

ՀՀ կառավարությունը 495 միլիոն 691 հազար դրամ կհատկացնի «Սևանի իշխանի պաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» համար։ Որոշումը գործադիրն ընդունեց ապրիլի 13-ի նիստում։ Գումարը ՀՀ 2023թ. պետական բյուջեի կառավարության պահուստային ֆոնդից կուղղվի Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին, «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» ՓԲԸ-ների տարեկան ծախսերին:
Հավելյալ գումարի հատկացման պատճառն այն է, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» հետագա գործունեությունը ներկայում վտանգված է՝ պայմանավորված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» առկա ֆինանսական խնդիրներով: Խնդիրների պատճառով հնարավոր է, որ վերանաա իշխանի երկու ենթատեսակների գենետիկ ռեսուրս հանդիսացող ամբողջ ծնողական կազմը, ինչն էլ կարող է հանգեցնել էնդեմիկ ձկնատեսակաների իսպառ վերացմանը։
Փաստաթղթում նշված է, որ գործընթացի շարունակական ապահովման շնորհիվ հնարավոր կլինի լճում համալրել էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային ենթատեսակների իշխանի պաշարները, բարելավել իշխանի համար ձվադրավայր հանդիսացող գետերի էկոլոգիական վիճակը, ինչը կնպաստի իշխանի բնական վերարտադրությանը և պոպուլյացիաների ձևավորմանը։
Ըստ հիմնավորման՝ 2023թ. ընթացքում նախատեսվում է իշխանի երկու ենթատեսակների բնական պաշարների վերականգնման նպատակով էկոհամակարգ բացթողնել շուրջ 200 հազար հատ տարբեր չափերի մանրաձկներ: Սելեկցիոն աշխատանքների արդյունքում նախատեսվում է ընտրել և ավելացնել Սևանի իշխանի երկու ենթատեսակների պատկանող ծնողական կազմի թվաքանակը՝ հասցնելով մինչև 80 հազար հատի, ինչը թույլ կտա տարեց տարի պաշարների վերականգնման նպատակով տարեկան բացթողնվող մանրաձկների թիվը հասցնել մինչև 1 միլիոն և ավելի հատի:
Ծրագրով նաև նախատեսվում է 2023թ. սկսել Սևանի կողակի արհեստական վերարտադրության իրականացման փորձերը՝ այդ ձկնատեսակի կենսունակ մանրաձկների ստացման և պաշարների վերականգնման հստակ մշակված տեխնոլոգիա ունենալու նպատակով: «Սևանի Իշխան»-ի մանրաձկան գործարանում նաև փորձարկվում են այլ արժեքավոր ձկնատեսակների ստացման փորձեր, օրինակ, հաջողված է Սևանի սիգի ձկնկիթից մանրաձկան ստացումը՝ բացի Սևանա լճից նաև ՀՀ տարածքում այլ ջրային էկոհամակարգեր վերաբնակեցնելու նպատակով:
Նշենք, որ հիմնադրամի առողջացմանն ուղղված միջոցառումների համար ՀՀ կառավարությունը 300 միլիոն դրամ էր հատկացրել դեռևս 2022թ. նոյեմբերին: Մինչ այդ էլ Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխանի բուծման ծրագրի համար պետական բյուջեից տրամադրվել էր 9 միլիարդ դրամ՝ որպես նվիրատվություն, սակայն ծրագիրը ոչ միայն չի արդարացրել այս նվիրատվությունը, այլև կուտակել է պարտքեր: 2019թ. էլ ՀՀ դատախազությունն ուսումնասիրել էր «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: Պարզվել էր, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացված 9 միլիարդ դրամի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջոցով։ Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ապրիլ 17, 2023 at 15:58