«Սևան» ազգային պարկի սոճիները չորանում են. խնդրի լուծման քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

«Սևան» ազգային պարկի սոճիները չորանում են. խնդրի լուծման քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիները շարունակում են չորանալ: Նեմատոդոզ հիվանդությունն օրեցօր նոր տարածքներ է «գրավում»: Այս մասին նշվեց օրերս Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ կազմակերպված քննարկման ժամանակ: «Պետք է հասկանալ՝ ինչպես լուծել խնդիրը, որոշում կայացնել: Ժամանակը մեր և բնության դեմ է աշխատում»,- ասաց Հակոբ Սիմիդյանը: 

Հանդիպմանը մասնակցում էին «Սևան» ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վերջին տվյալներով պարկում սոճու՝ ամբողջությամբ չոր 8269 ծառ կա: Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ չորացման գնացող ծառերը շուրջ 10.000 են: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Սասուն Գալստյանը նշեց, որ ծառերի չորացման հիմնական վնասատուն նեմատոդ բզեզն է, բայց այդ վարկածն ամբողջությամբ հաստատված չէ: 

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Տիգրան Ղռեջյանը նշեց, որ այս վնասատուների դեմ պայքարի հստակ մեթոդ չկա, քանի որ դրանք ինվազիվ և շատ ճկուն տեսակներ են: Ըստ գիտնականի՝ նեմատոդոզ հիվանդության տարածմանը նպաստել է նաև նախորդ ձմեռը: «Ձմեռը եղել է շատ ցուրտ, բայց Սևանի ավազանում շատ քիչ տեղումներ եղան: Դա խթան կարող է լիներ, որ բզեզն ավելի ակտիվանա»,- բացատրեց նա: 

Տիգրան Ղռեջյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Ռուսաստանի Դաշնությունից իրենց գործընկերներն այցելելու են «Սևան» ազգային պարկ՝ վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից նոր նմուշներ հավաքագրելու և դրանք Ռուսաստանում սեքվենավորելու նպատակով: «Մեծ քանակությամբ նմուշ կհավաքեն, սեքվենավորում կիրականացվի, մենք էլ սեքվենները կնայենք, որպեսզի հասկանանք՝ միայն նեմատոդնն է, թե ուրիշ բաներ էլ կան»,- նշեց նա: Գիտական այս հետազոտության արդյունքները ձմռանը միայն պատրաստ կլինեն: Ըստ Տիգրան Ղռեջյանի՝ ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են սոճուն վնասող սնկեր ևս: «Գործ ունենք կոմպլեքս հարձակման հետ»,- ընդգծեց նա:

Որպես խնդրի լուծման կարևոր բաղադրիչ՝ Տիգրան Ղռեջյանը կարևորեց չորացող սոճուտների համար վնասատուների տարածվածության և բաշխավածության կադաստրի ստեղծումը: Վերջինս նաև նկատեց, որ Սևանա լճի ռեկրեացիոն գոտիներում շինարարության ժամանակ հիմնականում օգտագործվում է սոճու ներկրվող բնափայտ, որում նեմատոդոզով վարակված բզեզներ են հայտնաբերել: 

Նախարարը նշեց, որ մինչև ձմեռ ժամանակ չունեն և արդյունքներն ավելի արագ ստանալու հարցում աջակցության մասին ակնարկեց: «Մեծ ռիսկ եմ տեսնում, որ խնդրի լուծումը ծառահատումներն են, դա ամենանցանկալի որոշումն է»,- ասաց Հակոբ Սիմիդյանը: 

Նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը նշեց, որ աշխատանքը պետք է տարվի մի քանի ուղղությամբ: «Պետք է նախ հասկանալ, թե ինչու մի տեղ վարակվում է, մի տեղ՝ ոչ: Անհրաժեշտ է տնկել լայնատերև ծառատեսակներ: Մյուս հարցն այն է, թե ինչպես անել, որ վարակված սոճիները հատելուց հետո մակաբույծները չտարածավեն և միաժամանակ ուսումնասիրել՝ կենսաբանական պայքարի միջոց կա՞ այս բզեզների դեմ»,- նշեց նա: 

Հայաստանում սոճենու երեք տեսակ է աճում՝ ղրիմյան, կովկասյան և սովորական: Ըստ «Անտառների կայուն կառավարում» բնապահպանական ՀԿ-ի փորձագետ Այսեր Ղազարյանի՝ սովորական սոճին բավականին խոցելի է և պետք է աստիճանաբար հանվի, քանի որ տնկարկների վարակման ռիսկ նույնպես կա: Արդեն վարակված ծառերի վերաօգտագործման համար վերջինս առաջարկեց բրիկետներ ստեղծելու գաղափարը: «Անհրաժեշտ են նաև խնամքի հատումներ, որից հետո պետք է տրանսֆորմացիոն ծրագիր իրականացնել՝ լայնատերև տեսակներ՝ կաղնի, հացենի տնկել: ՀԿ-ներին ևս պետք է հրահանգվի հրաժարվել դրսից բերված սովորական և ղրիմյան սոճուց: Ժամանակի ընթացքում տնկարկներում սոճի տեսակը փոխել, ինքը շանս չունի: Տնկարներում կարելի է կովկասյան սոճի աճեցնել: Մյուս կողմից այն տարածքներում, որտեղ քիչ է վարակվածությունը, կարելի է քիմիկատներ կիրառել»,- նշեց նա:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ատոմ Գրիգորյանը նշեց, որ կարող են հեռազննման միջոցառումներ իրականացնել՝ արբանյակային պատկերների միջոցով պարզելու սոճիների չորացման պատկերը:

Հաշվի առնելով հնչած առաջարկությունները՝ Հակոբ Սիմիդյանն առաջարկեց հստակ քայլերի պլան մշակել, համապատասխան մասնագետներով աշխատանքային խումբ կազմել, որը սահմանված ժամկետներում խնդրի լուծման առաջարկներ կներակայացնի: «Կլիմայի փոսփոխության մեղմումն ու անտառների պահպանությունը պետք է մեր խնդիրը դառնա»,- նշեց նա: 

Հիշեցնենք, որ սոճիների չորացումը նկատվել է 2017թ-ից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: 



Հուլիս 07, 2023 at 12:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր