Հրապարակվել է ԱՃԹՆ-ի 4-րդ ազգային զեկույցը

Հրապարակվել է ԱՃԹՆ-ի 4-րդ ազգային զեկույցը

2022թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) տարեկան համաժողովը, որին ներկայացվեց Հայաստանի ԱՃԹՆ 2020-2021թթ. ազգային 4-րդ զեկույցը։ Այն կազմվել է «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ի կողմից՝ Համաշխարհային բանկի «Աջակցություն Հայաստանի ԱՃԹՆ-ին. լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ կառավարության, ԱՃԹՆ-ի միջազգային և հայաստանյան քարտուղարության, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: 

ՀՀ փոխվարչապետ, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց նախորդ տարիներին կատարված աշխատանքը ու ձեռքբերված արդյունքները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը և բազմաշահառու խումբը հանձնառու են ԱՃԹՆ-ի ստանդարտի շարունակաբար բարձրացվող պահանջները բավարարելու գործում և ակտիվորեն աշխատելու են մետաղական հանքարդյունաբերության ոլորտի լավ կառավարման գործելաոճն ամրապնդելու ուղղությամբ։  «Մինչ այժմ կատարված աշխատանքների հիման վրա կարող ենք ասել, որ ԱՃԹՆ գործընթացը տալիս է այն հանրային օգուտները, որոնք ակնկալում էինք: Մասնավորապես, հասարակությունn ամբողջական տեղեկացվածություն ունի հանքարդյունաբերության ոլորտից ստացված եկամուտների, դրանցում յուրաքանչյուր ընկերության մասնաբաժնի, այդ եկամուտների բաշխման, համայնքների սոցիալ-տնետեսական կյանքում ընեկերությունների մասնակցության չափի վերաբերյալ»,- ասաց նա:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր ողջույնի խոսքում կարևորեց ԱՃԹՆ-ի արդյունքների օգտագործման կարևորությունը նախարարության ընթացիկ աշխատանքներում: «Ոլորտում խնդիրներ շատ կան,այդ թվում՝ սոցիալական և բնապահպանական, ոլորտի դերը մեր երկրի տնտեսական զարգացման մեջ բավական մեծ է և պետք է փորձենք համատեղ այս աշխատանքներով և-և անել. և՛ խնդիրները հաշվի առնել մեր աշխատանքներում, բայց և ոլորտի կառավարումն այնպես իրականացնել, որ տնտեսական գործոնները չտուժեն»,- ընդգծեց նախարարը: 

ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության տնօրեն Մարկ Ռոբինսոնը նշեց, որ  Հայաստանի Հանրապետությունն ԱՃԹՆ-ի միջազգային համայնքում համարվում է  օրինակելի երկիր, որը մեծ առաջընթաց է գրանցել թափանցիկության և հաշվետվողականության ստանդարտների ներդրման գործում։ Նրա խոսքով՝ Հայաստանի առաջընթացն ընդերքօգտագործման պայմանագրերի հրապարակման և իրական շահառուների բացահայտման պահանջների՝ առաջանցիկ տեմպերով կատարման գործում գնահատանքի է արժանի։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նարինե Թադևոսյանը նշեց, որ Հայաստանի ԱՃԹՆ-ի անցած դժվարին ու արդյունավետ ուղին շատ կարևոր է Հայաստանի տնտեսության հետագա զարգացման գործում հանքարդյունաբերության կայուն զարգացման տեսանկյունից: Ըստ նրա՝ այդ ամենի անմասն կողմերն են թափանցիկությունը ու հաշվետվողականությունը։ «Բազմաշահառու խմբի ակտիվ ներգրավածությունն ու մասնակցությունը քննարկումներին ինձ համար նախաձեռնության կարևոր ձեռքբերումներից մեկն է, որը Հայաստանում նոր մշակույթ է և շարունակում է մնալ եզակիներից: Այստեղ ոչ միայն կառավարություն և բիզնես քննարկումներ են, այլ երեք կողմն իրար հետ նստած են մի սեղանի շուրջ և միաժամանակ քննարկում են հարցեր, որոնք  տարբեր տեսանկյուններից անհանգստացնում են շահառու կողմերին: Մյուս կողմից ԱՃԹՆ քարտուղարությունը Հայաստանում եզակի արդյունավետ գործող կառույցներից է՝ համեմատած նախաձեռնությանն անդամակցող մի շարք այլ երկրների»,- նշեց նա: 

Զեկույցի հեղինակ «Էրնսթ ընդ Յանգ» (EY)  ընկերության ներկայացուցիչներն ամփոփ ներկայացրեցին ԱՃԹՆ-ի 4-րդ՝  2020-2021 թթ. ազգային զեկույցը:  

Զեկույցի ներկայացմանը հաջորդեցին թեմատիկ պանելային քննարկումները։ Առաջին՝ «Հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող փոփոխությունները ոլորտի զարգացման տեսլականի ներքո» խորագրով քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց վերջին 2 տարիներին ոլորտի օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են հարկային ռեժիմին, ներկայացվեց ռոյալթիի հաշվարկման 2023թ. հունվարից ուժի մեջ մտնող կարգում կատարված փոփոխությունները։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի արդյունքում 2023թ. ազդակիր բնակավայրերին կուղղվեն մասհանումներ մետաղական հանքարդյունաբերության ոլորտից պետության ստացված ռոյալթիներից:

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը նշեց, որ նախորդ տարիներին օրենսդրորեն ընդլայնվել է այն ընկերությունների ցանկը, որոնց կողմից վճարված բնապահպանական հարկի մասհանումներից ազդակիր համայնքները իրականացնում են  բնապահպանական և առողջապահական ծրագրեր։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նարինե Թադևոսյանը նշեց, թե «կանաչ էներգետիկայի» անցման ժամանակաշրջանում ինչպես են մեծանալու մետաղների նկատմամբ պահանջները և ինչում են կայանալու հանքարդյունաբերության ոլորտի կառավարման  մարտահրավերները:

Երկրորդ՝ «ԱՃԹՆ-ի տվյալների օգտագործումը որպես հակակոռուպցիոն և ոլորտի նկատմամբ հանրային վերահսկողության գործիք» խորագրով պանելային քննարկման ժամանակ  «Էրնսթ ընդ Յանգ»  ընկերության իրավաբաններ Էդգար Մեյրոյանը և  Գրիգոր Գրիգորյանը ներկայացրեցին «իրական շահառու» հասկացողության և դրա օրենսդրական ձևակերպումների նշանակությունը հանրային վերահսկողության տեսակետից:

Համաժողովի պանելային քննարկման ընթացքում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ, ԱՃԹՆ-ի բազմաշառու խմբի անդամ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց հասարակական սեկտորի կողմից տարվող աշխատանքների մասին, որն ուղղված է ԱՃԹՆ-ի տվյալների մասին իրազեկվածության մեծացմանը, ընդգծեց հանրության կողմից իրական շահառուների վերաբերյալ տեղեկատվության օգտագործման կարևորությունը: 

Անդրադառնալով վերջերս ՀԿ-ների և լրագրողների համար իրական շահառուների բացահայտման ուղղված դասընթացին՝ նշեց. «Միջոցառումն ուսանելի էր և արդյունավետ: Այն մատչելի ներկայացնում էր օրենսդրական փոփոխությունները, իրական շահառուների մասին տեղեկատվության հրապարակմանն ուղղված քայլերը, որ կազմակերպություններն են բացահայտելու իրական շահառուներին, ինչ ժամկետներում, ինչպես գտնել անհրաժեշտ տեղեկատվություն, որ աղբյուրներից օգտվել: Այս և նմանատիպ իրազեկող միջոցառումները նպաստում են հասարակության իրազեկվածության բարձրացմանը, հանրային վերահսկողության կարողությունների զարգացմանը»:

Վիկտորյա Բուռնազյանն ընդգծեց, որ «ԷկոԼուրը», լինելով տեղեկատվական կազմակերպություն, մշտապես օգտվում է ԱՃԹՆ շրջանակներում  հրապարակված տվյալներից, վերլուծում դրանք, հանրայնացնում, ներկայացնում ազդակիր համայնքներում: «Այդ տվյալները նոր հնարավորություններ են ստեղծում խնդիրների բացահայտման, նոր առաջարկությունների ձևավորման, ոլորտի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար»,- նշեց նա:

Բանախոսը կիսվեց կազմակերպության գործունեության մեջ տվյալների օգտագործման դրական փորձով. «2021-2022թթ. իրականացվեց «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում: Այն իրականացվեց «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագիրն իրականացվեց սոցիալ-էկոլոգիական կոնսորցումի կողմից, որում ընդգրկված էր 5 կազմակերպություն, «ԷկոԼուր», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Հայաստանի անտառներ», «Նոր հորիզոններ», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների  կողմից: Մշակվեցին Սիսիան, Գորիս, Մարտունի Վարդենիս, Ախթալա ու Օձուն համայնքների սոցիալ-էկոլոգիական քաղաքականություններ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերում ներառելու համար:  Այս փաստաթղթերում ներառված են նաև ԱՃԹՆ շրջանակներում հրապարակված տվյալները, մասնավորապես, ընկերությունների բնապահպանական վճարների, ընդերքօգտագործման պայմանագրերում հրապարակված սոցիալ-տնտեսական պարտավորությունների մասին, որպեսզի համայնքներն այս միջոցները ևս դիտարկեն հանարավորություն «կանաչ» ծրագրերի իրականացման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման  գործում:  Օձունն արդեն իր ավագանու նսիտում ընդունել է քաղաքականությունը: Մյուս հանամայնքներում աշխատանքները որոշակիորեն կանգ են առել երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով»:

Վիկտորյա Բուռնազյանը նաև անդրադարձավ քաղհասարակության խմբակցության ակտիվ աշխատանքին հանքարդյունաբերության ռազմավարության նախագծի մշակման գործընթացում: «Քաղհասարակության խմբակցությունը ռազմավարության նախագծի վերաբերյալ մի քանի անգամ ներկայացրել է ծավալուն առաջարկներ, մեկնաբանություններ և դիտարկումներ: Առաջարկների մի մասը հաշվի է առնվել փաստաթղթում»,- նշեց նա:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանի խոսքով՝ գործակալությունն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերում հանրության համար հասանելի տվյալների որակի ապահովման ուղղությամբ մեծ աշխատանքներ է տանում: 

«Սիվիլնեթ»-ի լրագրող Անի Գրիգորյանը ներկայացրեց, թե որքանով են կարևոր մեդիա դաշտում աշխատողների համար «իրական շահառուների» մասին տվյալների օգտագործման կարողությունների մեծացմանն ուղղված աշխատաժողովները:

 

Դեկտեմբեր 28, 2022 at 15:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր