Նոր նախաձեռնություն ԼԻԼԱ ծրագրի շրջանակներում․ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Վայոց ձորի և Սիսիանի 3 շահառու համայնքներին փոխանցվեցին ֆոտովոլտային հիբրիդ շարժական կայաններ։
Կայանները կարող են աշխատել ինչպես ցանցին միացած տարբերակով, այնպես էլ ինքնավար ռեժիմում՝ հոսանք ապահովելով հեռագնա արոտներում, աշխատացնելով կթի ագրեգատներ, մեղրաքամ սարքեր և էլեկտրական հովիվներ։ Պարզ կոնստրուկցիայի շնորհիվ այն կարող է արագորեն հավաքվել և տեղափոխվել ցանկացած վայր՝ նույնիսկ մասնագիտական որակավորում չունեցող ֆերմերների կողմից։
Յուրաքանչյուր սարք համալրված է 2,2 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային մարտկոցով, 3 Կվտ դրվածքային հզորությամբ հիբրիդ ինվերտորով և 300 ԱԺ գելային մարտկոցով։ Մեկական կայաններ կփոխանցվեն Հերմոն, Վերնաշեն և Շաղատ բնակավայրեր, իսկ 4 կմնան Շատինում՝ աջակցելու մարդու և վայրի կենդանիների միջև կոնֆլիկտի մեղմացմանը։
Մինչև սարքերի հանձնելը «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրենն իրականացրել է ապագա շահառուների վերապատրաստում։ Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ կողմից ֆինանսավորվող և ԼԻԼԱ ծրագրի կողմից համաֆինանսավորվող «Ինքնավար-հիբրիդայաին արևային էլեկտրակայանների կիրառումը որպես ճգնաժամից տուժած բնակչության կենսապահովման բարձրացման միջոց» ծրագրի շրջանակներում։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ ՌԶԳ հետ համագործակցությամբ։
WWF-Հայաստան
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով երկրի գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը օժանդակում և փոխլրացվում է «Հարավայում Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի կողմից, որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությանը (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով և իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակը (Հայաստանում՝ WWF-Հայաստան):
Հուլիս 18, 2023 at 13:45