Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալն Արարատյան դաշտում 2023թ. աճել է 59 %-ով նախորդ տարվա համեմատությամբ: Այս մասին հայտնում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը:
NABU-Հայաստանը 2023թ. իրականացրել է սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքներ Արարատյան դաշտում՝ Արարատի և Արմավիրի մարզերում: Սպիտակ արագիլների փետուրների նմուշները փորձաքննության են ենթարկվել գերմանական և հայկական քիմիական վերլուծական լաբորատորիաներում:
Ըստ աղբյուրի՝ այս տարի աղտոտում է նկատվել այնպիսի բնակավայրերում, որտեղ մինչ այս աղտոտված թռչուններ առհասարակ չեն դիտարկվել: Աղտոտված արագիլների տոկոսը Արարատյան դաշտում, ըստ բների, կազմում է 58․1% (18․5% աճ` 2022թ. համեմատ), մասնավորապես՝ Արմավիրի մարզում աղտոտվածության աստիճանը հասնում է 51․9%-ի (16․6% աճ` 2022թ. համեմատ), իսկ Արարատի մարզում՝ 65․8%-ի (19․2% աճ` 2022թ. համեմատ):
Ըստ հաղորդագրության՝ աղտոտման ինտենսիվությունը թուլացել է. նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ են հանդիպում աղտոտվածության «բարձր» աստիճան ունեցող թռչունները, սակայն ավելի շատ՝ «միջին» աստիճան ունեցողները: «Նման ցուցանիշի պատճառ կարող է լինել նաև 2022թ. համեմատությամբ 2023թ. ավելի «ցուրտ կլիման»: Հաշվառումը ևս մեկ անգամ ընդգծեց արագիլների աղտոտման հիմնախնդրի արդիականությունը: Հիմնախնդիրը ցույց է տալիս Արարատյան դաշտում բնական, հատկապես՝ ջրային էկոհամակարգի խաթարումը, ինչը բացասաբար է ազդում նաև մարդկանց առողջության վրա»,- նշում են վերլուծության հեղինակները։
Հուլիս 14, 2023 at 15:17