ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

Եղեգիսի կիրճում այսօր նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել բեզոարյան այծերի հոտի, ինչը մի քանի տարի առաջ կարող էր հրաշք թվալ: Եթե 6-7 տարի առաջ ամբողջ Վայոց Ձորի մարզում 35 քարայծ հազիվ կարելի էր հաշվել, ապա հիմա այդ թիվն առնվազն տասնապատկվել է: Հայաստանի եւ միջազգային Կարմիր գրքերում գրանցված այս կենդանատեսակի սիրահարների մոտ, սակայն, աճի այս ցուցանիշը տարբեր կարծիքների հիմք է տալիս. մի կողմն ասում է, որ բեզոարյան այծն այլեւս Կարմիր գրքում տեղ չպետք է գտնի, մյուսները՝ դեռ շտապողականություն չեն ցուցաբերում:

Բեզոարյան այծերի եւ հայկական մուֆլոնի պահպանության ծրագիր իրականացնելուց բացի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) նորվեգական կառավարության ֆինանսավորմամբ 2007թ. իրականացնում է «Կենսառեսուրսների պահպանումը եւ համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագիրը:

Այս ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում կառուցվել է տեսադիտարան: Զբոսաշրջիկներն այստեղ կարող են գալ, վերցնել հեռադիտակները, զմայլվել քարայծերով, իսկ շուտով նաեւ գյուղում գիշելու հնարավորություն կստեղծվի:

Օրերս բեզոարյան այծերին մոտ 200 մետր հեռավորությունից դիտելու հնարավորություն ունեցանք նաեւ լրագրողներս բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Դիտումին մասնակցում էր նաեւ Վայոց Ձորի մարզպետ, հայտնի որսորդի համբավ ունեցող Վարդգես Մաթեւոսյանը: Գեղեցիկ քարայծերը ոչ մի դիտողի իսկապես չեն կարող անտարբեր թողնել, բայց պարոն Մաթեւոսյանի աչքերում այնպիսի հիացմունք ու սեր կար, որ միայն որսորդներին է բնորոշ:

Ի դեպ, այս անգամ նա ոչ միայն, իսկ ավելի ճիշտ, ոչ այնքան իբրեւ մարզպետ էր մասնակցում: «Սաֆարի ինտերնեյշնլ» ընկերությունը, որը աշխարհի տարբեր երկրներում որսորդական տնտեսություններ է հիմնում, Վայոց Ձորում եւ Սյունիքում եւս ունի 3000 հա տարածք: Պարոն Մաթեւոսյանը չի թաքցնում, որ հայ-իտալական այս ձեռնարկության հայկական կողմի տնօրինողը ինքն է: Նկատենք, որ ՀՀ մարզերում պետական կառավարման մասին ՀՀ Նախագահի

1997թ. թիվ 728 որոշման 1.6 կետը սահմանում է մարզպետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ինչեւէ, ընկերությանը գործունեության լիցենզիան տրված է, եւ Վարդգես Մաթեւոսյանը լրագրողներին մի քանի օր առաջ պատմում էր, թե ինչ աշխատանքներ են կատարել: Նախ նա հերքեց մամուլի այն հրապարակումները, համաձայն որոնց, «Սաֆարին» Վայոց Ձորում հայկական մուֆլոնի (եւս գրանցված է Հայաստանի կարմիր գրքում - Ա.Փ.) որս է կատարել: «Մինչ այժմ չենք որսացել ո՜չ այծ, ո՜չ մուֆլոն, քանի որ Կարմիր գրքում են», - հավատացնում է պարոն Մաթեւոսյանը: Նա ասում է, որ իրենք զօրուգիշեր այստեղ պահպանություն են իրականացրել, ինչի շնորհիվ քարայծերը եւ մյուս կենդանատեսակները մի քանի տարվա ընթացքում այսպես ավելացել են:

Լավ պահպանության մասին է խոսում նաեւ WWF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը: Նա առաջին հերթին նշեց այն հանգամանքը, որը քարայծերը մարդկանց այսքան մոտ տեսնելով չեն փախչում, դա նշանակում է, որ նրանք որսորդից վախ չունեն: «Այստեղի պոպուլիացիայի վիճակը կարելի է ասել բարվոք է, Հայաստանում ընդամենը 3 այդպիսի տեղեր կան,այստեղ ամենաբարվոքն է: Եթե էսպիսի տեմպերով մյուս տեղերում էլ նման հաջողություն ունենանք, 10 տարի հետո բեզոարյան այծը կարելի է Կարմիր գրքից հանել», - ասում է պարոն Մանվելյանը:

Վարդգես Մաթեւոսյանը, սակայն, ավելի անհամբեր է: «Ինչի՞ 10 տարի, - հարցնում է նա եւ ավելացնում, - Էսօր բոլորս էլ աշխատում ենք պահպանել ՀՀ օրենքը, ոչ մի խախտում չի եղել: Եթե կենդանին Կարմիր գրքում է, ոչ մեկն առանց պետության կամ կառավարության համաձայնության իրավունք չունի այս կենդանական աշխարհից օգտվի: Էնպես որ, մենք էսօր անում ենք ամեն ինչ, որ նորմալ լինի: Հրապարակորեն առաջարկում եմ, որ իմ տարածքում եւ ընդհանրապես Վայոց Ձորում բեզոարյան այծը Կարմիր գրքից դուրս գա: Մենք հասել ենք էն կոնդիցիային, որ շատ մեծ քանակի բեզոարյան այծ ունենք: Մենք գումար ենք ծախսել, յոթ տարի է՝ պահում-պահպանում ենք, վերջիվերջո եկամուտ պիտի՞ ունենանք, թե՞ չէ»:

Նա ասում է, որ եթե այս տարի մոտ 600 քարայծ ունեն (սա «Սաֆարիի» հաշվարկն է -Ա.Փ.), ապա մյուս տարի 1000-ից կանցնեն: Պարոն Մաթեւոսյանը համոզված է, որ տարածքը շուտով կենդանիների համար նույնիսկ փոքր կլինի, չէ որ քարայծերից բացի այստեղ կան նաեւ մեծ քանակությամբ վայրի խոզեր եւ այլ կենդանիներ, այնպես որ ինքն առաջարկելու է կառավարությանը տարեկան հինգ քարայծի որսի թույլտվություն ստանա:

Բնապահպանության նախարարությունը, սակայն, առայժմ համաձայն չէ: Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կարմիր գրքում կենդանատեսակն այլեւս չընդգրկելու համար ոչ միայն գլխաքանակը հաշվի պետք է առնել, այլ նաեւ տարածման արեալը, պոպուլյացիան եւ այլ հանգամանքներ: «էսօրվա վիճակն այն չէ, որ Կարմիր գրքից հանենք», - հավաստիացրեց նախարարության աշխատակիցը եւ շեշտեց, որ Կարմիր գրքում գրանցված կենդանիները բացառապես կարելի է որսալ գիտական նպատակով, այն էլ կառավարության հատուկ որոշմամբ: Պարոն Զիրոյանը բացառեց նաեւ, որ մոտ ապագայում նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որը Կարմիր գրքում գրանցված կենդանու որսի թույլտվություն տա, անգամ եթե տվյալ վայրում կենդանու պոպուլյացիայի վիճակը բարվոք է:

Դեկտեմբեր 05, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր