

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն տվեց «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի՝ Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Նախարար Հակոբ Սիմիդյանն այն ստորագրել է սույն թվականի հունվարի 25-ին։
Ընկերությունը ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար կորոնի 3392 հեկտար տարածքում, որը ներառված է Ուրասար և Պուշկինո բնակավայրերի վարչական սահմաններում: Որոնողական աշխատանքները կիրականացվեն վերգետնյա: Լեռնային փորվածքներից ընդհանուր կվերցվի 200 նմուշ ակոսային նմուշարկման եղանակով:
Ըստ հայտի՝ բոլոր վերգետնյա փորվածքները ջրապահպան գոտիների տարածքներից կգտնվեն մինչև 32 մետր հեռավորության վրա: Կհորատվի 200 մետր խորությամբ 20 հորատանցք:
Տարածքը գտնվում է Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար բնակավայրից 4.5 կմ, Ստեփանավան քաղաքից 6 կմ և Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրից 10 կմ հեռավորության վրա: Տարածքը գտնվում է Ձորագետի աջափնյա վտակ Սև գետի վերին հոսանքի ավազանում: Տարածքում, ըստ հայտի, ստորերկրյա աղբյուրներ բացահայտված չեն:
2021թ-ին հիմնադրված «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի 100% տոկոս սեփականատերը կանադական «Ֆրեմոնդ Գոլդ էլթիդի» հանրային ընկերությունն է, որը հիմնադրվել է 2017թ-ին: Այն ղեկավարում է Պորտուգալիայի քաղաքացի Դեննիս Մուրը: Նա նաև «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի 85% բաժնետերն էր, որն էլ իր հերթին դրական եզրակացություն ստացավ Վայոց ձորի մարզի Վարդենիսի հանքերևակման տեղամասում բազմամետաղներ որոնելու համար։ Այս երկու նախագծերի դեպքում էլ տեղի բնակիչները դեմ էին արտահայտվում։
Ուրասարի և Պուշկինոյի բնակիչներն իրենց տեսակետը հայտնել էին 2022 թվականի հոկտեմբերին կայացած լսումների ժամանակ՝ նշելով, որ կկորցնեն իրենց արոտավայրերը և ջրային ռեսուրսները։
Փորձաքննական եզրակացության մեջ նշված է տեղի բնակիչների բացասական կարծիքների մասին, միաժամանակ նշված է, որ հաշվի են առնվել նաև պետական կառույցների և մասնագիտական կարծիքները։
Ըստ եզրակացության՝ երկրաբանական աշխատանքները չունեն զգալի ազդեցություններ շրջակա միջավայրի վրա և անմիջական վտանգ չեն ներկայացնում տարածաշրջանի շրջակա միջավայրի բաղադրիչների և սոցիալական միջավայրի վրա։
Ընկերության հայտում նշված է. «Ուսումնասիրվող տարածքի մոտակայքում աճում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս տարածքում ևս նրանց աճը հնարավոր է: Դրանք են՝ Ճռճռուկ մազոտ (Cerastium capillatum), Մրտավարդ կովկասյան (Rhododendron caucasicum), Արքայածաղիկ բլրակայի (Fritillaria collina)»:
Հայտում նաև նշված է, որ տարածքում հանդիպում է 116 տեսակի թռչուն, որոնցից 20-ն ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում: Այդ տեսակներից միայն երեքը՝ Մարգահավը, Բվեճը և Ներկարարը, ըստ հայտի հեղինակների, կարող են, ենթադրաբար, բնադրել այս տարածքում:
Նաև առկա է կարմիրգրքյան 4 կենդանատեսակ՝ Շելկովնիկովի կուտորա (Neomys schelkovnikovi), Գորշ արջ (Ursus arctos), Անտառային կատու (Felis silvestris), Փոքրասիական գետնասկյուռ (Spermophilus xanthoprymnus): Նշված է, որ տարածք պատահական մուտք են գործում գորշ արջն ու վարազը:
Ըստ հայտի՝ ենթադրաբար տարածքում հանդիպում են նաև կարմիրգրքյան Դալի մողեսը, Սպիտակափոր մողեսը, Լեռնատափաստանային իժը:
Իսկ ցամաքային անողնաշարավորներից հնարավոր է Արագաստաթիթեռների ընտանիքին պատկանող Սև ապոլոնի և Հայկական մորեխի առկայությունը:
Հայտում նշված է, որ այս տեսակների առկայությունը հայցվող տարածքում կստուգվի ամռանը նախատեսված կարճաժամկետ դաշտային աշխատանքների ընթացքում:
Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն, ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական պահանջներից են օրենսդրական դրույթների պահպանումը, աշխատանքների ավարտից հետո հորատանցքերի լուծարումը և կոնսերվացումը, ազդակիր համայնքներում և բնակավայրերում սոցիալական ծրագրերի իրականացումը։
Փետրվար 01, 2023 at 13:06