

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի մասնաճյուղի տեսախցիկները «Խոսրովի արգելոցում» ֆիքսել են մայր գորշ արջի՝ իր վեց ամսեկան քոթոթների հետ զբոսանքը: Գորշ արջը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Գորշ արջերը Հայաստանում սովորաբար ծնունդ են տալիս 1-3 քոթոթի՝ հիմնականում դեկտեմբերի վերջից հունվարի սկիզբն ընկած ժամանակահատվածում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեսախցիկը ֆիքսել է նաև կարմիրգրքյան Նեո ընձառյուծին, որն արգելոցը չի լքում շուրջ 5 տարի: Ըստ WWF-Հայաստանի հաղորդագրության՝ սա կազմակերպության կողմից գրանցված ընձառյուծի բնակության ամենաերկար դեպքն է Հայաստանում:
Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ «Դիլիջան» ազգային պարկում՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում» ծնվել է 2023թ. առաջին ձագուկը: Հիշեցնենք, որ 2013թ. ի վեր WWF-Հայաստանի և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է կարմիրգրքյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ 2022թ. հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկում տեղի է ունեցել ծրագրի առաջին 3 ազնվացեղ եղջերուների բացթողումը բնություն:
Հունիս 08, 2023 at 15:52