

2023թ. ապրիլի 13-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026թթ. ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է հանրապետությունում հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ՝ 12 փոքր և 3-ական միջին ու խոշոր։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով: Փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897 մլն դրամ, ինչի համար ՀՀ 2024, 2025 և 2026 թթ. պետբյուջեից տարեկան կհատկացվի 299 մլն դրամ։
Ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ-ում պետք է ներդրվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիա՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և պետք է վերականգնվի խեցգետնի արտահանման գործընթացը։ Ակնկալվում է, որ հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին կամ տարեկան լրացուցիչ կստացվի 1 միլիարդ 620 միլիոն համախառն արտադրանք։ Ըստ նախագծի հեղինակների՝ ծրագրի շնորհիվ կլուծվի խեցգետնի բնական պաշարների պահպանման խնդիրը, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։
Ըստ որոշման հավելվածի՝ խեցգետնի բուծման փոքր համալիրը կանխատեսվում է տարեկան առնվազն 6 տոննա (ամսական՝ 0․5 տոննա), միջինը՝ առնվազն 12 (ամսական՝ 1 տոննա), իսկ խոշորը՝ առնվազն 18 տոննա (ամսական՝ 1․5 տոննա) ապրանքային խեցգետին արտադրելու համար և դրանք ներառում են համապատասխանաբար 460 քառ.մ, 800 քառ.մ և 1000 քառ.մ (± 10% շեղումով) միջին մակերեսով արտադրական տարածք։ Արտադրամասերում տեղակայվելու են բազմահարկ տիպի փակ ջրավազաններ։ Խեցգետինների բուծման որոշակի փուլերում (ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում) աճման ինտենսիվությունը խթանելու նպատակով արտադրական տարածքի հետ համատեղ նպատակահարմար է շահագործել նաև բացօթյա ջրային տարածքներ՝ 1200-ից մինչև 4000 քառ.մ մակերեսով: Համալիրների կառուցման նախագծանախահաշվային փաթեթում պետք է ներառված լինեն համալիրի ընդհանուր տեսքի պատկերը, շինությունների տեղակայման և ջրավազանների տեղադրման գծագրերը, համակարգի կենսաբանական ֆիլտրման, թմբուկային ֆիլտրման, աէրացիայի, ջրամատակարարման և ջրահեռացման սխեմաներն ու գծագրերը: Համալիրներում նախատեսվում է բուծել ավստրալական կարմրաչանչ խեցգետին, որն ի տարբերություն մյուս տեսակների, համեմատաբար խոշոր է, ունի գրավիչ ապրանքային տեսք, դուրեկան համ և աճի բարձր ինտենսիվություն։
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է 2022թ. հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որով ամրագրվում է 2024 թվականից հանրապետության ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու հանգամանքը։ Մինչդեռ արդյունաբերական խեցգետնաբուծության տեխնոլոգիաներում արդեն իսկ կիրառվում է նման համակարգ։
Ըստ փաստաթղթի՝ ՀՀ որոշ լճերում, գետերում, ջրամբարներում և հատկապես Սևանա լճում գետի խեցգետնի պաշարները հնարավորություն ընձեռեցին իրականացնել դրանց արդյունահանումը, ինչը լայն թափ ստացավ վերջին 3 տասնամյակների ընթացքում։
Նախագծի հեղինակը Էկոնոմիկայի նախարարությունն է: Գործադիրի նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը նշել է. «Կար ժամանակ, երբ Հայաստանում իրականացվում էր տարեկան շուրջ 3000 տոննա խեցգետնի որս, որից շուրջ 2000 տոննան արտահանվում էր։ Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը, առավելապես՝ Սևանա լճից, հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազման։ Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խեցգետնի արդյունաբերական բուծման այս ծրագիրը սերտորեն կապված է ձկնաարդյունաբերության հետ և կնպաստի նաև ձկնաբուծարանների արտադրողականության աճին: «Դուք տեղյակ եք, որ նախկինում մեր կողմից կայացված որոշմամբ և Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի: Սա շատ կարևոր է, որովհետև, մենք պրոբլեմ ունենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի հետ, որը մեր ձկնաարդյունաբերության հիմնական ռեսուրսն է: Ցավոք, այն շահագործվել և էականորեն մաշվել է: Երբ մենք փակ ցիկլի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, արձանագրել ենք, որ, այնուամենայնիվ, պետք է այդ գործառույթները և համակարգը ներդնենք իրատես ժամկետներում իրատեսական քայլերով, որպեսզի նաև բավականին մեր տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնող ձկնաարդյունաբերությունը չոչնչացնենք: Ահա, կարծում եմ՝ այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ շղթան, որովհետև մեր մոտեցումն այն է, որ խեցգետնաբուծությունը պետք է այս ծրագրով քաջալերենք և աջակցենք, հատկապես այդ երկրորդային ջրերի վրա: Այսինքն՝ երբ ձկնաբուծարաններից ջուրը հեռանում է, այդ հեռացող ջրի վրա խեցգետնի արդյունաբերությունն այդպիսի պետական ծրագրով մենք խթանենք: Սրանով մենք մի քանի հարց ենք լուծում: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ բարձրորակ խեցգետին հնարավոր է ստանալ, ինչը շուկայում շատ շոշափելի և տեսանելի ապրանք է բարձր գնով: Սրանով մեր ջրի շահագործման շղթան կերկարացնենք և ավելացված արդյունքը կմեծացնենք»,- նշել է վարչապետը:
Ապրիլ 14, 2023 at 15:36