ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԷկոԼուր»

«Ազգային անվտանգությունը եվ Հայաստանի բնապահպանական խնդիրները» գիտաժողովի արդյունքում ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը առաջարկություններ է պատրաստում ՀՀ կառավարության եվ այլ շահագրգիռ կառույցների համար հետեւյալ հարցերի վերաբերյալ.
• Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիրները
• շրջակա միջավայրի աղտոտումը ծանր մետաղներով
• ռադոնային անվտանգության ապահովում
• հանքահանման արդյունքում Թեղուտ և Շնող գյուղերի խմելու և ոռոգման ջրի հնարավոր աղտոտման խնդիրը
• կենսաբազմազանության պահպանում, հասարակության տեղեկացվածության բարձրացման կարեւորությունը:

Գիտնականներն առաջարկում են, որպեսզի նախագծի քննարկմանը մասնակցեն բնապահպանական հասարակական կազմակերպությունները:

Հարգելի գործընկերներ

Ձեզ ենք ուղարկում ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի կազմակերպություններում հետազոտությունների արդյունքում ստացված տվյալներից բխող ՀՀ Բնապահպանական հիմնախնդիրները:

Մենք շնորհակալ կլինենք ընդունելու Ձեր դիտողությունները և առաջարկությունները, որոնք ԳԱԱ նախագահության քննարկումից հետո կուղարկվեն ՀՀ կառավարությանը և շահագրգիռ կազմակերպություններին:



Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար՝ Վ.Հակոբյան

ՀՀ Կառավարությանը ներկայացնելու համար


ՀՀ էկոլոգիական անվտանգության և բնապահպանական հիմնահարցերը և բարելավման ուղիները

Շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգություն խնդիրները արդիական են և գտնվում են աշխարհի զարգացած երկրների ուշադրության կենտրոնում:
Աստիճանաբար փոփոխվող բնակլիմայական պայմանները, գիտատեխնիկական առաջընթացը, տեխնածին աղտոտվածության քանակական և որակական ազդեցությունները խախտում են բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը, վնասում են մարդ-բնություն հարմոնիկ փոփհարաբերություններին: Այդպիսի տեղաշարժերը վտանգում են մարդու գենետիկական կայունությունը, հանգեցնում են հիվանդությունների առաջացմանը, նպաստում վաղաժամ ծերությանը, երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման բացասական դրսևորումներին, բնածին արատների արաջացմանը:

Զարգացող երկիրներում, ինչպիսինն է Հայաստանը, սոցիալ-տնտեսական իրավիճակը կարող է բարդացնել մեր տարածաշրջանի բացասական էկոլոգիական երևույթները:

Սուր էկոլոգիական իրավիճակ է գրանցվում լեռնահանքային արդյունաբերական շրջաններում՝ կապված օդի գերնորմատիվ աղտոտման հետ։ Այս բնակավայրերում կարևորագույն խնդիր է դարձել ոռոգման համար օգտագործվող ջրի աղտոտումը ծանր մետաղներով և իոններով, գյուղատնտեսական նշանակության հողերի աղտոտումը և, որպես հետևանք, տոքսիկ տարրերի ներթափանցումը գյուղատնտեսական մթերքների մեջ։ Սննդային շղթաներում առավել վտանգավոր է տոքսիկության առաջին դասի տարրերի (As,Hg,Cd,Pb) առկայությունը։ Կան տվյալներ այդ բնակավայրերում բնակվող երեխաների օրգանիզմում ծանր մետաղների կուտակման վերաբերյալ։

Շրջակա միջավայրի տարբեր ոլորտների աղտոտվածության հետ մեկտեղ զգալի վտանգ է սպառնում բնական լանդշաֆտներին և առանձին կարևորագույն բնական օբյեկտներին։ Այս շարքում առաջնահերթ են՝
- Սևանա լիճը. մարդածին զանազան ներգործությունների արդյունքում լճի էկոհամակարգը հայտնվել է խիստ անկայուն վիճակում, լճի ջրահավաք ավազանում ցանկացած նոր սխալ քայլ կարող է կործանարար լինել այս կարևորագույն բնական օբյեկտի և նրա ռեսուրսների համար
- ալպիական գոտու կերահանդակներ. գերշահագործման արդյունքում նրանց զգալի մասը ենթարկված է էրոզիայի, գրանցվում է բուսական տեսականու դեգրադացիա և, որպես արդյունք, արդյունավետության խիստ անկում
- անտառային ծածկույթ. անտառահատումների արդյունքում կրճատվել է անտառների մակերեսը, ոչնչացվել են առավել արժեքավոր ծառատեսակները, զգալի վնաս է հասցվել կենսաբազմազանությանը, շատ վայրերում ակտիվացել են ինժեներաերկրաբանական գործընթացները, հողային էրոզիան, խախտվել է մակերևութային ջրերի հիդրոլոգիական ռեժիմը։

Հարկ է նշել, որ վերը բերված հիմնահարցերը, կրելով էկոլոգիական բնույթ, սերտ կապված են սննդային անվտանգության, ազգաբնակչության առողջության, գենոֆոնդի պահպանման և մի շարք այլ ոլորտների հետ, որոնք էլ ազգային անվտանգության բաղադրիչ մասն են։

Վերջին տարիների տնտեսական աճն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը, քանզի ներկա պետական քաղաքականության մեջ տնտեսական շահերը գերակայում են բնապահպանական խնդիրների հանդեպ։ Այսպիսի տնտեսավարման արդյունքում՝ շրջակա միջավայրին տնտեսական գործունեության հասցրած վնասը համարժեք է համախառն ներքին արտադրանքի 8-10% -ին, մինչդեռ բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով մուտքերը կազմում են ՀՆԱ-ի ընդամենը 0,3-0,5%-ը, այսինքն՝ համարժեքությունը խախտված է մոտ 23 անգամ։

Շրջակա միջավայրի իրավիճակի վրա տեխնածին ազդեցությունն առավել ցայտուն արտացոլվում է քաղաքներում և արդյունաբերական կենտրոններում։
Այսպես՝ Երևանում`
- բնակչության 57%-ը ապրում է ծանր մետաղներով աղտոտված տարածքներում
- օդի աղտոտման բազմաթիվ ցուցանիշներ գերազանցում են թույլատրելի սահմանները երկու և ավելի անգամ
- կանաչապատված տարածքների մակերեսները սակավ են մոտ 3 անգամ
- պաշտոնական տեղեկատվություններում բացակայում են մարդու առողջության համար վտանգ ներկայացնող գործոնների, մասնավորապես, մթնոլորտային օդում 3,4 բենզապիրենի, դիօքսինի, բույսերի փոշու, փակ տարածքներու ռադոնի խտությունների մասին տվյալները
- ակնհայտ է իրավիճակի վատթարացման միտումը՝ կապված գերխիտ շինարարության, տրանսպորտային հոսքի ավելացման, մի շարք գործարանների արտանետումների հետ
- շրջակա միջավայրի աղտոտման մեծացման հետ զուգընթաց վատթարանում է ազգաբնակչության առողջական վիճակը:

Հետազոտությունների ուղղվածությունը կանխորոշվում է ՀՀ Կառավարության N 1302 (15.08.02) կողմից հաստատված ՀՀ Գիտության և Տեխնիկայի գերակա ուղղությունների մասին որոշումով, որից այս բնագավառին է վերաբերվում «Ռիսկի գործոնները և մարդու առողջությունը» ուղղությունը։

Հետազոտություններով լուծվող խնդիրները պետք է նպատակաուղղվեն ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես՝
- Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (Փարիզ, 1994թ.)
- Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի (Ռիո դե Ժանեյրո, 1992թ.)
- Միջսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման կոնվենցիայի (Էսպո, 1991թ.)
- Միջսահմանային արդյունաբերական վթարների ազդեցության կոնվենցիայի (Հելսինկի, 1992թ.)
- Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի (Ֆլորենցիա, 2000):
1.Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտական հետազոտությունների խնդիրներն են՝
1.1 վերականգնման, նրա պահպանմանն ուղված ծրագրերի և հայեցակարգերի, գիտական կանխատեսումների մշակում
1.2 անթրոպոգեն գործունեության բացասական ներգործության հետևանքների գնահատում
1.3 պահպանության ոլորտում պետական չափորոշիչ և այլ նորմատիվային փաստաթղթերի մշակում
1.4 շրջակա միջավայրի վրա ներգործության գնահատման ցուցանիշների կատարելագործում և մշակում
1.5 շրջակա միջավայրի պահպանության և բնապաշարների արդյունավետ օգտագործման ոլորտում նոր տեխնոլոգիաների ստեղծում և մշակում
2 էկոլոգիապես վթարային տարածքների վերականգնման ծրագրերի մշակում
3 հանրապետության տարածքի ռեկրեացիոն ներուժի պահպանմանը և զարգացմանն ուղղված միջոցառումների մշակում։

Սևանա լճի էկոհամակարգերի պահպանության խնդիրները

Սևանա լճի ավազանը համարվում է Հայաստանի Հանրապետության համար բացառիկ կարևոր ռազմավարական նշանակության տարածք: Նա միաժամանակ Հանրապետության ձկնարդյունաբերական հիմնական կենտրոնն է:
Անհրաժեշտ է`
1. Սևանա լճի մակարադակը բարձրացնել ԲԾՄ մինչև 1903.5 մ: Լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է ծառատնկման աշխատանքներ իրականացնել լճի մակարդակի ԲԾՄ 1908.5մ հորիզոնից 200մ լայնությամբ:
2. Արմատապես վերանայել Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի բնական ռեսուրսների (հատկապես ջրային) շահագործման սկզբունքները, իսկ հետագայում նրա զարգացումը խստորեն իրականացնել լճային էկոհամակարգի բնական ֆունկցիոնալ գործունեությունն ապահովող պահանջներին համապատասխան։

Կենսառեսուրսների նկատմամբ վարվող սպառողական քաղաքականության արդյունքում խզվել են լճի ձկնատեսակների արդյունագործական պաշարները: 80-ական թվականների համեմատ ձկնարդյունավետությունը նվազել է ավելի քան 30 անգամ, լճում ձկան խտությունը 87 կգ/հա-ից հասել է 2.8: Արժեքավոր արդյունագործական ձկնատեսակների /սիգ, կողակ/ պաշարների խզման պայմաններում, սակավարժեք լճածածանը դարձել է միակ արդյունագործական ձկնատեսակը լճում, զբաղեցնելով սիգի ազատած էկոլոգիական նիշան:

Շարունակվում է կրճատվել նաև Սևանա լճի ձկնային համակեցության կենսաբազմազանությունը: Անհետացման վտանգի առաջ է կանգնած ոչ միայն էնդեմիկ ձկնատեսակ` իշխանը, այլև կողակը և բեղլուն:

Սևանա լճի էնդեմիկ և արժեքավոր արդյունագործական ձկնատեսակների պաշարների վերականգնման համար անհրաժեշտ է հիմնախնդիրների լուծմանը դրսևորել համալիր մոտեցում.
• Սևանա լճի ձկնային պաշարների կառավարումն իրականացնել միայն գիտական հիմնավորումներից ելնելով:
• Ապահովել ձկնային ռեսուրսների պատշաճ պահպանություն Սևանա լճում և նրա վտակներում, վերահսկելով նրանց վաճառքը ճանապարհներին և բնակավայրերում:
• Շարունակել և ընդլայնել լճի էնդեմիկ ձկնատեսակների արհեստական բուծման աշխատանքները:
• Սևանա լճի ձկնատեսակների աճի, բազմացման և զարգացման համար ստեղծել բարենպաստ պայմաններ` ջրի որակի վերականգնման ճանապարհով, նվազեցնելով լճի և նրա վտակերի անթրոպոգեն աղտոտվածության աստիճանը և բարձրացնելով լճի մակարդակը:
• Խիստ հսկողություն սահմանել Սևանա լիճ օտարածին կենդանատեսակների ներմուծման նկատմամբ:
• Նպաստել Սևանի ավազանի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը` Սևանա լճի բնական ռեսուրսների նկատմամբ անթրոպոգեն ճնշումը նվազեցնելու համար:
• Անհապաղ միջոցառումներ ձեռնարկել Արփա - Սևան թունելը վերանորոգելու համար:
• Խիստ միջոցառումներ ձեռնարկել և արգելել լճի ափամերձ տարածքի կառուցապատումը և եղածների հետագա շահագործումը:

Շրջակա միջավայրի աղտոտումը ծանր մետաղներով

Ծանր մետաղներով աղտոտման վտանգն արդեն մի քանի 10-ամյակներ ընդունված է ողջ գիտական հանրության կողմից, քանի որ դրանք կուտակվում են շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներում, մարդու, կենդանիների օրգանիզմում, կայուն են, տոքսիկ և քաղցկեղածին են, ունեն երկարատև և երկարաձգված ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Բնությունը չունի դրանցից ինքնամաքրման արդյունավետ մեխանիզմներ:
Կարևորվում է`
• Հաշվի առնելով, որ ծանր մետաղներով աղտոտման պայմաններում երեխաները բնակչության առավել խոցելի խումբn են, անհրաժեշտ է անցկացնել մանկապարտեզների տարածքների և խաղահրապարակների էկոլոգաերկրաքիմիական գնահատում:
• Իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի կատարման մոնիթորինգ:
• Առավել աղտոտված տարածքներում մանրամասնել ուսումնասիրությունները` աղտոտման աղբյուրների հայտնաբերման համար:

Քաջարան քաղաքում ծանր մետաղներով աղտոտման մակարդակը գնահատվում է որպես միջին, որը օրինաչափ է կենսաերկրաքիմիական մարզի համար: Բնակչության համար ռիսկի գործոնը պայմանավորված է գյուղատնտեսական գործունեության մեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարների տարածքների անվերահսկելի ներգրավմամբ: Արդյունքում պոչանքի և ծածկող հողագրունտի մեջ պարունակվող ծանր մետաղները, այդ թվում նաև I դասի վտանգավորության տարրերը թափանցել են սննդային շղթա:

Գործնականում, պոչամբարների տարածքում աճեցվող ամբողջ գյուղմթերքը, կերախոտն ու կովերի կաթը պարունակում է մի շարք տոքսիկ մետաղներ` չափորոշիչ արժեքներից բարձր քանակությամբ: Հատուկ ուշադրություն է պահանջում սնդիկի հայտնաբերումը սննդային շղթայում: Սնդիկ առկա է նաև քաղաքի մթնոլորտում` տեղակայվելով քաղաքի աջափնյա սելիտեբ հատվածում:

Երեխաների ընտրանքային ստուգումը հայտաբերեց նրանց օրգանիզմում ծանր մետաղների կուտակում` չափորոշիչ արժեքներից բարձր քանակությամբ:
Կարևորվում է`
• Անցկացնել Փխրուտ, Դարազամի և Ողջի պոչամբարների վերառեկուլտիվացիա` հակաֆիլտրացիոն պատնեշի ստեղծմամբ:
• Պոչամբարները ցանկապատել` գյուղատնտեսական նպատակներով դրանց տարածքների օգտագործման կանխարգելման համար:
• Դարազամի պոչամբարում կառուցել շեմային պատեր` դեպի Ողջի գետի հուն պոչանքի սահումը կանխարգելելու համար:
• Կատարել նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների լիածավալ հետազոտություն` նրանց օրգանիզմներում ծանր մետաղների առկայության գնահատման համար: Ըստ այդ գնահատման արդյունքների` մշակել և իրականացնել միջոցառումներ` բուժման և կանխարգելման համար;

Կապան քաղաքի տարածքի ծանր մետաղներով աղտոտման մակարդակը գնահատվում է որպես ցածրից միջին: Միևնույն ժամանակ ուշագրավ է արսենով աղտոտման խիստ բարձր բեռնվածությունը (3-9 սահմանային թույլատրելի կոնցենտրացիա): Հետազոտությունները ցույց են տվել, որ անձրևային հոսքերը քաղաքի սահմաններում գտնվող լեռների լանջերի հիդրոթերմալ փոփոխված ապարներից արսենի մեծ քանակություններ են ներմուծում դեպի քաղաքի սելիտեբ հատված:

Կապան քաղաքի բնակչության համար ռիսկի առավել մեծ գործոն է շուկա բերվող գյուղմթերքը, որը պարունակում է մի շարք տոքսիկ տարրերի, այդ թվում` սնդիկի և արսենի, ՍԹԽ-ից բարձր քանակություններ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Սյունիքի գյուղական համայնքի հողերն ինտենսիվորեն աղտոտված են ծանր մետաղներով: Աղտոտման հիմնական աղբյուրն է ոռոգման ջուրը, որին խառնվում են Կապանի հանքի ջրերը և Արծվանիկ պոչամբարի պայմանականորեն մաքուր ջրերը: Վերջիններս պարունակում են սնդիկ, ՍԹԽ-ից մոտ 6 անգամ բարձր քանակությամբ:

Կարևորվում է`
• իրականացնել ինժեներատեխնիկական միջոցառումներ` լեռների լանջերից դեպի քաղաքային տարածքներ անձրևային հոսքերի թափանցումը կանխարգելելու նպատակով
• իրագործել գյուղատնտեսական հողերի մանրակրկիտ երկրաքիմիական քարտեզագրում` հորիզոնական և ուղղահայաց կտրվածքում աղտոտման բնույթի և մակարդակների փոփոխման որոշման համար
• իրագործել ինժեներատեխնիկական միջոցառումներ` գյուղացիներին անվտանգ ոռոգիչ ջրերով ապահովելու համար, մասնավորապես անհրաժեշտ է վերականգնել մաքուր ոռոգիչ ջրի ակվեդուկը ու շլյուզը
• մշակել և կիրառել գյուղատնտեսական հողերի դետոքսիկացիայի արդյունավետ տեխնոլոգիա:

Հաշվի առնելով, որ ծանր մետաղներով աղտոտումը առկա է հանրապետության բոլոր արդյունաբերական կենտրոններում, և միևնույն ժամանակ բացակայում են համապատասխան քարտեզներ և այլ համակարգված տեղեկատվություն աղտոտման բնույթի, ռիսկի խմբերի և այլ ցուցանիշների վերաբերյալ, առաջարվում է իրագործել պետական նպատակային ծրագիր` «Հայաստանի քաղաքների աղտոտումը ծանր մետաղներով»` ծրագրի իրականացմանը ներգրավելով Տարածքային կառավարման Նախարարությունը և Տեղական ինքնակառավարման մարմինները: Հետազոտությունների առաջնային օբյեկտ համարել հանքալեռնային արդյունաբերական կենտրոնները:

Ռադոնային անվտանգության ապահովում

Ռադոնը բնական, ռադիոակտիվ թունավոր գազ է և «ալֆա» ճառագայթման աղբյուր, որը ներխուժում է մարդու օրգանիզմ շնչուղիներով: Փակ տարածքներում ռադիոակտիվ գազ ռադոնը դիտվում է որպես բնակչության քաղցկեղածին ռիսկի գլխավոր գործոններից մեկը:
Գրեթե բոլոր երկրներում կազմված են ռադոնի վտանգի քարտեզներ:

Ցավոք Հայաստանում, այս խնդրին անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում, չնայած վերջին տարիներին տարածաշրջանում դիտվող սեյսմիկ ակտիվությունը զուգորդվում է փակ տարածքներում ռադոնի կոնցենտրացիայի աճով:

2005-2006թթ. սենյակային ռադոնի կոնցենտրացիայի չափումները ցույց են տվել, որ ոչ միայն ուժեղ, այլև Երևան քաղաքից 100կմ շառավղով տեղի ունեցած թույլ և հատկապես փոքր խորության երկրաշարժերի հետ կապված դիտվել է ռադոնի կոնցենտրացիաների աճ, որը երբեմն գերազանցել է սանիտարական նորման մոտ 20 անգամ` հասնելով նույնիսկ 2000Բկ/մ3-ի:

Քաջարան ք. մանկապարտեզների շենքերում ռադոնի առկայության զննման արդյունքում ննջասենյակներում հայտնաբերվել են ռադոնի գերնորմատիվային կոնցենտրացիաներ:
Այսիպիսով վերջին տարիների սեյսմիկ ակտիվությունը ՀՀ ազգաբնակչության համար բերել է ռադոնի վտանգի աճ:

Կարևորվում է`
1. մշակել Երևան քաղաքի, այլ բնակավայրերի ռադոնային վտանգի քարտեզներ,
2. անհապաղ սկսել մանկապերտեզների և դպրոցների շենքերի զննումը` ռադոնի կոնցենտրացիաների գնահատման նպատակով: Ելնելով ստացված արդյուքներից` մշակել և իրականացնել ռադոնային ռիսկի նվազեցմանը ուղղված համապատասխան միջոցառումներ:

3. Ստեղծել օրենսդրական հենք ռադոնային վտանգի դեմ պայքարելու համար:

Հայաստանի բուսական աշխարհի բազմազանության պահպանության խնդիրները

Թեղուտի հանքավայրի շահագործման տարածքը ընդգրկում է նաև 1589,6 հա անտառային ֆոնդ: Այդտեղի անտառը մեր Հանրապետության ամենալավ պահպանված ու ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող հատվածներից մեկն է: Այդ տարածքի Ֆլորայի և ‎‎ֆաունայի շատ ներկայացուցիչներ գրանցված են Հայաստանի և Միջազգային Կարմիր գրքերում: Տարածքում կան հնագույն և այլ ժամանակաշրջանների հնագիտական ու պատմամշակութային բազում հուշարձաններ:

Թեղուտում կառուցվող լեռնահարստացման համալիրի ենթադրվող տարածքում բուսաբան փորձագետների կողմից կատարված հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ ‎ֆաբրիկայի բացհանքի, թափոնակույտի, պոչամբարի և տրանսպորտային ցանցի շինարարության հետևանքով բնական էկոհամակարգերը կենթարկվեն ոչնչացման կամ զգալի կերպափոխության: Ապագա բացհանքում և պոչամբարում բուսածածկույթը գրեթե լիովին կոչնչացվի: Ընդհանուր առմամբ, ապագա բացհանքի շրջակայքի անտառային բուսականությունը գտնվում է բավականին լավ վիճակում, պարունակում է 197 բուսատեսակ: Ուստի, անվիճելի է, որ կոմբինատի շինարարությունը անպայման կբերի բնական բուսածածկույթի խախտմանը, իսկ որոշ հազվագյուտ և Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների լրիվ անհետացմանը` հավանականությունն անհերքելի է:

Թեղուտ և Շնող գյուղերի խմելու և ոռոգման ջրի մատակարարման միակ աղբյուրը Շնող գետն է, որը կարող է աղտոտվել հանքահանման արդյունքում:

Կարևորվում է`

• հաշվի առնելով բուսական համակեցություններին սպառնացող վտանգը՝ անհրաժեշտ է հստակ կերպով կատարել կառավարության կողմից նախատեսված բոլոր տեխնոլոգիական միջոցառումները
• հաշվի առնելով ներկա համաշխարհային ‎ֆինանսական ճգնաժամը և լեռնարդյունաբերության անկումը՝ անհրաժեշտ է վերանայել Թեղուտի հանքավայրի շինարարության նպատակահարմարությունը և դադարեցնել անտառհատումները տվյալ տարածքում:

Սկզբունքորեն անբավարար է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակը: Այդ տարածքների սահմանները պարբերաբար անհիմն կերպով փոփոխության են ենթարկվում, թույլ է հսկողությունը, էկոտուրիզմի համար մշակված երթուղիները վտանգում են կենդանիների և բույսերի պահպանությունը: Ազգային պարկերում պահպանվող տարածքների տոկոսը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

Կարևորվում է`
• բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարության կատարելագործման համար ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով տարբեր նախարարությունների և գիտական կազմակերպությունների մասնագետներին
• խստացնել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը առնչվող օրենսդրությունը
• բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանների փոփոխությունները կատարել միայն բուսաբան և կենդանաբան մասնագետ փորձագետների եզրակացության հիման վրա
• հաշվի առնելով Հայաստանի համար կարևոր չորային գոտու կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը՝ նպատակահարմար է, որպեսզի նախագծվող «Արևիկ» ազգային պարկի տարածքը ընդգրկի Մեղրի քաղաքից մինչև նախկին Նյուվադի գյուղի ճանապարհի վերին հատվածը:

Կենսաբազմազանության պահպանության կարևոր բաղադրիչներից մեկն է բնակչության տեղեկատվության ընդլայնումը և էկոլոգիական կրթության բարելավումը:

Կարևորվում է`
• հանրային տեղեկատվության միջոցների լայնորեն օգտագործմամբ բնակչությանը հանրամատչելի եղանակներով տեղյակ պահել Հանրապետության էկոլոգիական վիճակի մասին
• բարձացնել մանկավարժների բնաբահպանական գիտելիքների մակարդակը ` պարբերաբար կատարելագործման միջոցով
• մատաղ սերնդի էկոլոգիական դաստիարակությունը սկսել մանկապարտեզներից՝ ավելի խորացնելով դպրոցներում:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը մեծ փորձ ունի բարձրարժեք գեղազարդ բուսատեսակների տնկանյութի արտադրության և Հայաստանի քաղաքների և բնակավայրերի կանաչապատման բնագավառում: Ուստի անհրաժեշտ է այդ փորձի օգտագործումը ներկա էտապում:

Դեկտեմբեր 09, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր