

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2022թ․ դեկտեմբերի 9-ին դրական եզրակցություն է տվել «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին:
Հիշեցնենք, որ «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի հայտի վերաբերյալ բացասական կարծիք էր ներկայացրել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը՝ նշելով, որ նախատեսվող գործունեությունը հակասում է ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջներին: Հայտի վերաբերյալ բացասական կարծիք էին հայտնել նաև քաղհասարակության ներկայացուցիչները, բնապահպանական կազմակերպությունները՝ նշելով, որ նախատեսվող աշխատանքները ռիսկեր են ներկայացնում Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծման ծրագրի համար և հակասում են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին: Երկրաբանական ուսումնասիրության անցկացմանը դեմ է եղել նաև Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի բնակչությունը, որը տապալել էր 2022թ. հոկտեմբերի 14-ին նախատեսված հանրային քննարկումը:
Ընկերությունն իր ՇՄԱԳ հայտում նշել էր, որ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանահետախուզական ուսուամնսիրության աշխատանքների տեղամասերի կոորդինատներով սահմանազատված տարածքները չեն համընկնում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Շրջակա միջավայրի նախարարության ջանքերով իրականացվող «Էկոլոգիական միջանցնքերի ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի հետ:
Նախարարությունը եզրակացրել է, որ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն անմիջական վտանգ չեն ներկայացնում տարածաշրջանի շրջակա միջավայրի բաղադրիչների (հող, ջուր, օդ, կենսաբազմազանություն) և սոցիալական միջավայրի համար և տվել է դրական եզրակացություն:
Դեկտեմբեր 23, 2022 at 17:27