Հայաստանը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Բնապահպանի օրը

Հայաստանը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Բնապահպանի օրը

Հունիսի 5-ին աշխարհը տոնում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։ 1972թ. հունիսի 5-ին իր աշխատանքը սկսեց Ստոկհոլմի համաժողովը՝ նվիրված շրջակա միջավայրի խնդիրներին։ Այս ամսաթիվն էլ ընտրվեց ՄԱԿ-ի կողմից՝ նշելու շրջակա միջավայրի ամենամյա համաշխարհային օրը: Նույն համաժողովի ընթացքում որոշվել է ստեղծել Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը (UNEP)։ Հունիսի 5-ը համաշխարհային բնապահպանական գլխավոր տոնն է, իսկ 2004թ.-ից Հայաստանում այն նշվում է նաև որպես Բնապահպանի օր: 

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Պայքար պլաստիկով աղտոտվածության դեմ»: 2023թ. միջոցառումների հյուրընկալող կողմը աֆրիկյան Կոտ դ'Իվուարի Հանրապետությունն է: 

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝ աշխարհում տարեկան արտադրվում է ավելի քան 400 միլիոն տոննա պլաստիկ, որի կեսը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար։ Դրանցից 10%-ից պակասն է վերամշակվում: Տարեկան շուրջ 19-23 միլիոն տոննա պլաստիկ հայտնվում է լճերում, գետերում և ծովերում:

Միկրոպլաստիկը մինչև 5 մմ տրամագծով մանր պլաստիկ մասնիկներ են, որոնք հայտնվում են սննդի, ջրի և օդի մեջ: Ըստ գնահատականների՝ մոլորակի յուրաքանչյուր մարդ տարեկան կլանում է ավելի քան 50,000 պլաստիկե մասնիկ:

Պլաստիկը վնասում է մարդու առողջությունը, վտանգում կենսաբազմազանությունը, աղտոտում է բոլոր էկոհամակարգերը՝ լեռների գագաթներից մինչև օվկիանոսի հատակը: Ամեն տարի շուրջ 11 միլիոն տոննա պլաստիկ թափոն է հայտնվում օվկիանոսներում։ 2040 թվականին այս ցուցանիշը կարող է եռապատկվել։ Ավելի քան 800 կենդանատեսակներ տուժում են պլաստիկով աղտոտումից՝ կուլ տալու, խճճվելու և այլ վտանգների պատճառով:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա պաշտոնական կայքում հրապարակվել է մի տեսահալովակ, որում կոչ է արվում կառավարություններին և բիզնեսին հստակ քայլեր ձեռնարկել, ստանձնել պարտավորություններ և ներդնել նոր չափանիշներ՝ ուղղված պլաստիկի քանակի նվազեցմանն ու երկրորդային օգտագործմանը: 

Մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական միության զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործուղությունների ծրագրի շրջանակներում մշակվել է «Պոլիմերային միանգամյա օգտագործման ապրանքների առանձին տեսակների ներմուծման և արտադրության փուլային արգելքի ներդրման նպատակահարմարության սոցիալ-տնտեսական վերլուծության նախապատրաստում» զեկույցը։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանում տարեկան առաջանում է 6000 տոննա պլաստիկ թափոն, որից վերամշակվում է միայն 25 տոկոսը: 

2022թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով արգելվում է առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը։  Այժմ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է արգելել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների վաճառքը:

Լուսանկարները՝ Վիկտորիա Բուռնազյանի

Հունիս 05, 2023 at 15:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր