

2022թ. դեկտեմբերի 21-ին Փամբակ համայնքում «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ հանրային լսումներն անցան լարված մթնոլորտում:
«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները նախատեսվող գործունեության աշխատանքների մասին խոսեցին: Հանքավայրի հնարավոր ընդլայնմամբ մտահոգված՝ բնապահպանները, ակտիվիստները, Քարաբերդի ոսկու հանքավայրին հարակից բնակավայրերի բնակիչներն ու լրագրողները բարձրաձայնեցին ռիսկերի ու խնդիրների մասին: «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները այդ հարցերը կամ անպատասխան թողեցին, կամ էլ՝ հստակ պատասխաններ չտվեցին: Ներկայացուցիչներից մեկն ասաց, որ սա ընդամենն առաջին փուլն է, և հետագա փուլերում իրենց կտրվի տեխնիկական առաջադրանք, որում էլ կփորձեն ընդգրկել բարձրացված հարցերը: Տեղի բնակիչները, սակայն, կասկած հայտնեցին հետագա փուլերում իրենց կարծիքները հաշվի առնելու անորոշ խոստումին:
Լսումներին ներկա բնակիչների մեծամասնությունը դեմ արտահայտվեց Քարաբերդի ոսկու հանքավայրի հետ կապված նոր ուսումնասիրություններ իրականացնելու նախագծին: Ըստ ներկաների՝ կողմ էին արտահայտվում ընկերության ներկա աշխատակիցներն ու ակնհայտ հրավիրված կողմնակիցները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի
Դեկտեմբեր 22, 2022 at 12:24