ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ի 21.875033% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Համապատասխան որոշումն ընդունվեց 2022թ. դեկտեմբերի 22-ին կայացած Կառավարության նիստում:

Ըստ որոշման հիմնավորման՝ այն ընդունվել է` կորպորատիվ կառավարմանն առավել ինստիտուցիոնալ մոտեցմամբ մասնակցելու անհրաժեշտությունից ելնելով: «Բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունն ապահովելու նպատակով նախագծով նախատեսվում է կոմիտեի կողմից ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրացնելիս Կոմիտեի կողմից կայացվելիք որոշումները նախապես տեղեկացնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ: Նախատեսվում է նաև, որ ընկերության բաժնետոմսերի կառավարման գործընթացում ընկերությունից ստացված ֆինանսական և այլ բնույթի հաշվետվությունները, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունները և այլ փաստաթղթերը պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից դրանք ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ»,- նշված է հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ այդ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձվել էին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ANIF) հավատարմագրային կառավարմանը:

Դեկտեմբեր 23, 2022 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր