աղվես, սակայն վաճառողին հայտնաբերել չի հաջողվել:
Ինչպե՞ս հավատալ այս տեղեկատվությանը, ցանկության դեպքում ինչպե՞ս կարելի էր վաճառողին չհայտնաբերել, աղվեսը հո ինքն իր ոտքով չէ՞ր եկել շուկա ինքնավաճառվելու: Անհեթեթ է նաև պատկերացնելը, թե հանցավոր վաճառքով զբաղվողն աղվեսով վանդակը դրել էր շուկայում և այն անտերության մատնելով` հեռացել կամ մի կողմ գնացել: Բնականաբար, հարց է առաջանում` վաճառողին հայտնաբերել չի հաջողվել, թե՞ վաճառողի կողմից ինչ–որ վերաբերմունքից կամ նրանից բարձրաստիճան, զորավոր մեկի անունը լսելուց հետո տեսուչներն աղվեսը վաճառողին «չեն հայտնաբերել»:
Վերը նշված փաստը եզակի օրինակ չէ: Բնապահպանական պետական տեսչության հանցավոր անգործության և թողտվության հետևանքով է նաև, որ ոչնչացվեցին Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարները: Հիմա ձկների գիշատչային որսը հիմնականում հանրապետության գետերում է ծավալվում, որտեղ տեսչության աշխատակիցները հասնում են ջուրն ու ձկները քլորով թունավորելուց ոչ թե առաջ, այլ հետո` սատկած ձկները հնարավորինս հաշվելու և արձանագրություն կազմելու համար:
Ավելին, մայրաքաղաքից ոչ հեռու, Երևանի գրեթե քթի տակ այժմ վաճառվում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մի շարք կաթնասուններ և թռչուններ: Ավելի ճիշտ, ոչ թե այդ կենդանիները` կենդանի վիճակում, ինչպես Զեյթունի շուկայում հայտնաբերված աղվեսը, այլ դրանց արդեն… խրտվիլակները: Դատելով ամենից` այդ վաճառքը հանցավոր բիզնեսի ինչ–որ նոր դրսևորում չէ, այլ տարիների ավանդույթ ունի, սակայն տեսչությունն այդպես էլ չի նկատում:
Բնապահպանական պետական տեսչությունում, ցավոք, համապատասխան հետևություններ չկատարվեցին նույնիսկ այն խայտառակությունից հետո, երբ կոռուպցիայի, մասնավորապես կաշառք վերցնելու առնչությամբ համեմատաբար վերջերս բացահայտվեցին ու ձերբակալվեցին իրենց պետ Տիգրան Գրիգորյանն ու նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը: Դատարանն ապացուցված է համարել կաշառք ստանալու համար նրանց առաջադրված մեղադրանքը և բնապահպանությունը կոռուպցիայի հետ «շփոթած» նշված անձանցից առաջինին դատապատել 7, իսկ երկրորդին` 10 տարվա ազատազրկման:
Սեպտեմբեր 27, 2010
